Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նստած էր սեղանի մոտ պատկերների թղթակալը առջևը դրած։ Կախովի լամպը լուսավորում էր նրան։ Նա գլուխը բարձրացրեց և, Բերտայի բարևին պատասխանելով, ասաց.

— Դուք դեռ երեկ չէ առաջին օրն եք եկել։

Բերտան մեղավոր զգաց իրան։ Ռուպիուսի խոսքերում մի կշտամբանք զգաց նա։

— Դեհ, նստեցեք,— շարունակեց Ռուպիուսը,— և պատմեցեք, տեսնեմ՝ ի՞նչ եք տեսել քաղաքում։

— Ոչինչ։ Եղա մուզեյում, տեսա և ճանաչեցի ձեր այդ նկարներից մի քանիսը։

Ռուպիուսը չպատասխանեց։

— Ձեր կինը երեկոյա՞ն է վերադառնալու։

— Չեմ կարծում։ — Նա լռեց, ապա մի միտումնավոր սառնությամբ ավելացրեց.— ես պետք է ներողություն խնդրեմ ձեզանից, որ վերջին անգամը այնքան ավելորդ բաներ ասացի ձեզ, որոնք ձեզ համար չէին կարող հետաքրքրական լինել։ Սակայն չեմ կարծում, որ կինս այսօր վերադառնա։

— Նա ինքն ասաց ինձ։

— Ինձ ևս։ Նա ուղղակի ուզում էր ինձ հրաժեշտից ազատել, ավելին կասեմ՝ հրաժեշտի կատակերգությունից։ Ես չեմ ուզում դրանով մի վատ բան ասած լինել։ Ես աչքի առաջ ունեմ միայն խղճալի խոսքերը, արցունքները և այն ամենը, ինչ հրաժեշտի հետ է կապված... Դեհ, բավական է դրա մասին... Դուք մերթ ընդ մերթ կգա՞ք ինձ մոտ։ Ես շատ մենակ կզգամ ինձ առանց կնոջս։

Կտրուկ տոնը, որով նա խոսում էր, չէր համապատասխանում նրա արտասանած խոսքերին, այնպես որ Բերտան չգիտեր, ինչ պատասխանե։ Ռուպիուսը հարցրեց.

— Էլ ի՞նչ տեսաք, մուզեյից բացի։

Բերտան մանրամասն պատմեց իր Վիեննա գնալը, հիշեց մինչև անգամ, որ Ֆալկենբորդի նկարի մոտ հանդիպեց իր մի ծանոթին, որին մի քանի տարի չէր տեսել։ Եվ քանի այդպես էր խոսում Էմիլի մասին, կարծես նա կողմնակի, օտար մի մարդ լիներ, իր հոգում Էմիլի կարոտն էր աճում և, վերջիվերջո, իր մտքում վճռեց այսօր նորից մի նամակ գրելու։

158