Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ նյութափոխանակության պրոցեսում սինթեզել մի շարք նյութեր (օրինակ, որոշ վիտամիններ, անփոխարինելի ամինաթթուներ). դրանք պետք է ներմուծվեն սննդի հետ, հակառակ դեպքում առաջ են գալիս ոչ լիարժեք Ս-ման հետ կապված հիվանդություններ։

Սննդի էներգիական արժեքը դրա մեջ մտնող սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի էներգիական արժեքների գումարն է։ Առողջ մարդու սննդի օրաբաժինը կազմող սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հարաբերակցությունը մոտավորապես 1:1:4 է։ 1 գ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի էներգիական արժեքը, հաշվի առնելով դրանց յուրացվելիությունը, ընդունված է համապատասխանաբար 4, 9 և 4 կկալ։ Սննդի հետ ներմուծվող էներգիան ծախսվում է օրգանիզմի կենսագործունեությունը (նյութափոխանակություն, ֆիզիկական ակտիվություն) ապահովելու համար։ Այս կամ այն սննդամթերքի յուրացումից անջատվող էներգիայի քանակը կոչվում է տվյալ մթերքի կալորիականություն։ Որոշ սննդամթերքների մեջ սննդանյութերի պարունակության և այդ մթերքի կալորիականության մասին տես աղյուսակ 1-ում։

Սպիտակուցները սննդի կարևորագույն բաղկացուցիչ մասն են։ Սննդի մեջ սպիտակուցի պակասը, հատկապես եթե այն զուգակցվում է սննդի օրաբաժնի ընդհանուր կալորիականության նվազման հետ (սպիտակուցաէներգիական անբավարարություն), հանգեցնում է օրգանիզմում սպիտակուցների սինթեզի և նորացման պրոցեսների խախտման։ Դա առաջին հերթին վերաբերում է այն օրգանններին, որոնցում բջիջների ֆիզիոլոգիական նորացումը առավել արագ է կատարվում, դրանք են ոսկրուղեղը, ենթաստամոքսային գեղձը, աղիները ևն։

Մարդու օրգանիզմի համար, նկատի առնելով ամինաթթուների հարաբերակցությունը, առավել բարենպաստ են կենդանական սպիտակուցները, որոնք պարունակվում են մսամթերքի, կաթի, ձվի մեջ։ Չափահասների օրաբաժնում կենդանական սպիտակուցները պետք է կազմեն բոլոր սպիտակուցների 55 %-ը։ Բուսական մթերքը՝ հացահատիկային բույսերը, լոբազգիները, կարտոֆիլը, նույնպես պարունակում է արժեքավոր և կարևոր սպիտակուցներ։ Սակայն, միայն բուսական ծագում ունեցող սպիտակուցների օգտագործումը լիարժեք Ս. չի ապահովում։

Սպիտակուցի պահանջը կախված է տարիքից, սեռից և աշխատանքային գործունեության բնույթից։ Երեխաները, դեռահասները, ինչպես նաև ֆիզիկական աշխատանքով զբաղվողները սպիտակուցների ավելի մեծ կարիք ունեն։ Դրանց պակասի նկատմամբ առավել զգայուն է երեխայի աճող օրգանիզմը։ Կյանքի առաջին երեք տարիների ընթացքում սննդի մեջ սպիտակուցի սուր պակասի դեպքում երեխայի ֆիզիկական և հոգեկան զարգացումը խիստ հետ է մնում, որը կարող է անդարձելի լինել։ Սպիտակուցի պահանջը որոշ չափով կախված է սննդի օրաբաժնի կալորիականությունից, ինչպես նաև սննդի հետ ներմուծվող ճարպերի և ածխաջրերի քանակից։ Սննդի ոչ բավարար կալորիականության դեպքում սպիտակուցներն առաջին հերթին ծախսվում են օրգանիզմի էներգիական պահանջները բավարարելու համար՝ չծառայելով նոր բջիջների կառուցմանը, որը կարող է հանգեցնել առողջության քայքայման։ Սպիտակուցի նորմավորումը կատարվում է ըստ սննդի օրաբաժնի կալորիականության. յուրաքանչյուր 1000 կկալին՝ 30 գ սպիտակուց։

Կենդանական սպիտակուցների օրական բնականոն պահանջը կարելի է բավարարել սննդի օրաբաժնի մեջ ներառելով 0,5 լ անարատ կաթ կամ կաթնաթթվային մթերք, 100 գ լոռ կամ պանիր, մսեղեն կամ ձկնեղեն և 1-2 ձու։ Սպիտակուցային լիարժեք սնունդ կարելի է ապահովել զուգակցելով կենդանական և բուսական ծագում ունեցող սպիտակուցները (օրինակ, կաթով սևաձավարի շիլա)։

Ս-ման համար կարևոր են մսի, մկան և սնկի մեջ պարունակվող ազոտային լուծահանվածքները։ Մսի և ձկան արգանակներում, սնկի եփուկում դրանց առկայությունը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը և լավացնում մարսողությունը։ Միաժամանակ դրանք պահանջում են մարսողական օրգանների լրացուցիչ աշխատանք, որով և պայմանավորված են այդ կերակուրների օգտագործման որոշակի սահմանափակումները։

Ածխաջրեր։ Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի կեսից ավելին մարդն ստանում է ածխաջրերից։ Դրանք հիմնականում պարունակվում են բուսական մթերքում։ Կենդանական մթերքից ածխաջրեր են պարունակում կաթը (կաթնաշաքարի տեսքով) և լյարդը։ Մաքուր ածխաջրերը՝ օսլան և շաքարը, ստանում են մթերքի արդյունաբերական վերամշակումով։ Գրեթե բացառապես ածխաջրերից բաղկացած բնական մթերք է մեղրը։ Մեծ քանակությամբ ածխաջրեր են պարունակում (օսլայի տեսքով) հացը, ձավարեղենը, կարտոֆիլը, իսկ շաքարների տեսքով՝ շաքարը, հրուշակեղենը, պտուղների և հատապտուղների քաղցր սորտերը։ Ածխաջրերը խիստ կարևոր են մկանների, նյարդային համակարգի, սրտի, սարդի և այլ օրգանների գործունեության համար, մեծ դեր են խաղում նյութափոոխանակության պրոցեսներում, անհրաժեշտ են օրգանիզմում ճարպերի լավ յուրացման համար։ Օրգանիզմում դրանք հաճախ կուտակվում են լյարդում և մկաններում կենդանական օսլայի՝ գլիկոգենի տեսքով։ Օրաբաժնի մեջ ածխաջրերի բացակայության դեպքում սննդաճարպերը լրիվ չեն յուրացվում։ Ճարպերի թերայրման արգասիքները վնասակար են առողջության համար։ Ածխաջրերի ավելցուկը նույնպես կարող է վնաս հասցնել առողջությանը՝ նպաստելով աթերոսկլերոզի, շաքարախտի զարգացմանը, նյարդային համակարգի բնականոն գործունեության խախտմանը, վարակի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության նվազմանը։ Երեխաներին շիլայով, շաքարով և հրուշակեղենով գերսնելիս կարող են առաջանալ նյութափոխանակության խանգարումներ, դիաթեզ, ատամնափուտ։ Ածխաջրերի պահանջը պայմանավորված է էներգիայի ծախսով։ Որքան մեծ է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և կատարված մկանային աշխատանքը, այնքան մեծ է ածխաջրերի պահանջը։ Ածխաջրերի նորմավորումը կատարվում է ըստ սննդի օրաբաժնի կալորիականության՝ յուրաքանչյուր 1000 կկալ-ին՝ 137 գ ածխաջրեր։

Հասուն մարդու ածխաջրերի պահանջը կարելի է բավարարել սննդի օրաբաժնի մեջ ներմուծելով ձավարեղենով, մակարոնով կամ լոբազգիներով պատրաստված երկու կերակրատեսակ, կարտոֆիլով, բանջարեղենով կամ դրանցից պատրաստած խավարտով մեկ կերակրատեսակ, 400-500 գ հաց և 90-100 գ շաքար ու քաղցրեղեն։ Վերջինս