Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մագոգիայով եւ պոպուլիզմով։ Եւ այսուհետեւ էլ չեմ պատրաստվում դավաճանել այդ սկզբունքներին։ Թո՛ղ դա դիտվի որպես ոչ շահավետ քաղաքական վարքագիծ։ Թո՛ղ ազդի իմ վարկանիշի վրա։ Ես այն եմ, ինչ կամ ու լինելու եմ։ Այդպիսին էի ես նաեւ 1988-ին, եւ դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը։ Համոզված եմ, այս անգամ եւս կհասկանաք ու կվստահեք։

Այս ակամա քնարական զեղումից հետո, կրկին վերադառնանք Ղարաբաղի խնդրին։ Եռանախագահության կողմից ներկայումս շրջանառության մեջ դրված ոչ-պաշտոնական փաստաթուղթը, որին «սկզբունքորեն» համաձայնել է Հայաստանը, ոչ այլ ինչ է, եթե ոչ տաս տարի առաջ մերժված փուլային տարբերակը։ Այսպիսով, Հայաստանի ներկա իշխանություններն, այդքան տարիներ կորցնելուց ու դիվանագիտական աճպարարություններից (Վանոն կասեր՝ մայմունություններից) հետո, ինչի հետեւանքներն, ինչպես տեսանք, ավերիչ են, սուսիկ-փուսիկ համաձայնել են մի ծրագրի, որը ժամանակին ջանադրաբար ներկայացնում էին որպես պարտվողական, դավաճանական եւ այլն։ Դա կարող է ունենալ երկու բացատրություն. կա՛մ սա մեր իշխանությունների հերթական բլեֆն է՝ միտված նորից ձգձգելու հարցի լուծումը, կա՛մ էլ, եթե ավելի լավատեսորեն գնահատենք, նրանք վերջապես հասկացել են, որ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կողմերի տրամագծորեն հակադիր դիրքորոշումների պատճառով, կարգավորման փուլային տարբերակն, ինչպես անցյալում, այսօր էլ այլընտրանք չունի։

Համանախագահների մշակած խնդրո առարկա փաստաթղթում, կողմերի դեմքը փրկելու համար, ավելացված է միայն մի անորոշ կետ Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի կամ ժողովրդական հարցման՝ պլեբիսցիտի մասին։ Փաստաթուղթն իբրեւ թե համաձայնեցված է շուրջ 99 տոկոսով, եւ մնում է ընդամենը մի քանի մանրամասն, որոնց առնչությամբ կողմերը դեռեւս չեն հարթել իրենց տարաձայնությունները։ Մանրամասնություն կոչվածները, սակայն, կարող են այնքան սկզբունքային լինել, որ չհաղթահարվեն դեռեւս երկար ժամանակ։ Ադրբեջանը, հույսը դրած նավթադոլարների վրա, բոլորովին չի շտապում, իսկ Հայաստանը, չգիտես ինչին ապավինած, հարցը լուծելու անհրաժեշտ կամք չի դրսեւորում։ Ավելին, լուրջ հիմքեր կան պնդելու, որ եթե հարթ