Jump to content

Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերտան ցնցվեց, և նրան թվաց, թե քնից է արթնացել։ Նա աչքերը բաց արեց։ Թվում էր, թե օդը մի աղմկոտ շարժման մեջ է։ Փողոցը գրեթե կիսով չափ ստվերի մեջ էր։ Վերը, բլուրի վրա, գերեզմանատան ցանկապատն այլևս չէր պսպղում։ Բերտան մի քանի անգամ գլուխն արագ-արագ դեսուդեն շարժեց, կարծես բոլորովին արթնանալու համար։ Նրան թվում էր, թե նստարանի վրա նստելուց հետո մի ամբողջ օր ու գիշեր է անցել։ Ինչի՞ցն է, տեսնես, որ ժամանակն այսպես խառն ու շփոթ է լինում։

Նա իր շուրջը նայեց։ Ո՞ւր է երեխան։ Այնտեղ, իր ետևում, Ֆրիդրիխի երեխաների հետ խաղում է։ Նաժիշտը նրանց հետ չոքած՝ օգնում է ավազից ամրոց շինելու։ Խճուղին այժմ ավելի մարդաշատ է դարձել։ Բերտան գրեթե բոլորին ճանաչում էր։ Նա ամեն օր նույն մարդկանցն էր տեսնում։ Բայց, որովհետև մեծամասնության հետ շատ սակավ էր խոսում, նրանք ստվերների նման էին անցնում նրա մոտով։ Ահա թամքեր կարող Պետեր Նովակը և իր կինը։ Ահա բժիշկ Ռելլինգերն իր կնոջ հետ փոքրիկ կառքով անցավ ու բարևեց իրան։ Ահա սեփական տների տեր Վենդելայնի աղջիկները։ Ահա լոյտընանտ Բայերը նշանածի հետ հեծանիվ նստած քաղաքից դուրս գնաց։ Այնուհետև նորից թվաց, որ առժամանակ ամեն մի շարժում դադարեց, և Բերտան իր հետևից հնչող մանկական ծիծաղից բացի, ուրիշ ոչինչ չէր լսում։ Բայց ահա նորից մեկը քաղաքից կամաց–կամաց այստեղ է գալիս։ Բերտան նրան ետևից ճանաչեց։ Դա պարոն Կլինգեմանն է, որ սկսել է վերջին ժամանակները առաջվանից ավելի հաճախ խոսել իր հետ։

Սրանից տասներկու-տասներեք տարի առաջ նա Վիեննայից այս փոքրիկ քաղաքն է տեղափոխվել։ Ասում էին, որ նա է եղել, բայց ինչ-որ սխալ բժշկության կամ ավելի վատթար մեղքի համար ստիպվել է թողնել իր պարապմունքը։ Մի քանիսն էլ պնդում էին, որ նա չի ավարտել ուսումը, կիսատ թողել-դուրս է եկել համալսարանից։ Նա ինքն իրան ձևացնում էր մի փիլիսոփա, որ մեծ քաղաքի կյանքը լիապես վայելելուց հետո ձանձրացել է և այդ պատճառով էլ տեղափոխվել է այս փոքրիկ քաղաքը, ուր կարողության մնացորդով կարող է համեստ կյանք վարել։ Այժմ նա հազիվ թե քառասունհինգ26