Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առջեւ, բուն կատարողները ոչ միայն հայտնի էին, այլեւ կալանավորված, ուստի անհնար էր պատկերացնել, թե ի՞նչը պիտի խանգարեր անաչառ քննությանն ու դատավարության ընթացքին։ Այս ամենը, սակայն, միայն առաջին հայացքից։ Շատ շուտով մենք ազգովին ականատեսը եղանք չափազանց արտառոց մի երեւույթի։ Հանրապետության նախագահն, իր բացահայտ միջամտություններով, ոչ միայն ամեն ինչ արեց հետաքննության եւ դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու ուղղությամբ, այլեւ փաստորեն վիժեցրեց դավադրության հնարավոր կազմակերպիչների բացահայտման գործը։

Նման հնչեղություն ունեցող ոճրագործությունների պարագայում ամենուրեք, հասարակական կարծիքի տրամաբանությամբ, կասկածները սովորաբար ընկնում են իշխանությունների վրա։ Ուստի երկրի նախագահն ամենաշահագրգռվածը պետք է լիներ հեռացնելու համար իրենից այդ կասկածները։ Եթե նա չուներ որեւէ այլ մոտիվացիա, ապա պետք է բացարձակ ազատություն տար քննչական եւ դատական մարմիններին, հրավիրեր աշխարհի լավագույն փորձագետներին եւ ապահովեր դատավարության լիակատար հրապարակայնությունն ու թափանցիկությունը։ Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Նախագահը զինվորական դատախազին արգելեց հանդես գալ խորհրդարանում, իսկ հետո ընդհանրապես հեռացրեց գործի վարույթից; աշխատանքից ազատեց գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին, նրա փոխարեն նշանակելով ռեժիմի հավատարիմ գործիք Աղվան Հովսեփյանին; հրապարակային ճնշումներ բանեցրեց տուժող կողմի պաշտպանների վրա, նրանցից մեկին մասնավորապես կոչելով «բոմժ»; վերեւների թելադրանքով դատարանը կարճեց կազմակերպիչների գծով գլխավոր կասկածյալ Ալեքսան Հարությունյանի գործը; որից հետո համաներման պատրվակով ազատ արձակեց նաեւ վեց այլ ամբաստանյալների եւ այլն։ Այսինքն, կամա թե ակամա, Քոչարյանը բոլոր կասկածներն ուղղեց իր դեմ, ինչը նշանակում է, որ այդպիսի ռիսկի գնալու համար նա լուրջ պատճառներ պետք է ունենար։ Հոկտեմբերի 27-ի գործում դատարանների թույլ տված ամենակոպիտ օրինախախտումները հետեւյալ երկուսն են.