է ծախսվում։ Խոհանոցի պատերը հարդարելու համար օգտագործում են յուղաներկ կամ լվացվող (խոնավադիմացկուն) պաստառ։ Յուղաներկն աստիճանաբար փոխարինվում է ավելի դիմացկուն, թեթև և թափանցիկ սիլիկատային, սինթետիկ ջրաէմուլսային ներկով։ Դրանք առաջացնում են ծակոտկեն, ճկուն թաղանթ, չեն խանգարում օդափոխությանը և ունեն ջերմա– և ձայնամեկուսիչ լավ հատկություններ։ Նախասենյակի և միջանցքի համար նախընտրելի է լվացվող պաստառը։ Լողասենյակի հարդարման համար առավել հարմար են ջնարակած խեցեսալիկները (տես Երեսպատում սալիկներով) և պոլիստիրոլե սալիկները։
Բ. հ-ման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել գույների ազդեցությունը սենյակի չափերի տեսողական ընկալման, մարդու տրամադրության, նյարդային համակարգի վրա։ Մանուշակագույնը և կարմիրը հոգնեցնում են, գրգռում նյարդային համակարգը և նվազեցնում աշխատունակությունը։ Հետևաբար, այդ գույներն անցանկալի են բնակելի սենյակների պատերի հարդարման համար։ Երկնագույնը և կանաչը բարերար ազդեցություն են գործում նյարդային համակարգի վրա, բարձրացնում աշխատունակությունը, չեն հոգնեցնում աչքերը։ Դեղինը նույնպես ունի նյարդեր հանգստացնելու հատկություն։ Որքան բաց է պատերի գույնը, այնքան սենյակն ավելի ընդարձակ է թվում։ Այդպիսով, գույների ճիշտ ընտրությամբ կարելի է որոշ չափով շտկել սենյակի անհամաչափությունը։ Տաք երանգները՝ կարմիրը, նարնջագույնը, դեղինը, կարծես մոտեցնում են ներկած մակերևույթները։ Գույների ընտրությամբ կարելի է ազդել նաև սենյակի բարձրության տեսողական ընկալման վրա։ Փոքր մակերեսով և բարձր առաստաղով սենյակի համար գույներ ընտրելիս պետք է հաշվի առնել, որ առաստաղի տաք և պատերի սառը գույների համադրությունն ստեղծում է ավելի ցածր և ընդարձակ սենյակի տպավորություն։ Սառը գույնով ներկած առաստաղը ավելի բարձր է թվում։ Երկարավուն սենյակի հեռավոր պատը «մոտեցնելու» նպատակով, այն պետք է ներկել մի փոքր ավելի մուգ։ Որպեսզի սենյակն ընդարձակ թվա, պատերը հարկավոր է ներկել մեղմ պաստելային երանգի ներկով։
Փոքր սենյակի պատերին խորհուրդ է տրվում փակցնել բաց գույնի պաստառ ոչ խիտ մանր նախշերով։ Խոշոր նախշերը փոքրացնում են սենյակի ծավալը։ Ուղղաձիգ զոլանախշերի դեպքում առաստաղը բարձր է թվում, իսկ հորիզոնականի դեպքում ավելի ցածր։ Սենյակի ընդհանուր լուսավորվածությունն ուժեղացնելու նպատակով խորհուրդ է տրվում փակցնել ռելիեֆային պաստառ։
Դեպի հարավ, հարավ-արևելք և հարավ-արևմուտք նայող սենյակները, ինչպես նաև ննջասենյակը և աշխատասենյակը խորհուրդ է տրվում ներկել սառը գույներով։ Ելնելով սենյակի դիրքից կարելի է փոքր-ինչ փոխել երանգը։ Օրինակ, հյուսիսահայաց ննջասենյակի կանաչ գույնին կարելի է տալ դեղնավուն, իսկ հարավահայացի կանաչին երկնագույն երանգ։
Մեկ և երկու սենյականոց փոքր բնակարանների (հատկապես կից սենյակներով) սենյակները, նախասենյակը և միջանցքը ցանկալի է ներկել նույն գույնով։ Այդ դեպքում բնակարանը կթվա ավելի ընդարձակ։ Մեծ բնակարանի սենյակները և օժանդակ տարածությունը կարելի է ներկել տարբեր գույներով չխախտելով, սակայն, գունային միասնությունը։ Կից սենյակները խորհուրդ չի տրվում պատել տարբեր չափի նախշեր ունեցող պաստառներով։
2,5-2,7 մ բարձրության պատերը հարկավոր է ներկել կամ պաստառապատել ամբողջությամբ՝ վերևում թողնելով առաստաղի գույնով 2-3 սմ-անոց նեղ շերտ (առաստաղի անհարթություները քողարկելու համար)։ 3,0 մ և ավելի բարձրության պատեր ներկելիս կամ պաստառապատելիս, առաստաղից ցած թողնում են 40-60 սմ-անոց շերտ։ Առաստաղը հիմնականում ներկում են սպիտակ, ինչը շեշտում է պատերի գույնը։ Եթե սենյակի լուսամուտները նայում են դեպի հարավ, հարավ-արևելք կամ հարավ-արևմուտք, ցանկալի է առաստաղին աննշան կապտավուն երանգ տալ ճերմակությունը շեշտելու համար։ Բնակարանի թույլ լուսավորված կամ բնական լուսավորություն չունեցող հատվածներում (նախասենյակ, միջանցք) պատերը նպատակահարմար է ներկել սառը, մաքուր, պայծառ գույներով։ Հագեցած (հատկապես տաք) գույները հոգնեցուցիչ են աչքի համար, դրանք կարելի է կիրառել խորդանոցում, հանդերձարանում և լողասենյակում։
Ջեռուցման սարքերը, խողովակները և դրանց համար նախատեսված որմնախորշերը ցանկալի է ներկել փայլատ յուղաներկով։ Կարելի է օգտագործել նաև պատի գույնին համապատասխանող կամ էլ բաց մոխրագույն ջրաէմուլսային ներկ։ Լուսամուտների շրջանակները, ներքին շեպերը, լուսամուտագոգը, դռների մակերևույթն ու պարակալները խորհուրդ է տրվում ներկել սպիտակ, որը ավելացնում է լուսավորությունը և հիգիենիկ է։ Դեպի հարավ, հարավ-արևելք ու հարավ-արևմուտք նայող սենյակներում վերոհիշյալ մակերևույթները ներկելիս սպիտակ յուղաներկին խորհուրդ է տրվում ավելացնել մի քիչ ուլտրամարին՝ ճերմակությունը շեշտելու համար։
Ներքին դռները, ներկառուցված պահարանների և անտրեսոլների դռնակները կարելի է ներկել սպիտակ, ինչպես նաև պատի կամ պաստառի գույնի։ Պահարանների և անտրեսոլների բռնակները կարելի է պաստառապատել, իսկ պարակալները ներկել պաստառի գույնի, որպեսզի պատը չմասնատվի, իսկ պահարանն աննկատ լինի։
Ժամանակակից բնակարանի սենյակների, նախասրահի ու խոհանոցի հատակը հարդարում են փայտով, փայտասալիկներով, լինօլեումով ևն (տաք հատակ), իսկ լողասենյակի և զուգարանի հատակը խեցեսալիկներով, մետլախի սալիկներով ևն (սառը հատակ)։ Փայտասալիկավոր հատակը պետք է լինի նույն փայտատեսակից և շարվի առանց եզրանախշի։
Որպեսզի հատակի ամբողջականությունը չխախտվի, փայտասալիկների շարքերը չպետք է ընդհատվեն դռնատեղերում։ Տախտակե հատակը ցանկալի է ներկել բաց շագանակագույն, բաց մոխրագույն կամ դեղին։ Խոհանոցի լինօլեումի գույնը պետք է համապատասխանի թե՛ խոհանոցի ինտերիերի, թե՛ բնակարանի հատակի գույներին։ Մեծ բնակարաններում ննջասենյակի հատակը հարմար է պատել գորգածածկույթով։
Շրիշակի գույնը պետք է ներդաշնակի հատակի, այլ ոչ պատերի գույնին, կամ էլ անցումային լինի հատակի և պատերի միջև։ Բ. հ-ման համար գույներ ընտրելիս, պետք է հաշվի առնել գունային ներդաշնակության հիմնական սկզբունքները և բնակարանի կահավորանքի առանձնահատկությունները։