Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նալու։ Նա մտաբերեց, թե ինչպես Էմիլը հրաժարվում էր իրա համար նվագել, կարծես չէր ուզում Բերտային մասնակից անել իր ինտիմ կյանքին։ Նա նախամտածված կերպով աշխատեց օտար մնալ Բերտային իր լավագույն կողմով, հոգեկան ու մտավոր կողմով։ Բերտան հասկացավ, որ ոչինչ կար ընդհանուր իր և Էմիլի մեջ, բացի մի միակ գիշերի զվարճությունը, և որ այս առավոտ արդեն նրանք օտար էին միմյանց, որպես բոլոր անցած տարիները։

Եվ նորից խանդոտություն էր զգում Բերտան: Բայց այժմ թվում է, որ նրա մեջ միշտ ապրում էր այդ զգացումը։ Սեր, անհավատություն, հույս, զղջում ու կիրք... Եվ իր կյանքում առաջին անգամ զգաց նա մի առանձին ուժով, թե ինչո՞ւ մարդիկ հուսահատ ու կասկածներից տանջված՝ պատուհաններից ցած են նետում իրանց։ Նա հանկարծ զգաց, որ չի կարող տանել այդ, և միմիայն ճշմարտությունը կարող է թեթևացնել իրան... Նա պետք է գնա Էմիլի մոտ, պիտի հարցնե նրան... հարցնե վճռական կերպով և ինչ էլ որ լինի՝ պատասխան պիտի ստանա... Շտապով նա դուրս է գալիս փողոց, որը այժմ գրեթե դատարկ է, կարծես ամբողջ Վիեննան քաղաքից դարս է եկել։ Արդյոք տանը կգտնի՞ նրան։ Գուցե նա զգում է, որ ինքը պիտի գա պատասխան պահանջելու և արդեն միջոցներ է ձեռք առել... Բերտան նույնիսկ ամաչում է, որ այդպիսի բան մտքովն անցկացրեց։ Եթե նա տանը լինի, արդյոք մենակ կլինի և արդյոք կընդունե՞ իրան։ Եվ եթե Բերտան գտնի նրան, անգա՞մ մի ուրիշի գրկում, մի՞թե իրավունք կունենա մի բան ասելու։ Մի՞թե Էմիլը իրան խոսք է տվել, մի թե երդվել է հավատարիմ մնալու։ Եվ մի՞թե ինքը այդպիսի բան պահանջել է Էմիլից։ Մի՞թե ինքը երևակայում էր, որ Էմիլը կսպասե, մինչև որ ինքը շնորհավորի նրա սպայիական շքանշան ստանալը։ Էմիլը իրավունք ունի իրան ասելու. «Դու ինքդ իմ վզովն ընկար և ուրիշ ոչինչ չէիր էլ կամենում, բացի այն, որ ես վերցնեմ քեզ այնպես, ինչպես կաս...»։ Եվ եթե իրան հարցնե, մի՞թե ինքը՝ Բերտան չի գտնի, որ Էմիլը արդարացի է։ Մի՞թե ինքը լոկ նրա համար չեկավ, որ Էմիլի սիրուհին դառնա։ Միայն դրա համար։ Մոռացած բոլոր անցյալը և առանց ապագայի մասին մտածելու,

139