Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորականության ամենակարկառուն դեմքերին։ Սակայն տվյալ պարագայում համեմատությունը սոսկ արտաքին է ու մակերեսային։ Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով։

Մինչեւ բուն նյութին անցնելը, ավելորդ չեմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել հուշապատմական մի պատառիկ։ Խորհրդարանական մղձավանջի հաջորդ առավոտյան ինձ զանգահարեցին Պաշտպանության նախարարությունից, հրավիրելով մասնակցել բանակի ղեկավարության եւ քաղաքական ուժերի միջեւ նախատեսված մի խորհրդակցության։ Ես կտրականապես մերժեցի, եւ խոսակիցներիս խստորեն սաստելով, ասացի մոտավորապես հետեւյալը. «Բանակի ի՞նչ գործն է խառնվել քաղաքականությանը եւ միջամտել երկրի ներքին գործերին։ Դուք բոլորովին ուրիշ առաքելություն ունեք, այն է՝ ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ կանխել երկրին սպառնացող վտանգները»։ Չբավարարվելով այդքանով, ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ եւ միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց ինձ եւ շնորհակալություն հայտնեց այդ առթիվ։ Դա իշխանափոխությունից հետո իմ եւ Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր։ Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու եւ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը։ Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռքբերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության Մութալիբովից – Էլչիբեյին եւ Էլչիբեյից – Ալիեւին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով։ Ուստի Ադրբեջանը չէր կարող չմտածել Հայաստանի նմանօրինակ վիճակից օգտվելու հնարավորության մասին։ Այսքանն՝ իմիջիայլոց։ Իսկ այժմ վերադառնանք օրվա ողբերգական թեմային։

Առաջին հայացքից բոլորին թվում էր, թե հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումն առանձնապես դժվարություն չպետք է ներկայացնի։ Ոճրագործությունը կատարվել էր հարյուրավոր պատգամավորների եւ