Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի Կ. հ. ժամանակին հայտնաբերվի։ Հիվանդների հետ շփված մինչև 7 տարեկան երեխաներին հարկավոր է մեկուսացնել, չթույլատրել մանկական հիմնարկ հաճախել 14 օր՝ մեկուսացման օրից սկսած և 25 օր եթե հիվանդը չի մեկուսացվել։ Չի կարելի երեխային տրանսպորտով փոխադրել։

Մաքուր օդում երկարատև զբոսանքը բարելավում է հիվանդության ընթացքը։ Ամռանը խորհուրդ է տրվում ամբողջ օրը լինել դրսում, ձմռանը -10 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանում և քթային ազատ շնչառության առկայության դեպքում օրը 4-5 ժամ։ Անհրաժեշտ է հիվանդի սենյակը լավ օդափոխել, կերակրել հաճախակի (օրը մինչև 10 անգամ), բայց փոքր բաժիններով։ Կերակուրը պիտի լինի սննդարար և մանրացրած (ապուրներ, տրորած կաթնաշոռ, մրգերի խյուս, աղացած միս)։ Հետաքրքիր խաղերով, խաղալիքներով զբաղված երեխաների Կ. հ-ի նոպաները հաճախակի չեն և ընթանում են թեթև։ Հազի նոպայի ժամանակ ծնողները պիտի իրենց հանգիստ պահեն, սարսափած տեսքով չվախեցնեն երեխային, փոքրիկներին գրկեն, իսկ մեծերին նստեցնեն։ Ուժեղ նոպայի ժամանակ պետք է երեխայի գլուխը բռնել։ Հիվանդության ընթացքում երեխան պիտի գտնվի բժշկի հսկողության տակ։ Հիվանդության ավարտից հետո հատուկ վարակազերծում չի պահանջվում, բավական է սենյակն օդափոխել, կատարել խոնավ մաքրում։ Կ. հ-ի պատվաստումները կարող են երեխային զերծ պահել հիվանդությունից, իսկ հիվանդանալու դեպքում՝ թեթև տանել։ Տես նաև Մանկական վարակիչ հիվանդություններ, Կանխարգելիչ պատվաստումներ։

ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ, վիրուսային հիվանդություն. բնորոշվում է նյարդային համակարգի ծանր ախտահարումներով։ Հիվանդությունը մարդուն փոխանցվում է կատաղած կենդանու կծելու կամ թուքը մարդու վնասված լորձաթաղանթների, մաշկի վրա ընկնելու միջոցով։ Կենդանու թուքը վարակիչ է դառնում հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց մի քանի օր առաջ։ Մարդկանց վարակի աղբյուրը ընտանի կենդանիներն են՝ շները, հազվադեպ՝ կատուները, ինչպես նաև վայրի գիշատիչները (գայլ, աղվես)։ Հիվանդացած շանը դառնում է անհանգիստ, հրաժարվում է սննդից, այնուհետև վրա է հասնում գրգռման շրջանը՝ ջղաձգության նոպաներով, նկատվում է թքահոսություն, հաչոցը դառնում է խռպոտ։ Մարդը հիվանդանում է գաղտնի շրջանից հետո, որի տևողությունը պայմանավորված է կծած տեղով և վնասման ծանրությամբ (10 օրից մինչև 1 տարի, հաճախ 1-3 ամիս), առաջանում են գրգռվածություն, շնչառության խանգարում, հեղուկի կլման դժվարացում, լուծանք։

Մարդու հիվանդության կանխարգելման միակ հնարավորությունը հիվանդ կենդանու կծելուց հետո բուժիչ պատվաստումներն են, որի համար հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։ Կախված կծած տեղից և վնասման ծանրության աստիճանից, կենդանու վիճակից և վարքից, ինչպես նաև այլ պայմաններից՝ տուժածին նշանակում են պատվաստման կարճ (պայմանական) կուրս (1-2 ներարկում) և հիվանդ շանը 10 օր վերցնում են հսկողության տակ կամ լրիվ կուրս՝ երբ կենդանու մոտ ակնհայտ են Կ-յան նշանները կամ կենդանին անհետացել է հսկողության ժամանակամիջոցում։ Առանձին դեպքերում, պատվաստումներ չեն կատարում, բայց կենդանին 10 օր վերցվում է հսկողության տակ։ Հատկապես վտանգավոր են դեմքի, պարանոցի, դաստակի խոր, ինչպես նաև գիշատիչ կենդանիների կծածները (այս դեպքում գաղտնի շրջանը ամենակարճատևն է)։

Կ-յան դեմ պատվաստումներ կատարելիս արգելվում է ոգելից խմիչքների օգտագործումը, խորհուրդ է տրվում խուսափել գերհոգնածությունից, օրգանիզմի սառեցումից, ջերմահարությունից։ Կ-յան կանխարգելման նպատակով կատարում են տնային շների ամենամյա գրանցում և պատվաստումներ, հավաքում են թափառող (անտեր) շներին և կատուներին։

ԿԱՐԱՆՏԻՆ, համաճարակային հիվանդության օջախից վարակի տարածումը կանխող միջոցառումների համակարգ։ Կ. են անվանում նաև առողջ և վարակիչ հիվանդների հետ շփված երեխաներին իրարից մեկուսացնելը հնարավոր գաղտնի շրջանի ժամկետում (օրինակ, քութեշի, կապույտ հազի, ջրծաղիկի դեպքերում)։ Եթե երեխան հիվանդի հետ շփվել է տանը, նրան Կ-ի ժամանակամիջոցում չի թույլատրվում հաճախել մանկական հիմնարկ, Կ-ի ընթացքում մանկական հիմնարկում չի թույլատրվում նոր երեխաներ ընդունել։ Տես նաև Հակահամաճարակային միջոցառումներ։

ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տեսողության թերություն, որի ժամանակ մարդը վատ է տեսնում հեռուն։ Առաջանում է ակոմոդացիայի խանգարման հետևանքով, երբ աչքի ոսպնյակը կորցնում է իր ձևը փոխելու ընդունակությունը, դառնում է ավելի ուռուցիկ։ Կ-յան զարգացմանը նպաստում են թույլ լուսավորվածությունը, մոտ տարածությունում գտնվող առարկաների հետ աշխատանքը (կարդալ, գրել, որոշ արհեստներ)։ Կ. սովորաբար զարգանում է դպրոցական տարիներին, տարիքի հետ նրա աստիճանը կարող է բարձրանալ։ Կ-յան ժամանակ, սովորաբար, տեսողական լարված աշխատանքից հետո աչքն արագ հոգնում է, վերհոնքային աղեղների շրջանում առաջանում է ցավ։ Հաճախ, հատկապես ակնագնդի շարժումների ժամանակ, աչքի առաջ երևում են, այսպես կոչված, թռչող մժեղներ՝ մանր մոխրագույն կետեր։ Ճշգրիտ պատկեր ստանալու համար կարճատես մարդը ստիպված է առարկան մոտեցնել աչքին։ Ցրող (գոգավոր) տեսապակիներով ակնոցը հնարավորություն