Ա. մատուցում են խմորեղենով (կարկանդակ, բովահաց ևն), ապա արգանակը սովորաբար լցնում են թեյի մեծ գավաթների կամ հատուկ թասերի մեջ։
Կաթնապուրները եփում են բնական կամ պահածոյացված կաթից։ Կաթի փոշի օգտագործելիս 1,5 ճաշի գդալ փոշին բացում են 1 բաժակ գոլ ջրով։ Եփում են նաև ձավարեղենով (բրինձ, կորեկաձավար, սպիտակաձավար ևն), բանջարեղենով, մակարոնեղենով և խմորագնդիկներով։ Մակարոնեղենը և ձավարը նախապես եփում են ջրով (3-5 րոպե), ապա՝ կաթով։ Կաթնապուրները խորհուրդ է տրվում եփել հաստապատ ամանում՝ նախապես ցայելով սառը ջրով։ Որպեսզի կաթսայի տակը չայրվի, Ա. անհրաժեշտ է պարբերաբար խառնել։
Մրգահատապտղային Ա-ները եփում են թարմ և չորացրած մրգերի և հատապտուղների եփուկով, մրգահատապտղային հյութերով, խյուսերով, պատրաստի էքստրակտներով և օշարակներով։ Բուրավետության համար ավելացնում են մի քիչ ցիտրուսակեղև, դարչին կամ մեխակ։
Մսապուրներ
Բրնձով մսապուր։ Ոչխարի կրծքամիսը լվանալ, կտրտել, ջուր լցնել և, պարբերաբար քափը քաշելով, եփել մինչև պատրաստ լինելը։ Եփած միսը տեղափոխել մեկ այլ կաթսայի մեջ, վրան լցնել քամած արգանակը, ավելացնել սոխառած, բրինձ, դեղին սալոր (ալբուխարի), աղ, պղպեղ և եփել մինչև բրնձի պատրաստ լինելը։ Մատուցելուց առաջ Ա-ի վրա մաղադանոս կամ գինձ ցանել։
Պատրաստում են նաև տավարի և հավի մսից՝ ավելացնելով կտրտած կարտոֆիլ, կտրտած տապակած գազար, իսկ հավով բրնձապուրի մեջ դեղին սալորի փոխարեն՝ չորացրած հոն։
500 գ մսին՝ 1-2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ հալած յուղ, 1/2 բաժակ բրինձ, 1/2 բաժակ սալոր, աղը, պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։
Պուտուկ։ Ոչխարի կրծքամիսը լվանալ, բաժանել 50-60 գ-անոց կտորների, ավելացնել խոշոր սիսեռ և եփել փոքր կավե ամաններում (պուտուկ)՝ բերանը բաց։ Հեղուկի գոլորշիացմանը զուգընթաց աստիճանաբար ավելացնել ոսկրի արգանակ։ Միսը եփվելուց 20-30 րոպե առաջ ավելացնել կեղևած կտրտած կարտոֆիլ, դմակ, պռաս կամ գլուխ սոխ, աղ, կարմիր պղպեղ, կտրտած պոմիդոր (կամ տոմատախյուս), մանրած կանաչի և եփել մինչև պատրաստ լինելը։ Մատուցել նույն ամանի մեջ։ Ափսեների մեջ լցնել ուտելուց անմիջապես առաջ։
500 գ ոչխարի մսին՝ 1/2 բաժակ սիսեռ, 100 գ դմակ, 2 գլուխ սոխ, 5 կարտոֆիլ, 3 պոմիդոր կամ 2 ճաշի գդալ տոմատախյուս, աղը, պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։
Լցոնած կոլոլիկ։ Ազդրի կամ թիակի փափուկ միսը ոսկրազատել։ Ոսկորներից արգանակ եփել և քամել։ Միսը երկու անգամ մսաղացով աղալ, ավելացնել ցորենի եփած ձավար, հում ձու, աղ, պղպեղ և հարել մինչև ստացվի համասեռ զանգված, ապա ձևավորել հավի ձվի մեծության գնդիկներ։
Առանձին լցոն պատրաստել, բրինձը մաքրել, լվանալ և կիսաեփ անել, քամել, ավելացնել սոխառած, մանրած մաղադանոս, աղ, պղպեղ և լավ խառնել։
Մսագնդիկի մեջ փոս անել, լցոնը դնել փոսի մեջ և գնդիկին տալ սկզբնական ձևը։
Քամած արգանակի մեջ գցել խոշոր կտրտած կարտոֆիլ, սոխառած և տոմատախյուս, եռման հասցնել, որից հետո գցել մսագնդիկները և եփել մինչև երես բարձրանալը։
Մատուցելուց առաջ վրան մաղադանոս ցանել։
500 գ տավարի մսին՝ 2 ճաշի գդալ ձավար, 1-2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ, 2 ձու, 2 ճաշի գդալ տոմատախյուս, 4 հատ կարտոֆիլ, 1 ճաշի գդալ բրինձ, աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։
Մախոխ։ Տավարի մսից արգանակ եփել, քամիչով քամել, դնել կրակին, հոնաչիր ավելացնել։ Եփած միսը ոսկրազատել և բաժանել 40-50 գ-անոց կտորների։
Աղացած հում ձավարին ավելացնել հում ձու, սոխառած, սև պղպեղ, չոր կանաչի և լավ խառնելուց հետո հունցել։ Ստացված զանգվածից ձևավորել ձվաձև մանր գնդիկներ, գցել եռացող արգանակի մեջ, ավելացնել պոմիդոր, եփած մսի կտորները, սոխառած և եփել մինչև գնդիկների երես բարձրանալը։
Մատուցելուց առաջ մախոխի վրա մանրած թարմ կանաչի ցանել։
500 գ տավարի մսին՝ 1 բաժակ ձավար, 2 ձու, 2 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ յուղ, մի բուռ հոնաչիր, աղը, պղպեղը, չոր կանաչին՝ ըստ ճաշակի։
Չխրթմա։ Մաքրած հավը դնել կաթսայի մեջ, վրան այնքան ջուր լցնել, որ հավը ծածկվի, և, քափը պարբերաբար քաշելով, եփել։
Քամած արգանակի մեջ գցել հավի մսի կտորները, սոխառած, բոված և արգանակով բացած ալյուր և եռման հասցնել։ Ձվի դեղնուցը հարել առանձին ամանի մեջ, աստիճանաբար ավելացնելով գոլ արգանակ, ապա լցնել նախօրոք պատրաստած քրքումի թուրմ, սպիտակ գինու քացախ, գինձ, խառնել, լցնել չխրթմայի մեջ, տաքացնել, եռման չհասցնելով։ Չխրթմա կարելի է եփել նաև ոչխարի մսով:
500 գ հավի մսին՝ 2 ձվի դեղնուց, 3 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ յուղ, 1 լիքը ճաշի գդալ ալյուր, 3 ճաշի գդալ գինու քացախ, քրքումը, աղը և գինձը՝ ըստ ճաշակի։
Հարսանեկան ապուր։ Հավի մսից արգանակ եփել՝ մաքրած գլուխ սոխով և գազարով։ Քամած արգանակի մեջ գցել բարակ արիշտա կամ վերմիշել և եփել մինչև պատրաստ լինելը։
Ձվի դեղնուցն առանձին հարել, ավելացնել կիտրոնահյութ և խառնելով լցնել Ա-ի մեջ։
Մատուցելուց առաջ մաղադանոս ցանել։
1 լ արգանակին՝ 1 գլուխ սոխ, 1 հատ գազար, 80 գ արիշտա կամ վերմիշել, 1 ձու, 1 1/2-2 ճաշի գդալ կիտրոնահյութ, աղը, պղպեղը, մաղադանոսը ըստ ճաշակի։
Ձկնապուրներ
Հոնաչրով իշխանապուր։ Ձուկը մաքրել, լվանալ, դնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել, ավելացնել աղ, մաքրած արմտիք, գլուխ սոխ և եփել 20-25 րոպե թույլ եռքով։ Այնուհետև ձուկը հանել, արգանակի մեջ գցել լվացած ու կորիզները հանած հոնաչիր, ընկույզի միջուկ և եռման հասցնել։
Մատուցելուց առաջ մանր կտրտած թարխուն ցանել։ Եփած ձուկը մատուցել առանձին՝ սկուտեղի մեջ։
500 գ ձկանը՝ 1 գլուխ սոխ, մեկական բուռ չորացրած հոն և ընկույզի միջուկ, մաղադանոսը (արմատը), աղը և թարխունը՝ ըստ ճաշակի։
Կարտոֆիլով իշխանապուրը եփում են ըստ նախորդ բաղադրատոմսի, արգանակի մեջ գցում են նաև սև և բուրավետ պղպեղ ու խոշոր կտրտած կարտոֆիլ։
500 գ իշխանին՝ 6 հատ կարտոֆիլ, 6-7 հատիկ սև և նույնքան բուրավետ պղպեղ, աղը, թարխունը և մաղադանոսը (արմատը)՝ ըստ ճաշակի։
Լոբով և ձավարով Ա-ներ
Լոբախաշու։ Լոբին ընտրել, լվանալ, լցնել սառը ջրի մեջ, եռման հասցնել, քափը քաշել և շարունակել եփել մարմանդ եռքով։ Եփած լոբին քամել, լավ տրորել, լոբաջրով բացել, որ ստացվի համասեռ թանձր զանգված։ Դրան ավելացնել սոխառած, եփուկով բացած ալյուր, ընկույզի միջուկ, աղ, կարմիր պղպեղ, գինձ, խառնել, լցնել մնացած եփուկի մեջ և եռման հասցնել։
Կարելի է պատրաստել նաև ցորենի ձավարով՝ առանց ընկույզի։
1 բաժակ կարմիր լոբուն՝ 1 գլուխ սոխ, 1 բուռ ընկույզի միջուկ, 1 թեյի գդալ ալյուր, 2