նանտ Գուսալը» գերմաներենից թարգմանել է Ավետիք Իսահակյանը, մյուս երեք գործերը՝ Պ. Մակինցյանը։ Իսկ «Տիկին Բերտա Գարլանը», որն, ի դեպ, գրավում է հատորի ծավալի կեսը, Վ. Տերյանը թարգմանել է ոուսերեն հրատարակությունից (վերջինս զետեղված է գրողի երկերի ռուսերեն հրատարակության 4-րդ հատորում, 1905, թարգմանիչը չի նշված)։ Վահան Տերյանի այս թարգմանության մասին խմբագիրը հարկ է համարել վերջում հատուկ ծանոթագրությամբ հայտնել հետևյալը.
«Ներկա հատորում զետեղված բոլոր գրվածները թարգմանված են գերմաներենից, բացի «Տիկին Բերտա Գարլանից», որ թարգմանված է ռուսերենից։ Սակայն բացի այն, որ ռուսերենը շատ մոտ է բնագրին, գրքիս խմբագրողը ուշի-ուշով համեմատել է այդ թարգմանությունը գերմաներեն տեքստին և ուղղել շեղումները, այնպես որ, ըստ հարազատության, այդ թարգմանությունը ոչնչով չի զանազանվում մյուսներից» (Արթուր Շնիցլեր, Երկերի ժողովածու, առաջին հատոր, Մոսկվա, 1912, էջ 379)։
Սա խիստ կարևոր վկայություն է, որը պետք է նկատի ունենալ Տերյանի թարգմանությունը գնահատելիս։
Ինչպես երևում է բանաստեղծի նամակներից, նա այս թարգմանության վրա աշխատել է 1912 թ. հունիս-հուլիս ամիսներին, երբ ապրում էր Ստավրոպոլում, իր կնոջ՝ Սուսաննա Պախալովայի ծնողների տանը։ Այսպես, հունիսի 27–ին նա Ց. Խանզադյանին հաղորդում էր. «Ամբողջ օրերով «Բերտա Գարլան» եմ թարգմանում։ Օրերը բավական ձանձրալի են»։ Իսկ հուլիսի 1-ին Հովսեփ Կուսիկյանին նա գրում էր. «Մինչև այժմ գրեթե միմիայն «Բերտա Գարլանի» թարգմանությամբ էի զբաղված, որպեսզի ժամանակին հանձնեմ մեր Պաոլո-Իտալացուն (= Պ. Մակինցյանին) վասն «Պանթեոնի»։ Օգոստոսի 7-ին Ց. Խանզադյանին գրած նամակից իմանում ենք, որ Տերյանը ինչ-որ իմաստով դժգոհ է եղել իր թարգմանությունից. «Ամառս գրեթե ոչինչ չկարողացա անել, թացի «Բերտա Գարլանի» թարգմանությունը, որը նույնպես անհավաս եմ կատարել։ Ինքս էլ չեմ հասկանում՝ ի՞նչ է պատահել ինձ» (տե՜ս Վահան Տերյանի երկերի ժողովածուի 4-րդ հատորը, 1979, էջ 41-47)։