Jump to content

Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են անգամ բոլոր տարաձայնությունները, միեւնույն է, Քոչարյանը, իր սովորության համաձայն, խուսափելով պատասխանատվությունից, փաստաթուղթը չի ստորագրի՝ այդ բեռը բարդելով հաջորդ նախագահի ուսերի վրա։ Մի խոսքով՝ փակուղային մի վիճակ, որում, Քոչարյանից բացի, մեղքի իր բաժինն ունի Վարդան Օսկանյանը, եւ մասամբ՝ Արկադի Ղուկասյանը, որը Ղարաբաղի, որպես հակամարտության լիիրավ կողմի, միջազգային մանդատը զիջել է Հայաստանի նախագահին։

Իրավիճակից դուրս գալու ելքը թեեւ դժվարհաղթահարելի, բայց միանգամայն հստակ է.

Առաջին. նախ եւ առաջ պետք է մաքրել սեփական ախոռները եւ համաժողովրդական հուժկու ալիքով խափանել ներկա հանցավոր ռեժիմի վերարտադրությունը; վերականգնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; անհաշտ պայքար հայտարարել կոռուպցիայի, հովանավորչության, պաշտոնեական չարաշահումների դեմ; ստեղծել հիրավի ժողովրդավարական, իրավական, ազատ եւ արդար պետություն՝ քաջ գիտակցելով, որ Ղարաբաղի ապագան լիովին կախված է Հայաստանի հզորությունից։

Երկրորդ. անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի հարցի կարգավորման նախկին ձեւաչափին, որում Ղարաբաղը ներկայացված էր որպես հակամարտության լիիրավ կողմ։ Հասկանալի է, որ դա անհնար է պատկերացնել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու պարագայում, որը նույնպես ղարաբաղցի լինելով, Քոչարյանի նման հավակնելու է բանակցություններում ներկայացնել նաեւ Ղարաբաղյան կողմը։

Երրորդ. արմատապես հարկ է փոխել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Հայաստանի ներկա իշխանությունների վարած անհեռանկար եւ վտանգավոր քաղաքականությունը, այսինքն՝ խնդրի լուծումը ձգձգելու, ստատուս-քվոն պահպանելու փիլիսոփայությունից անցում կատարել հարցը լուծելու փիլիսոփայությանը։

Եւ չորրորդ. անիմաստ է վախենալ կամ խուսափել փոխզիջումներից, որովհետեւ այլ լուծում բնության մեջ գոյություն չունի։ Քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, հաջող են համարվում միայն այն գործարքները, որոնցից շահում են երկու կողմերը։ Երբ շահում է միայն մեկ կողմը, գործարքն ամենեւին հաջողված կամ տեւական չի կարող լինել։