մշակում են ամենուրեք։ Տարածված է սովորական բանջարային Ռ.։ Ունի յուրահատուկ հաճելի համ և բույր։ Պարունակում է եթերայուղեր (ծաղիկները՝ 0,03-1,0 %, ցողունները՝ մինչև 0,02 %), հանքային աղեր, վիտամիններ։ Տարբեր կերակրատեսակների, սալաթների հետ և թթվի մեջ որպես համեմունք օգտագործվում է թարմ և չորացված Ռ.։ Տես նաև Համեմունքային բույսեր:
ՌՈՄՇՏԵՔՍ, կերակրատեսակ տավարի մսով։
Միսը լվանալ, մաքրել ջլերից, թելքերին ուղղահայաց բաժանել 1 սմ հաստության կտորների, ծեծել, ցանել աղ, պղպեղ, թաթախել հարած ձվի, ապա թավալել պաքսիմատի մեջ։ Յուղով տապակը լավ տաքացնել և միսը տապակել 10-15 րոպե։ Մատուցելուց առաջ վրան լցնել տաք յուղ։
Խավարտը՝ տապակած կարտոֆիլ, խաշած գազար, կանաչ ոլոռ, եգիպտացորեն, շոգեխաշած կաղամբ։
ՌՈՍՏԲԻՖ, մեծ կտորներով տապակած տավարի մեջքամիս։
Միսը մաքրել ջլերից և ավելորդ ճարպից, աղ և պղպեղ ցանել և 25-30 րոպե տապակել տաքացրած յուղով տապակի մեջ։ Այնուհետև միսը դնել ջեռոցի մեջ և 10-15 րոպեն մեկ վրան գդալով լցնել տապակի յուղից։ Տապակել մինչև վարդագույն կեղևի առաջանալը (30 րոպե և ավելի՝ կախված մսի կտորի չափից)։ Չափից ավելի տապակելու դեպքում միսը չորանում է։ Ռ. մատուցում են տաք կամ սառը։ Պատրաստի Ռ. կտրտում են թելքերին ուղղահայաց, վրան լցնում տապակելու ժամանակ առաջացած հյութը։ Որպես սառը խորտիկ մատուցվող Ռ. կտրտելուց առաջ պետք է սառեցնել։
Խավարտ. տաք Ռ-ի՝ եփած կամ տապակած կարտոֆիլ, խաշած և վրան յուղ լցրած բանջարեղեն, մակարոն ևն, սառը Ռ-ի՝ թարմ վարունգ, պոմիդոր, կաղամբով սալաթ։ Առանձին կարելի է մատուցել ծովաբողկ, մայոնեզ։
ՍԱԳ, ընտանի Ս-ի մսով պատրաստում են բազմաթիվ կերակրատեսակներ (ապուր, որպես կանոն, չեն պատրաստում), սառը խորտիկներ, դոնդողակներ, լցոններ, խճողակներ։ Ս-ի լյարդից պատրաստում են պաշտետ։
Ս-ի նախնական մշակման մասին տես Թռչնամիս հոդվածում։
Վայրի Ս-ի միսն ավելի կոշտ է, ավելի քիչ ճարպ է պարունակում, քան ընտանի Ս-ինը։ Ավելի հաճախ այն տապակում են կամ ջեռեփում տարբեր թանձրուկների հետ։
Ս. տապակած. Ս-ի նախապատրաստած մսեղիքին աղ են ցանում, դնում տապակի մեջ (մեջքի վրա)։ Ճարպոտ Ս-ին ավելացնում են 1/2 բաժակ ջուր, ոչ ճարպոտին՝ հալած ճարպ (մարգարին կամ յուղ) և ջեռոցում եփում 1 1/2-2 ժամ։ Ս. ժամանակ առ ժամանակ շրջում են և վրան ցողում գոյացած հյութից, որպեսզի բոլոր կողմերից կարմրի։
Խավարտը՝ ջեռեփած խնձոր, շոգեխաշած կաղամբ, տապակած կարտոֆիլ կամ սևաձավարի շիլա։
Տապակած Ս. խնձորով. Ս-ի նախապատրաստած մսեղիքը լցոնում են խնձորով (ամբողջական կամ 2-4 մասի բաժանած և սերմերը հանած)։ Փորի բացվածքը կարում են, տապակում վերը նշված եղանակով, ապա թելը քանդում են, խնձորը հանում, մսեղիքը կտրտում։ Խնձորը մատուցում են որպես խավարտ։
ՍԱԼԱԹ, պատրաստում են հում, խաշած, թթու դրած բանջարեղենից, մարինադից, ինչպես նաև աղցանաբույսերից, թարմ մրգից, հատապտղից, դրանց մարինադներից, խաշած, տապակած, աղ դրած, ապխտած մսեղենից և ձկնեղենից, ձվից և սնկից ևն։ Ս-ի մթերքը սառեցնում են և կտրտում բարակ շերտերով։ Թարմ բանջարեղենով Ս. խորհուրդ է տրվում պատրաստել անմիջապես մատուցելուց առաջ, քանի որ կտրտած բանջարեղենը կորցնում է սննդարարությունը և համը։ Մատուցելուց առաջ Ս-ին ավելացնում են ձեթի և քացախի խառնուրդ, թթվասեր, շաքարով կիտրոնահյութ, մայոնեզ: Մատուցելուց առաջ զարդարում են կանաչեղենով, պոմիդորի, վարունգի բարակ շերտերով ևն։
Թարմ պոմիդորով և վարունգով Ս.։ Լվացած վարունգը և պոմիդորը բարակ կտրտել, աղ և պղպեղ ցանել, ավելացնել ձեթի, քացախի և շաքարավազի խառնուրդ կամ թթվասեր, խառնել, լցնել սալաթամանի մեջ և վրան ցանել մանր կտրտած կանաչ սոխ և սամիթ։
4-5 պոմիդորին՝ 3 վարունգ, 100 գ կանաչ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, 2-3 ճաշի գդալ քացախ կամ 100 գ թթվասեր, աղը, պղպեղը, շաքարավազը՝ ըստ ճաշակի։
Բողկով Ս.։ ճակնդեղը, գազարը, բողկը և խնձորը կեղևել, քերել խոշոր քերիչով, աղ ցանել և խառնել։ Թթվասերն ավելացնել մատուցելուց առաջ։
1 փոքր ճակնդեղին՝ 1 գազար, 1 թթվաշ խնձոր, 300 գ բողկ, 3 ճաշի գդալ թթվասեր, աղը՝ ըստ ճաշակի։
Կաղամբով Ս.: Կաղամբը, վարունգը, սոխը, կանաչին, եփած ձուն և խնձորը մանր կտրտել, ավելացնել կանաչ ոլոռ, խոշոր քերիչով քերած գազար, աղ ցանել և խառնել։ Մայոնեզն ավելացնել մատուցելուց առաջ։
500 գ կաղամբին՝ 1 գազար, 3 ճաշի գդալ կանաչ ոլոռ, 1 թթվաշ խնձոր, 1 վարունգ, 1 եփած ձու, 100 գ մայոնեզ, կանաչ սոխը, կանաչին (մաղադանոս, գինձ, սամիթ) և աղը՝ ըստ ճաշակի։
Դանդուռով Ս.։ Լավաշը կարմրացնել ջեռոցում կամ կրակի վրա (տապակի մեջ)։ Կանաչին, սոխը մանր կտրտել։ Մանր կտրտել նաև պոմիդորը, վարունգը և տաքդեղը, ավելացնել ծեծած սխտոր, դանդուռի տերևներ, ձեթ, կիտրոնի հյութ (կամ կիտրոնաթթու), աղ և լավ խառնել։ Փշրած լավաշը ավելացնել մատուցելուց առաջ։
1 տրցակ մաղադանոս, 1/2 տրցակ գինձ, 1/2 տրցակ կանաչ սոխ կամ 1 գլուխ սոխ, 3 պոմիդոր, 2 վարունգ, 1 տաքդեղ, 3-4 պճեղ սխտոր, 2 բուռ դանդուռի տերև, 1/2 լավաշ, 4-5 ճաշի գդալ ձեթ, 1/2 կիտրոնի հյութ (կամ 1 ճաշի գդալ ջրով բացած 1/4 թեյի գդալ կիտրոնաթթու), աղը՝ ըստ ճաշակի։
Ճակնդեղով Ս.: Ճակնդեղը քերել խոշոր քերիչով կամ աղալ մսաղացով։ Սոխառած անել, ավելացնել քիչ ջրով բացած տոմատի մածուկ և շաքարավազ, ապա քերած ճակնդեղը, տապակի կափարիչը դնել և 40-60 րոպե խաշել մարմանդ կրակի վրա։ Վերջում ավելացնել աղ և պղպեղ։ Մատուցել սառը վիճակում։