Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարմար է այնպիսի Շ., որի չափերը կարելի է փոփոխել ըստ կաթսայի տրամագծի։ Շ. դնում են կաթսայի մեջ և այնքան ջուր լցնում, որ միայն Շ-ի ոտքերը լինեն ջրի մեջ, այնուհետև վրան տեղավորում են բանջարեղենը և կաթսայի բերանը պինդ փակում կափարիչով։ Խորհուրդ է տրվում կոտլետը կամ ձուկը եփել մետաղալարե ցանցավոր տակդիր-զամբյուղներամ, որոնք դրվում են կաթսայի մեջ կամ հենվում կաթսայի կողին։

Թողարկում են նաև էլեկտրական կաթսա-Շ-ներ, որոնց մեջ դրվում են մետաղալարե զամբյուղներ կամ մետաղացանցեր։ Որպես ջերմության աղբյուր ծառայում է 1000 Վտ հզորության խողովակային էլեկտրաջեռուցիչ տարրը։ Շ-ի տարողությունը մոտ 4 լ է, ջուրը եռման հասցնելու ժամանակը՝ 15-17 րոպե, զանգվածը՝ մոտ 4 կգ։ Շ. էլեկտրացանցին է միացվում միայն մեջը ջուր լցնելուց հետո։

ՇՐԵՇ, շրեշտ, օղին, փայլկտուց, Հայաստանում տարածված է լեռնային և նախալեռնային շրջաններում։ Մատղաշ տերևները տապակում են, օգտագործում որպես աղցան, խյուսով (եփած, համեմած) կարկանդակներ լցոնում ևն։ Պտուղը գնդանման տուփիկ է, որի մեջ գտնվում են սերմերը։ Շ. պարունակում է դեքստրինային նյութեր (դրանցից ստանում են սոսինձ), ներկանյութ, թաղանթանյութ, լորձանյութ։

ՈԼՈՌ կանաչ, բանջարային ոլոռի չհասունացած ունդերից (պատիճներ) ստացվող մատղաշ կանաչ և քաղցրահամ հատիկներ։ Ո. աճում է ամենուր։ Ըստ հասունացման ժամկետի տարբերում են վաղահաս, միջահաս և ուշահաս Ո-ներ։ Հայաստանում Ո. հավաքում են հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը։ Տարբերում են Ո-ի կնճռոտ և հարթ հատիկավոր սորտեր։ Կնճռոտ սորտերի (առավել տարածված են Ալֆա-Կուբանեց 1126, Բանջարային 76, Վաղ գրիբովյան 11, Պրեվոսխոդնի 240, Վաղ 301, Հոբելյանական 1512) հատիկներն անհարթ են, կնճռոտ մակերեսով, ավելի արժեքավոր են ուտելու և պահածոյման համար, քանի որ պարունակում են ավելի շատ շաքար և վիտամիններ, ավելի քիչ օսլա, ավելի նուրբ են, քան հարթ հատիկավորները և երկար ժամանակ չեն գերհասունանում։ Ո. շուտ փչացող մթերք է, բերքահավաքից հետո արագ կոշտանում է, դառնում օսլայաշատ, ոչ քաղցրահամ։ Պատիճահանած Ո. սովորական պայմաններում պահպանվում է ընդամենը 2-3 ժամ, պատիճներում՝ 10-12 ժամ։ Ցածր ջերմաստիճանի (1-2 °C) և օդի բարձր խոնավության պայմաններում պատիճները կարող են պահպանվել մինչև 10-15 օր։ Լրիվ չհասունացած Ո. պարունակում է շաքար, օսլա, սպիտակուցներ, հանքային աղեր, մինչև 40 մգ % C վիտամին, B խմբի վիտամիններ և կարոտին (A նախավիտամին)։

Ո. օգտագործում են սալաթներ, ապուրներ, սոուսներ, դիետիկ կերակուրներ պատրաստելու համար, նաև որպես խավարտ։

Պահածոյի արդյունաբերությունը թողարկում է պահածոյած, թարմ սառեցրած, չորացրած Ո., ինչպես նաև դիետիկ և մանկական տարբեր պահածոներ։

Կանաչ Ո. կարագով, պատիճահանած Ո. 15 րոպե եփել աղ գցած եռացող ջրի մեջ, թեժ կրակի վրա, ջրքամել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել կարագ, խառնել և մատուցել տաք-տաք։

Պահածոյած կանաչ Ո. լցնել քամիչի մեջ, ցողել սառը ջրով, տաքացնել և կարագ ավելացնել։

Կանաչ Ո. սոխառածով. յուղով սոխառած անել, ավելացնել տոմատախյուս, ապա պահածոյած կանաչ Ո., տապակել ևս 5-7 րոպե, ավելացնել մանրած կանաչի, աղ և պղպեղ։ Մատուցել տաք-տաք։

500 գ կանաչ Ո-ին՝ 2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ, 1 ճաշի գդալ տոմատախյուս. աղը, պղպեղը, կանաչին՝ ըստ ճաշակի։

ՈՉ ՈԳԵԼԻՑ ԸՄՊԵԼԻՔՆԵՐ (հյութեր, մուս, կվաս, կիսել, կոմպոտ, թան, լիմոնադ), հագեցնում են ծարավը, բարձրացնում օրգանիզմի տոնուսը և բարելավում վիճակը։ Զովացուցիչ ըմպելիքները լրացնում են ջրի պակասը օրգանիզմում։ Դրանց համար որպես հումք օգտագործում են մրգի, հատապտղի և բանջարեղենի հյութերը, խոտերի, արմատների, տերևների և հացահատիկային բույսերի լուծամզաքները, թանի համար՝ մածունը և կարագը հարելուց հետո մնացած հեղուկը։ Կենսաբանական ակտիվ նյութերը բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, բարելավում մարսողությունը և նյարդային համակարգի գործունեությունը։

Ո. ո. ը. երկար պահելու համար պաստերացնում (տես Պաստերացում) և պահածոյում (տես Պահածոյում) են։

ՈՍՊ, տես Ձավար:

ՈՐՍԱՄԻՍ, վայրի թռչունների (կաքավ, աքար, ցախաքլոր, լոր, վայրի սագ և բադ, մորակտցար ևն) և վայրի կենդանիների (նապաստակ, վարազ, քարայծ ևն) միս։

Վայրի թռչնի միսն ի տարբերություն ընտանի թռչնի մսի, ունի ավելի մուգ երանգ, յուրահատուկ համ, պարունակում է ավելի շատ սպիտակուցներ և քիչ ճարպ։ Էգ թռչնի միսն ավելի նուրբ և փափուկ է, քան արուինը (վերջինս աչքի է ընկնում վառ փետուրներով և մսեղիքի խոշորությամբ)։ Խամրած և գորշ կտուցով, փոս ընկած աչքերով, կանաչավուն մաշկով, բորբոսով, անդուր հոտով մսեղիքը պիտանի չէ իբրև սննդամթերք։

Ո. հաճախ տապակում են, երբեմն խաշում կամ տարբեր սոուսներով ջեռեփում։ Քանի որ Ո. սովորաբար ճարպոտ չէ, ապա ամբողջ մսեղիքը (կամ միայն կրծքամասը) գիրուցում են կամ փաթաթում խոզի անալի ճարպով (կապելով թելով)։ Ո-ով սառը կերակրատեսակը մատուցում են մայոնեզով զանազան պտուղների և բանջարեղենի մարինադի հետ։ Սառը մսի մանր կտրտած կտորները կարելի է օգտագործել սալաթի մեջ։ Մսեղիքի նախնական մշակման մասին տես Թռչնամիս հոդվածում։ Սառնարան չլինելու դեպքում խորհուրդ է տրվում թռչնի մսեղիքը փաթաթել քացախով թրջած սրբիչով (չորանալու դեպքում կրկին թրջել)։ Այս եղանակով