Jump to content

Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երևի, Էմիլը շատ անգամ եղել է այստեղ ուրիշ կանանց հետ, բայց այժմ դա իր համար միևնույն էր։

Նրանք բաժակները իրար խփեցին ու խմեցին։ Էմիլը գրկեց ու համբուրեց նրան։ Այդ համբույրը մի բան հիշեցրեց Բերտային... Բայց ի՞նչ... Նրա այն ժամանակվա, ջահիլ օրերի համբույրնե՞րը... Հանգուցյալ ամուսնի՞ համբույրները։ Ոչ... Հանկարծ նա հիշեց, իսկ և իսկ այդպես համբուրեց իրան նորերս Ռիխարդը։

Սպասավորը միրգ ու խմորեղեն բերեց։ Էմիլը Բերտայի ափսեի վրա խաղող ու արմավ դրեց։

— Դու ինչո՞ւ ես լռում,— հարցրեց Բերտան։ — Ինչո՞ւ միայն ինձ ես ստիպում խոսելու։ Չէ՞ որ դու կարող ես այնքան բան պատմել ինձ։

— Ես,— նա դանդաղ կերպով խմում էր գինին։

— Իհա՛րկե, հենց թեկուզ քո ճանապարհորդությունների մասին։

— Աստվա՜ծ իմ, բոլոր քաղաքները իրար նման են։ Եվ հետո, մի մոռանար, որ ես ախր շատ սակավ եմ իմ սեփական բավականության համար ճանապարհորդում։

— Այո, իրավ որ...— Բերտան այդ րոպեին բոլորովին մոռացել էր, որ իրա կողքին նստած է հռչակավոր ջութակահար Էմիլ Լինդբախը։ Նա իր պարտքը համարեց ասելու. — դու այս օրերս նվագելո՞ւ ես այստեղ, չէ՞։ Ես շատ կուզեի լսել քո նվագը...

էմիլը չոր ձայնով պատասխանեց.

— Աշխարհիս երեսին ոչ ոք չի կարող քեզ արգելել։

Սակայն Բերտայի մտքովն անցավ, որ իսկապես, ավելի հաճելի կլիներ լսել նրան ոչ թե համերգում, այլ այնպիսի պայմաններում, որ էմիլը միայն իր համար նվագեր։ Նա քիչ մնաց, որ ասեր այդ, բայց նրան զսպեց այն, որ դա կնշանակեր, թե ինքը ուզում է Էմիլի բնակարանում լինել։ Բայց, ո՞վ գիտե, գուցե առանց այդ էլ ինքը շուտով կգնա նրա մոտ։ Բերտան իրան առանձնապես թեթև էր զգում, որ սովորաբար լինում էր, երբ նա գինի էր խմում։ Սակայն սա այնքան էլ այնպես չէ, ինչպես միշտ, սա ոչ թե սովորական հարբեցում է, այն մի ավելի լավ, ավելի գեղեցիկ բան է։ Սա մի երկու կաթիլ

119