Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են նաև տապակած (ձվածեղի և այլ կերակուրների պատրաստման համար)։ Լյարդութոքի Ե. թեթևակի խորովում են ջեռոցում։

Լցոնած, եփած Ե-ները և մսաբատոնները տան պայմաններում պահում են սառնարանում՝ 1 օրից ոչ ավելի։ Այդ Ե-ների կտորները լույսի ազդեցությունից գունաթափվում են և վարդագույնից դառնում գորշագույն, հետևաբար Ե-ի նշված տեսակները խորհուրդ չի տրվում նախապես դասավորել ափսեների մեջ և թողնել լուսավոր տեղում (անգամ մի քանի ժամ)։ Կիսապխտած Ե. տան պայմաններում կարելի է պահել մինչև 3 օր՝ 20 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանում, իսկ սառնարանում՝ մինչև 15 օր։ Հումապխտած Ե. կարելի է ավելի երկար պահել, սակայն անպայման զով մութ տեղում։ Եփած-ապխտած Ե. նվազ դիմացկուն է հումապխտածի համեմատությամբ։ Եթե կիսապխտած, եփածապխտած կամ հումապխտած Ե-ի թաղանթի վրա բորբոս է գոյացել, բատոնը պետք է տրորել կերակրի աղի 20 %-անոց լուծույթով կամ քացախաթթվի 3 %-անոց լուծույթով թրջած մաքուր լաթով, ապա չորացնել։ Այդպիսի Ե. այլևս պահել չի կարելի։ Բորբոսը հեռացնելիս պետք է աշխատել թաղանթը չվնասել։ Հումապխտած Ե-ի թաղանթին երբեմն կերակրի աղի չոր բարակ շերտ է գոյանում, որը մթերքի թերություն չի համարվում և Ե-ի համը չի փոխում։ Կտրտած և վակուումի տակ պոլիմերային թաղանթով փաթեթավորած հումապխտած, եփած-ապխտած և կիսապխտած Ե-ները 15-16 °C-ում կարելի է պահել մինչև 4 օր, իսկ սառնարանում՝ մինչև 6-7 օր։ Լյարդութոքի և արյունեփ Ե-ները խորհուրդ է տրվում օգտագործել գնելու օրը։

Տես նաև Սուջուխ։

ԶԵԼՑ, երշիկի տարատեսակ։ Պատրաստում են խոզի, տավարի մսից, ճարպից, լեզվից, լյարդից և այլ ենթամթերքներից։ Եփած հումքը մանրացնում են և խառնում համեմունքի (սխտոր, պղպեղ, դարչին, մեխակ, գինձ), աղի և շաքարի հետ։ Զ. օգտագործում են որպես սառը խորտիկ։ Տան պայմաններում այն կարելի է պահել սառնարանում մինչև 12 օր։

ԶԿԵՌ սովորական, Հայաստանում աճում է Սյունիքի, Լոռու, Տավուշի և այլ մարզերի, Արցախի անտառներում։ Պտուղը մանր է, կլոր, բաց շագանակագույն կամ ոսկեգույն։ Պտղի մեջ կան երկարավուն, դարչնագույն սերմեր, որոնք հեշտությամբ անջատվում են պտղամսից։ Պտղամիսը տտիպ է, կոշտ։ Պտուղը համեղ է, թթվաքաղցր։ Զ. պարունակում է մինչև 10 % շաքարներ, 1,1 % խնձորաթթու, 1,6-15,8 մգ % վիտամին C, աղաղանյութեր։ Օգտագործում են թարմ և թթու դրած, պատրաստում են կոմպոտ, հյութ, մարմելադ, մուրաբա, պովիդլո, պաստեղ, գինի։

ԷԼԵԿՏՐԱՋԵՌՈՑ, ինֆրակարմիր ճառագայթումով (էլեկտրաջեռուցիչ տարրից) տաքացվող ջեռոց, որը նախատեսված է մսեղեն և ձկնեղեն կերակրատեսակներ պատրաստելու համար։ Միսը կամ թռչնի մսեղիքը հագցնում են շամփուրի վրա և ամրացնում սեղմակներով, որոնք ազատ շարժվում են շամփուրի երկայնքով և պտուտակներով սևեռվում շամփուրի ցանկացած մասում։ Շամփուրը շարժման մեջ է դրվում էլեկտրաշարժիչով։ Դանդաղ պտտվելով միսը (թռչնամիսը) հավասարաչափ տապակվում է։ Կոտլետ և ձուկ տապակելու, հաց բովելու համար Է-ում նախատեսված են ցանցեր, որոնք կարելի է տեղադրել էլեկտրաջեռուցիչ տարրերից տարբեր հեռավորությամբ։ Է. ունի հատուկ տակնոց, որի մեջ թափվում է տապակելու ընթացքում գոյացող ճարպախառը հյութը։

Է-ի որոշ մոդելներում կան լուսավորման հարմարանք, հզորության և ջերմության կարգավորիչներ, թայմեր կամ ծրագրավորիչ՝ սարքի միացման պահը և տևողությունը կարգավորելու համար։ Առավելագույն բեռնավորումը 3 կգ է, սպառվող հզորությունը՝ 1200 Վտ։

ԷՍԵՆՑԻԱ, ցնդող նյութերի խիտ լուծույթ։ Է-ների դասին են պատկանում մրգի, տարբեր եթերայուղերի կամ սինթետիկ բուրավետ նյութերի սպիրտային խիտ լուծույթները։ Է. կիրառում են սննդամթերքի և դեղորայքի արտադրություններում։

80 %-անոց քացախաթթվի լուծույթը անվանում են քացախի է, որը ջրով բացելուց հետո օգտագործում են որպես համեմունք տարբեր կերակրատեսակներ, մարինադ պատրաստելիս, ինչպես նաև լվացք անելիս։ Խոհարարության մեջ մրգի Է. օգտագործում են զանազան հրուշակեղեն և կրեմ պատրաստելիս։ Տես նաև Քացախ հոդվածը։

ԷՍԿԱԼՈՊ, խոզի, ոչխարի, հորթի կրծքամսի բարակ կտրտած շերտերից պատրաստված երկրորդ կերակրատեսակ։

1,5-2 սմ հաստության մսաշերտերը թեթևակի ծեծել, աղ և պղպեղ ցանել։ Կարագը կամ յուղը տաքացնել տապակի մեջ, մսաշերտերը երկու կողմից տապակել մինչև վարդագույն կեղևի գոյանալը։ Պատրաստի միսը դնել սկուտեղի մեջ, տապակի մեջ մնացած յուղին ավելացնել 1/2 բաժակ արգանակ, 2-3 րոպե եռացնել, ապա ստացված թանձրանյութը քամել և լցնել մսի վրա։

Խավարտը՝ տապակած կարտոֆիլ, կարտոֆիլախյուս, կանաչ ոլոռ, մակարոն, բրնձով կամ սևաձավարով քաշովի։

ԸՆԿՈՒՅԶ, ընկուզավոր բույսերից առավել տարածված են սովորական ընկույզը, գետնանուշը, շագանակը, մայրու ընկուզիկը, տխիլը, նուշը, պիստակը ևն։ Ը. համեղ և բարձր կալորիականությամբ սննդամթերք է։ Խոհարարության մեջ Ը. օգտագործում են անուշահամ ուտելիքներ (խորիզ, կրեմ, խյուս, պաղպաղակ ևն), խմորեղեն և հրուշակեղեն, սոուսներ (ընկույզով կերակուրներ) պատրաստելու համար։ Ը-ից, գետնանուշից, մայրու ընկուզիկից ստանում են սննդի մեջ գործածվող յուղ։ Ը. նախընտրելի է պահել մութ և սառը տեղում։