Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 156 —

292) ՓԱԼՈՒՍՏԱԿ

2 ֆ. ալիւրը լաւ մաղեցէք, վերան քիչ ջուր շաղ տուէք, նամ տուած ալիւրը մաքուր ձեռքերի մէջ տրորեցէք, այդ փշրած ալիւրը դարձեալ մաղեցէք և մաղի մէջ մնացած մանր խմորը ածեցէք 1 ֆ. տաքացրած եղի մէջ, խաշեցէք մինչև ցամքելը, մաղած ալիւրն էլ ածեցէք մէջը և թոյլ կրակի վերայ, կամաց կամաց իառնելով, եփեցէք։ Որպէս զի իմանք փալուստակը պատրաստէ, թէ ոչ, գդալով դրանից վերցրէք և այդ գդալը խփեցէք ամանի ափին, եթէ տեսնէք որ գդալի մէջ եղը եռ է գալիս՝ կը նշանակէ, արդէն պատրաստ է. կրակից յետ դրէք մի քիչ հովացրէք և ձեր ճաշակով մեղր գցեցէք, իսկ եթէ մեղր չունէք, եփելու ժամանակ, ծեծած շաքար ածեցէք։

293) ՓԱԽԼԱՒԱՅ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 12 ձու, կամ 25 դեղնուց, 3 ֆ. մանր ծեծած շաքար, 2½ ծեծած նուշ, 3 ֆ. մանր ծեծած շաքար, 2 մսխալ հիլ, ¼ ֆ. ֆստուղի (փստայ) միջուկ՝ մանր ծեծած:

Վերև յիշածները բոլորը միասին խառնեցէք, բացի ձուաներից. ձուաները ածեցէք մի հողէ ամանի մէջ, այնքան հարեցէք, որ լաւ փրփրան, խառնեցէք հետը իրան բաւական սպիտակ ալիւր, հունցեցէք, ծածկեցէք և մի ժամուայ չափ թողէք, որ խմորը բարձրանայ. յետոյ շինեցէք մի ձուի մեծութեամբ գնդեր, ձեռքով տափակացրէք և բարակ գրդնակով բաց արէք, մէկ բաց արած գունդը դրեցէք թաւի մէջ, վերան հալած եղ քսեցէք, և շաղ տուէք վերան 2 բուռը այն ծեծած բաներից, և յետոյ երկրորդ բաց արած խմորով ծածկեցէք, դարձեալ եղ քսեցէք և այն բաներից շաղ տուէք և այսպէս շարունակեցէք մինչև բաւական հաստանալը, վերջին երեսին էլ բացարած խմոր փռեցէք։ Ապա այդ բոլորը կտրտեցէք ինչ ձևով կամենաք, օր. կլոր քառանկիւնի և այլն, դարսեցէք թաւի մէջ, վերան 2 ձու կոտրեցէք, կողքերին 1 ֆ. հալած մեղր գցեցէք, իսկ արանքների մէջ՝ 1 ֆ. եղ. դրէք փուռը և մի քիչ տաքանալուց յետոյ երեսին գոյնզգոյն խաշխաշ և սարուշաքար շաղ տուէք։ Եթէ երեսի ձուն եփուած է, կը նշանակէ փախլաւան էլ պատրաստ է։