Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արգելվում է գործածել նույնիսկ մետաղե նախշերով ամանեղեն (օրինակ, մետաղով երիզված ափսեներ կամ գավաթներ)։ Ուտելիքը կարելի է տաքացնել հենց ափսեի մեջ մատուցելուց առաջ։ Մթերքի որոշ տեսակներ եփում են ապակե փակ ամանների մեջ գոլորշիացումը կանխելու և վառարանի պատերը չաղտոտելու համար։ Միկրոալիքային վառարանի առանձնահատկությունը թույլ է տալիս զգալիորեն կրճատել ճարպերի օգտագործումը, ինչը չափազանց կարևոր է դիետիկ կերակուրներ եփելիս։

Արտադրվող միկրոալիքային վառարանները նախատեսված են 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից աշխատելու համար։ Սպառվող հզորությունը չի անցնում 1,65 կՎտ-ից։ Առավելագույն չափերն են 600x470x380 մմ։

Վառարանը տեղադրելիս անհրաժեշտ է հետևել, որ նրա հատակի և որպես պատվանդան ծառայող սեղանի մակերևույթի միջև մետաղե իրեր չլինեն։ Վառարանի աշխատանքի համար պետք է պատյանի դիմացի, ներքևի և հետևի պատերի մոտ ազատ տարածություն թողնել (հետևի պատի և մոտակա առարկայի հեռավորությունը պետք է լինի առնվազն 2,5 սմ)։

Հարկավոր է խստորեն պահպանել միկրոալիքային վառարանի շահագործման կանոնները։ Չի կարելի, օրինակ, միացնել դատարկ վառարանը, նվազագույն բեռնվածությունը մի բաժակ հեղուկն է (թեյ, կաթ ևն)։ Արգելվում է գործածել խախտված մեկուսացումով և չհողակցված վառարանը։ Վառարանի պատյանի հետևի պատին հողակցման համար նախատեսված է հատուկ սեղմակ։

ՎԱՐՍԱԿԱՁԱՎԱՐ, տես Ձավար:

ՎԱՐՈՒՆԳ, բերքը հավաքում են հունիսից սկսած, խորհուրդ է տրվում հավաքել հաճախակի և մատղաշ վիճակում։ Մատղաշ Վ. տնային պայմաններում կարելի է պահել մինչև 2 օր, 1°C–ի և օդի 85-90 % հարաբերական խոնավության պայմաններում մինչև 20 օր։

Վ-ի որակը որոշում են համով։ Վ. բարելավում է ախորժակը, նպաստում ճարպերի և սպիտակուցների ավելի լավ յուրացմանը։ Պարունակում է ջուր (98,2 %), շաքար, սպիտակուց, թաղանթանյութ, ճարպեր, հանքային աղեր, 10 մգ % C վիտամին։ Վ-ի բնորոշ հոտը պայմանավորված է պտուղներում եղած եթերայուղերով (մոտ 1 մգ %):

Խոհարարության մեջ Վ. օգտագործում են թարմ և թթու դրած, պահածոյած (տես Թթու), ինչպես նաև սալաթներ և այլ խորտիկներ պատրաստելու համար։ Տես նաև Բանջարեղեն:

ՎԱՖԼԵԿԱՂԱՊԱՐ էլեկտրական, նախատեսված է տանը վաֆլի թխելու համար։ Բաղկացած է հոդակապով միացված և պատյանի մեջ տեղավորված ալյումինե կիսակաղապարներից։ Յուրաքանչյուր կիսակաղապար տաքանում է 400 Վտ հզորության խողովակաձև էլեկտրատաքացիչ տարրով։ Վաֆլի թխում են 160-180°C ջերմաստիճանում։ Թողարկվող Վ-ները տարբերվում են գլխավորապես աշխատանքային մակերևույթների չափերով և ձևով։ Վ-ի զանգվածը 3,5-4 կգ է։ Աշխատանքային մակերևույթների ջերմաստիճանը կարգավորում է ջերմասահմանափակիչը (160-200°C սահմաններում)։ Վաֆլի թխելիս Վ. նախապես միացնում են էլեկտրացանցին և տաքացնում 7-10 րոպե։ Այնուհետև այն բացում են և տաքացված կիսակաղապարների մակերևույթին յուղ քսում։ Ներքևի կաղապարի վրա բարակ շերտով 2-3 ճաշի գդալ խմոր են լցնում և վերևի կաղապարը ծածկում։ Թխվում է 1-3 րոպեում (խմորի բաղադրությունից կախված)։ Թխված վաֆլին հանում են և տաք վիճակում մասերի բաժանում (անհրաժեշտ ձևի և չափի) կամ փաթաթում խողովակաձև։

Անալի վաֆլի. դեղնուցը, աղը և սողան հարում են, ավելացնում 1/2 բաժակ ջուր, ալյուր և խնամքով խառնում՝ աստիճանաբար ավելացնելով մնացած ջուրը։ Քաղցր վաֆլի ստանալու համար ավելացնում են 1–2 ճաշի գդալ շաքարավազ։

7 վաֆլիի համար՝ 1 բաժակ ալյուր, 1 ձու, 0,75 լ ջուր, թեյի գդալի ծայրով սոդա, աղ։

Փխրուն վաֆլի. կարագը (սենյակային ջերմաստիճանի) շաքարավազի հետ խառնում են, ավելացնում ձու, աղ, սոդա, վանիլին և հարում։ Լցնում են անհրաժեշտ ջրի կեսը, ալյուր և խնամքով խառնում՝ աստիճանաբար ավելացնելով մնացած ջուրը։

10 վաֆլիի համար՝ 2 բաժակ ալյուր, 1/2 բաժակ շաքարավազ, 1 ձու, 30 գ կարագ, 0,5 լ ջուր, թեյի գդալի ծայրով աղ և սոդա, վանիլինը՝ ըստ ճաշակի։

Փխրուն վաֆլի կարելի է թխել նաև խմորիչով։ Խմորիչը մանրացնում են և շաքարավազի հետ խառնում, լցնում անհրաժեշտ կաթի կեսը, ալյուր և խառնում՝ ավելացնելով մնացած կաթը։ Տաք տեղում թողնում են 1 ժամ։

10 վաֆլիի համար՝ 1 բաժակ ալյուր, 1 բաժակ կաթ, 20 գ խմորիչ, 100 գ կարագ, 1/2 թեյի գդալ շաքարավազ։

Վաֆլու խողովակները լցոնում են եփովի սառած կրեմով:

ՎԻՆԵԳՐԵՏ, խառնախորտիկ, սառը խորտիկ։ Մսեղենի հետ կարող է օգտագործվել նաև որպես խավարտ։

Վ. բանջարեղենով. առանձին-առանձին, առանց մաքրելու խաշում են կարտոֆիլը, ճակնդեղը, գազարը։ Հովանալուց հետո կեղևած բանջարեղենը մանր կտրտում են, լցնում լայն ամանի մեջ, ավելացնում կեղևած և կտրտած թթու վարունգ, մանր կտրտած գլուխ կամ կանաչ սոխ, պղպեղ, աղ, շաքարավազ։ Համեմում են ձեթով, քացախով (նաև թթվասերով կամ մայոնեզով) և լցնում սալաթամանի մեջ։ Կարելի է զարդարել եփած ձվի շերտերով, մանր կտրտած կանաչ սոխով և կանաչ ոլոռով։ Երբեմն ավելացնում են թարմ բանջարեղեն (հազար, վարունգ), թթու դրած սունկ (կամ սնկի մարինադ), եփած լոբի։ Թթու վարունգի փոխարեն կարելի է օգտագործել թթու կաղամբ։

1 կգ Վ-ի համար՝ 4-5 կարտոֆիլ, 2-3 փոքր ճակնդեղ, 2-3 գազար, 1-2 թթու վարունգ (կամ 150 գ թթու կաղամբ), 2 ճաշի գդալ ձեթ (կամ 1/3 բաժակ թթվասեր), աղը, քացախը, աղացած պղպեղը և շաքարավազը՝ ըստ ճաշակի։

Վ. մսով (կամ ձկով)։ Բանջարեղենով Վ-ին (չհամեմած) ավելացնում են կտրտած միս (եփած կամ տապակած) կամ ձուկ և համեմում