Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 118 —

կէս ֆրանսիական հացը, կամ բուլկին թրջեցէք կաթնի, կամ ջրի մէջ, ճմռեցէք և գցեցէք մսի մէջ, աւելացրէք մի գդալ եղ, այս բոլորը միասին լաւ խառնելուց յետոյ, միսը դարձեալ ծեծեցէք շատ մանր, պատրաստեցէք 12 հատ կողիկ (տափակ ձուաձև և կամ կլոր), վերան ձու քսեցէք, շաղ տուէք պաքսիմատ, եղի մէջ երկու երեսն էլ տապակեցէք: Մօտ բերելու ժամանակ վերան ճակնդեղի սօուս ածեցէք՝ № 143, կամ ինչ սօուսներ նշանակուած են № 197-ի համար:

204) ԵՓԱԾ ԿՐԾՔԻ ՄԻՍ, ՉԱՄԻՉՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 հատ կրծքի միս (դօշ), կամ 3 ֆ. հորթի միս (առաջի թիակից), 1 նեխուր, 1 պռաս, 1 գազար, ½ մաղդինոս, 1—2 հատ դափնի տերև, (5—10 հատ անգղիական պղպեղ), 1½ գդալ եղ, ½ բաժ. ալիւր, ½ բաժ. քիշմիշ, մի փոքր բաժ. խմելու գինի, ¼ լիմոն, 1—2 կտոր շաքար։

Միջակ մեծութեամբ կրծքի միսը այնպէս կտրտեցէք, որ ամեն մի կտորի մէջ երկու երկու կող մնայ, գցեցէք ջրի մէջ, մի անգամ եփ տուէք, քաշեցէք երեսի փրփուրը (քափը), մսերը դուրս տուէք, նորից սառը ջրի մէջ լուացէք, աղ արէք, ածեցէք վերան իրա քամած մսաջուրը, եփեցէք արմտիքով և համեմունքով, մինչև որ փափկի: Կէս բաժ. ալիւրը տապակեցէք 1½ բաժ. եղի մէջ, բաց արէք 3—4 բաժ. հորթի քամած մսաջրով, մի քանի անգամ եփ տուէք, ածեցէք մէջը կէս բաժակ լուացած և ընտրած քիշմիշ, մի քանի կտոր, սերմերը հանած, լիմոն, 1—2 կտոր շաքար, 1, բաժակ խմելու գինի. ահա այս տեսակ պատրաստած սօուսի մէջ դրէք հորթի միսը, մի անգամ էլ եփ տուէք և մօտ բերէք։

205) ՏԱՊԱԿԱԾ ՀՈՐԹԻ ՈՏ–ԳԼՈՒԽ, ՍՕՈՒՍՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 հորթի գլուխ, 2 ոտ, (կամ առանց գլխի 6 հատ ոտ), 10—15 հատ անգղ. պղպեղ, 2—3 հատ դափնի տերև, 1 գազար, 1 մաղդինոս, 1 նեխուր, 1 պռաս (սոխ), 6 պաքսիմատ (սուխար), 2—3 գդալ եղ և 2 ձու։