Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուրս էր նայում։ Արևոտ ու հրաշալի առավոտ էր, օդը պարզ էր ու այնքան մաքուր, կարծես հազարավոր աղբյուրներից էր այստեղ հավաքել, շրջապատի լեռներից ու անտառներից։ Լավ եղանակը Բերտային լավ նշան երևաց։ Այժմ նա զարմանում էր, որ այնքան անհամ անցկացրեց երեկվա երեկոն։ Կարծես նա չգիտեր, թե ինչի համար է Վիեննա եկել։

Նա զգում էր որ իր տրամադրությունը նրա համար է այսքան լավ, որ գալիք երջանկությունից նա այլևս չի բաժանվում մի գիշերով. նրան տարօրինակ էր թվում, որ իր առաջին անգամ եկած ժամանակ չփորձեց Էմիլին գտնել, որ այդ անցած երկար ամիսների ու տարիների ընթացքում բոլորովին չէր մտածում Էմիլի մասին։ Առաջ նա գլխի չէր ընկնում, որ այդպես է, և այժմ, երբ հիշեց, որ ինքը գրեթե երբեք չէր մտածում էմիլի մասին, դա ապշեցրեց իրան։

Այսօր, չորս ժամից, վերջապես կտեսնի նրան։ Բերտան նորից անկողին մտավ և բաց աչքերով շշնջում էր՝ «Եկ շուտով» և, կարծես, այդ երկու խոսքով նա ինքն իրան օրորում էր։ Նրան թվում էր, որ այդ ինքը չի ասում, այլ Էմիլն է կանչում այդպես, ահա այստեղ, մոտիկ, հենց այս սենյակում։ Եվ նրան թվում էր, որ իր սիրածի շրթունքներն ահա իր շրթունքներին են դիպչում։ «Եկ շուտով»,— շշնջում էր նա, բայց դա նշանակում էր՝ «Իմը եղիր, իմը եղիր»։ Բերտան բաց էր անում գիրկը, պատրաստ իր սիրածին կրծքին սեղմելու և մի կրքոտ արբեցումով շշնջում էր. «Ես սիրում եմ քեզ», և նրան օդային համբյուրներ էր ուղարկում։

Վերջապես նա վեր ելավ ու հագնվեց։ Այս անգամ նա մոխրագույն, հասարակ հագուստն էր առել հետը, որ, ընդհանուր կարծիքով, նրան շատ էր սազում։ Եվ հագնվելով՝ նա ինքն իրանից շատ գոհ մնաց։ Ճիշտ է, նա էլեգանտ վիեննացի տիկնոջ նման չէր, բայց և էլեգանտ գավառացի կնոջ էլ չէր նմանում։ Ավելի շուտ նրան իշխանական կամ կոմսական տան դաստիարակչուհու տեղ կարելի էր ընդունել։ Եվ իրոք, նրանում աղջկային մի բան կար։ Ոչ ոք չէր ասի, թե նա տիկին է, հինգ տարեկան որդու մայր։ Եվ ճշմարիտ որ,— մտածեց Բերտան,— չէ՞ որ ինքը բոլոր այդ ժամանակի ընթացքում ջահիլ աղջկա պես էր ապրում։ Դրա համար էլ այսօր նա իրան հարսնացու էր զգում։

96