Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգտագործումը։ Տարեց մարդիկ պետք է ավելի ուշադիր լինեն Ս-ման ռեժիմի նկատմամբ։

Հղի կանանց և կերակրող մայրերի Ս.։ Հղիության ժամանակ աճում է սպիտակուցների, մասամբ ճարպերի, կալցիումի և ֆոսֆորի աղերի նկատմամբ պահանջը։ Հղի կանանց սննդի կալորիականությունը (հղիության 5-րդ ամսից) միջին հաշվով օրական պիտի կազմի 2900 կկալ, սպիտակուցների օգտագործման չափաքանակը՝ 100 գ, այդ թվում կենդանական ծագման սպիտակուցներինը՝ 60 գ։ Սպիտակուցներ պետք է ընդունել կաթի, լոռի, պանրի, ձկան, մսի (ցանկալի է խաշած) միջոցով, ընդ որում միսը պետք է լինի ոչ յուղոտ։ Ամեն օր կաթ օգտագործելիս (0,8–1,2 լ) հղի կնոջ օրգանիզմն ստանում է անհրաժեշտ քանակության սպիտակուցներ, կալցիում և ֆոսֆոր։ Հղի կնոջ սնունդն անհրաժեշտ է հարստացնել A, B1, և PP, C և D վիտամիններով, կարոտինով, երկաթ պարունակող մթերքով (լյարդ, ձվի դեղնուց, կանաչի, միրգ)։ Գիրության հակված կանայք պետք է ճարպեր և հատկապես ածխաջրեր քիչ ընդունեն։

Երեխային կերակրելու ընթացքում կինը պետք է ավելի լավ սնվի, քան հղիության ժամանակ։ Կերակրող մոր սննդի օրաբաժնի կալորիականությունը պետք է կազմի 3200 կկալ, սպիտակուցի օգտագործման չափաքանակը՝ 112 գ, այդ թվում կենդանական ծագում ունեցողներինը՝ 67 գ։ Աճում է վիտամինների պահանջը, ավելի շատ կաթ (1,5 լ), ձու, կարագ, պանիր, բանջարեղեն, միրգ օգտագործելու անհրաժեշտությունը։ Պետք է խուսափել երեխայի մարսողությանը վնասող մթերքից։ Կերակրող կինը պետք է հետևի իր քաշին, որը ծննդաբերությունից հետո երկրորդ ամսվա վերջին պետք է լինի նույնը, ինչ հղիությունից առաջ և մնա կայուն կերակրման ամբողջ ընթացքում։

Տես նաև Կրծքի երեխա, Սնուցում երեխաների և դեռահասների հոդվածները;

ՍՆՈՒՑՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ, ճիշտ կազմակերպված սնուցումը մեծ նշանակություն ունի երեխայի և դեռահասի բնականոն ֆիզիկական և մտավոր զարգացման համար։ Ոչ բավարար սնուցումն արգելակում է աճը և զարգացումը, թուլացնում օրգանիզմի դիմադրողականությունը, իսկ գերսնուցումն առաջացնում է նյութափոխանակության և մարսողության խանգարում։ Սնուցումը ճիշտ կազմակերպելու համար պետք է հաշվի առնել հիմնական սննդանյութերի նկատմամբ երեխայի և դեռահասի օրգանիզմի տարիքային պահանջը, ինչպես նաև այդ սննդանյութերի ճիշտ հարաբերակցությունը։

Կրտսեր տարիքի երեխաների (1-3 տարեկան) սննդի օրաբաժնում հատկապես կարևոր են կաթնամթերքը, միսը, ձուն, որոնք հարուստ են սպիտակուցներով։ Մսուրային տարիքի երեխան օրական պետք է խմի առնվազն 600-800 մլ կաթ, իսկ դպրոցականը՝ 400-500 մլ։ Ճարպերի նկատմամբ մանուկների պահանջը պետք է բավարարվի հիմնականում լավ յուրացվող ձեթերով (արևածաղկի, եգիպտացորենի)։ Նպատակահարմար է բանջարեղենի խյուսը և սալաթները համեմել ձեթով։ Երեխաների սննդի մեջ առանձնակի նշանակություն ունեն դյուրամարս ածխաջրերը, որոնք պարունակվում են հատապտուղների, մրգերի և դրանցից պատրաստված ուտելիքի մեջ։ Կրտսեր տարիքի երեխաների սննդի մեջ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի լավագույն հարաբերակցությունն է 1:1:3, ավագ տարիքի երեխաների համար՝ 1:1:4։ Այս նորմերից զգալիորեն շեղվելն անբարենպաստ է ազդում առողջության վրա՝ անգամ սննդի մեջ սննդանյութերի և վիտամինների բավարար քանակության դեպքում։ Այսպես, օրինակ, ճարպերի (հատկապես կենդանական) ավելցուկը հանգեցնում է նյութափոխանակության և մարսողության խանգարման՝ գիրացման։ Ածխաջրերի ավելցուկը նույնպես հանգեցնում է նյութափոխանակության խանգարման, ճարպակալման, իսկ չափից ավելի քաղցր օգտագործելը՝ շաքարախտի զարգացման։

Երեխաների և դեռահասների սնունդը պետք է լինի բազմազան, միօրինակ սնունդը վատացնում է ախորժակը։ Մինչև 14 տարեկան երեխաները վատ են յուրացնում յուղոտ, թերի տապակած կամ ապխտած միսը։ Դժվարամարս են նաև ապխտած և չափից ավելի համեմած մսի և ձկան կերակուրները։ Մինչև 8-10 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում օգտագործել պղպեղ, մանանեխ և քացախ։ Բոլոր տեսակի ոգելից խմիչքները (գարեջուր, տնական թրմօղի ևն) վնասակար են երեխային և դեռահասին։ Գրգռիչ են նաև թունդ սուրճը, թեյը, կակաոն, ինչպես նաև մեծ քանակությամբ շոկոլադը (հատկապես մինչև 3 տարեկան երեխաների համար)։

Երեխաները և դեռահասները պետք է սնվեն օրական չորս անգամ։ Սնունդը բաշխվում է հետևյալ կերպ. նախաճաշ՝ 30 %, 2-րդ նախաճաշ՝ 10 %, ճաշ՝ 40– 45 %, ընթրիք՝ 15-20 %: Վերջին անգամ երեխան պետք է ուտի քնելուց 1,5-2 ժամ առաջ։

ՍՈԽ, տարբերում են գլուխ Ս., ձմեռվա կամ սնամեջ Ս., սեզատերև Ս., սոխուկ, եղջերասխտոր ևն։

Առավել տարածված է գլուխ Մ., որն առաջացնում է սոխուկ (գլխիկ) և փետրատերև։ Սոխուկը պարունակում է սպիտակուցներ, թաղանթանյութ, հանքային աղեր, 10 մգ % C վիտամին։ Կան գլուխ Ս-ի կծու, կիսակծու և քաղցրահամ սորտեր։ Կծվությունը պայմանավորված է սոխուկում և տերևներում պարունակվող եթերայուղով։ Ունի վարակազերծիչ (մանրէասպան) և հակալնդախտային հատկություն։

Քաղցր սորտերն ավելի վատ են պահպանվում քան կիսակծուները և կծուները։ Ս. հավաքում են աշնանը, չոր եղանակին, երբ տերևներն սկսում են թառամել։ Ս. հողից հանում են, տերևները կտրում, թողնում միայն վզիկը, չորացնում և պահեստավորում չոր և մութ զետեղարաններում (0-3°C և օդի 70-75% հարաբերական խոնավության պայմաններում)։

Կծու սորտերի չորացրած սոխուկները լավ պահպանվում են չոր, սառը զետեղարաններում և տնային պայմաններում՝ մինչև նոր բերքի ստացվելը։ Հասուն սոխուկը արտաքինից ծածկված է չոր թեփուկներով, որը պաշտպանում է նրան ջրազրկումից և փչանալուց։ Որքան շատ և խիտ են սոխուկի չոր թեփուկները, այնքան Ս. լավ է պահվում։ Գլուխ Ս. օգտագործում են թարմ, եփած, տապակած, պահածոյած և չորացրած։ Ս. կտրտելիս խորհուրդ է տրվում դանակը հաճախակի թրջել սառը ջրով, որպեսզի աչքերը չարցունքոտվեն։

Լայնորեն օգտագործվում է նաև կանաչ սոխը՝ գլուխ կամ բազմամյա Ս-երի (սնամեջ Ս., սոխուկ ևն) տերևները։ Լավագույն կանաչ Ս. ստանում են գլուխ Ս-ի մանր սոխուկներից (սերմնաբույսից):