Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանր կտրտած ճարպ, աղ, պղպեղ, 1/2 բաժակ ջուր և լավ խառնել։ Ստացված զանգվածից ձևավորել կլոր բլիթներ և տապակել շիկացած տապակի մեջ։

500 գ մսին՝ 100 գ ճարպ, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Խավարտը՝ տապակած կարտոֆիլ, կանաչ ոլոռ։ Յուրաքանչյուր Բ-ի վրա կարելի է դնել նաև ակնիկ ձվածեղ։

ԲԼԻԹՆԵՐ, պատրաստում են ալյուրից, ձավարից, խմորիչի կամ խմելու սոդայի հետ խառնած բանջարեղենից։ Մատուցում են նախաճաշին, ճաշին, նաև որպես քաղցր կերակրատեսակ (մուրաբայով, ջեմով)։

Խմորիչով Բ.: Խմորիչը լուծել գոլ կաթի մեջ, ալյուր ավելացնել և խառնել մինչև համասեռ զանգված դառնա։ Ամանը սրբիչով ծածկել և դնել տաք տեղում։ Խմորի ծավալը 2 անգամ մեծանալուց հետո ավելացնել ձու, կարագ, աղ և շաքարավազ, խառնել փայտե գդալով, թողնել, որ կրկին բարձրանա, այնուհետև խմորն առանց խառնելու, փոքր բաժիններով վերցնել ջրով թրջած գդալով և լցնել տաքացրած յուղով տապակի մեջ։ Բ. 2 կողմից տապակել, առանձին մատուցել թթվասեր, շաքարավազ, մուրաբա ևն։ Նույն խմորից կարելի է պատրաստել խնձորով Բ.։ Կեղևած և միջուկը հանած խնձորը (ոչ քաղցր սորտի) բարակ կտրտել և տապակելուց անմիջապես առաջ լցնել խմորի մեջ։

3 բաժակ ալյուր, 2 բաժակ կաթ կամ ջուր, 2 ձու, 2 ճաշի գդալ շաքարավազ, 3-4 ճաշի գդալ յուղ կամ ձեթ, 1/2 թեյի գդալ աղ, 25 գ խմորիչ (ձողիկի 1/4 մասը), 3-4 խնձոր։

Սոդայով Բ.։ Ձուն, շաքարավազը և աղը տրորել, սոդան լուծել մածնի մեջ, խառնել իրար և ավելացնել ալյուր։ Ստացված զանգվածը հարել այնքան, մինչև ստացվի համասեռ խմոր, ձեթ ավելացնել և նորից խառնել։ Տապակել ինչպես խմորիչով Բ.։

1 1/4 բաժակ ցորենի ալյուր, 1 բաժակ մածուն, 1 ձու, 2-ական թեյի գդալ ձեթ և շաքարավազ, 1/4-ական թեյի գդալ աղ և խմելու սոդա։ Մածունը կարելի է փոխարինել ջրով՝ ավելացնելով 1 ճաշի գդալ քացախ։

Դդմիկով Բ.։ Կեղևած և սերմերը հանած դդմիկը քերել քերիչով, ավելացնել ձու, աղ, շաքարավազ, խառնել և լցնել ալյուր ու խմելու սոդա։ Ստացված զանգվածը հարել մինչև պղպջակներ գոյանալը։ Տապակել ինչպես խմորիչով Բ.։

1 կգ կեղևած դդմիկին 3-4 ճաշի գդալ յուղ, 3 ձու, 2 բաժակ ցորենի ալ յուր, 1/4 բաժակ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ, 1/2 թեյի գդալ խմելու սոդա։

ԲՈԶԲԱՇ, ոչխարի մսով, սիսեռով, տոմատախյուսով, սոխով, կանաչիով և այլ մթերքով եփած կերակրատեսակ։

Երևանի ձմեռային Բ.: Ոչխարի կրծքամիսը լվանալ, բաժանել 30-40 գրամանոց կտորների, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել սառը ջուր և, քափը քաշելով, եփել։ Միսը կաթսայից հանել, արգանակը քամել, լցնել եփած սիսեռով կաթսայի մեջ, ավելացնել եփած մսի կտորները, սոխառած, տոմատախյուս, խոշոր կտրտած կարտոֆիլ, ծիրանաչիր, չորացրած կանաչի, աղ, պղպեղ, կաթսան ծածկել և եփել 10-15 րոպե։

500 գ ոչխարի մսին՝ 1 բաժակ սիսեռ, միջին չափի 4 կարտոֆիլ, մի բուռ ծիրանաչիր, 2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ տոմատախյուս, 2 ճաշի գդալ հալած յուղ. աղը, կարմիր պղպեղը, չորացրած կանաչին՝ ըստ ճաշակի։

Էջմիածնի ամառային Բ.: Ոչխարի կրծքամիսը լվանալ, բաժանել 30-40 գրամանոց կտորների, վրան սառը ջուր լցնել, կաթսան ծածկել և մարմանդ կրակի վրա կիսաեփ անել։ Մսի կտորները հանել, յուղով տապակել, ավելացնել քամած արգանակը, սոխառած, կտրտած կարտոֆիլ, սմբուկ, լայնակի կտրտած կանաչ լոբի, կոթերը կտրած մանր բամիա, տաքդեղ և եփել։ Կրակից վերցնելուց 15 րոպե առաջ ավելացնել աղ, կտրտած պոմիդոր և կանաչի։ 500 գ ոչխարի մսին միջին չափի 4 կարտոֆիլ, 2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ հալած յուղ, 4 պոմիդոր, 10-12 հատ կանաչ լոբի, 2 տաքդեղ, 10 բամիա, 2 սմբուկ, գինձը, ռեհանը, մաղադանոսը, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Շուշվա Բ.: Ոչխարի կրծքամիսը լվանալ, բաժանել 30-40 գրամանոց կտորների, լցնել ջրով կաթսայի մեջ և, քափը քաշելով, կիսաեփ անել։ Միսը և մանր կտրտած գլուխ սոխը յուղով տապակել, այնուհետև ալյուր ավելացնել և տապակել այնքան, մինչև ալյուրը մուգ դարչնագույն դառնա։ Քամած արգանակը լցնել ալյուրի և սոխի հետ տապակած մսի վրա, ավելացնել կտրտած կարտոֆիլ, աղ, պղպեղ, կտրտած սերկևիլ, եփել մինչև սերկևիլը կիսաեփ լինի, հետո ավելացնել կտրտած խնձոր, կանաչի և եփել մեղմ կրակի վրա։

500 գ ոչխարի մսին՝ 4 կարտոֆիլ, 2 թեյի գդալ ալյուր, 2 ճաշի գդալ յուղ, 2 խնձոր, 2 սերկևիլ, 2 գլուխ սոխ. խառը կանաչին, աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

Քուֆթա-բոզբաշ (կոլոլիկ)։ Ոչխարի ազդրը ոսկրազատել, ոսկորներից արգանակ եփել, իսկ փափուկ միսը երկու անգամ մսաղացով աղալ։ Աղացած մսին ավելացնել ձու, աղ, մանրած գլուխ սոխ, մաղադանոս, լավ խառնել և փոքր գնդիկներ ձևավորել։ Քամած տաք արգանակին ավելացնել սոխառած, մսի գնդիկները, ընտրած և լվացած բրինձ, թարխուն, եփել մինչև կոլոլիկի պատրաստ լինելը։ Վերջում, անընդհատ խառնելով, ավելացնել ջրով բացած հարած ձու, և ապուրը եռման հասցնել։

500 գ մսին՝ 1/2 բաժակ բրինձ, 2 ձու, 2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ հալած յուղ, թարխունը, մաղադանոսը, աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։

ԲՈՂԿ, աճեցնում են ամենուրեք, Հայաստանում մշակվող լավագույն սորտերից են Ձմեռային կլոր սպիտակը և Ձմեռային կլոր սևը, Չինականը, Արտաշատինը և Գրայվարոբյանը։

Բ. պարունակում է մոտ 90 % ջուր, շաքար, թաղանթանյութ, 29 մգ % C վիտամին։

Բ. օգտագործում են կտրտած կամ քերիչով քերած, թթվասերով, ձեթով։ Կծվությունը վերացնելու համար քերած Բ-ի վրա աղ ցանել, խառնել և թողնել 15 րոպե, հետո քամել, թափել գոյացած հյութը և ավելացնել կարագ կամ թթվասեր։ Կծվությունը մեղմելու նպատակով քերած բողկի վրա կարելի է նաև ավելացնել քերած գազար։

Բ-ի մշակման մասին տես Այգեգործական հողամաս բաժնում։

ԲՈՐԱԿԻ, պատրաստում են խմորից մսի խճողակով։ Բ-ի հետ մատուցում են կարագ, քացախ, մանանեխ։ Բ. մատուցում են նաև մսի արգանակով։

Ալյուրը բլրաձև լցնել սեղանին և փոս անել։ Ձուն ջարդել բաժակի մեջ, խառնելով ավելացնել ջուր և այնքան ալյուր, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր, այնուհետև լցնել ալյուրի փոսի մեջ և հունցել այնքան, որ փայլի և սեղանին չկպչի։ Ստացված խմորը կիսել 2 գնդի, ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե, հետո բարակ գրտնակել, բաժակով կտրտել, շրջանների կենտրոններում