լուծույթ կամ այդ լուծույթը՝ որոշ լվացամիջոցներով։ Իրերն անհրաժեշտ է երկու անգամ մաքրել նշված լուծույթով՝ 10-15 րոպե ընդմիջումով։
ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ, ախտահանում, վարակիչ հիվանդությունների հարուցիչների միկրոօրգանիզմների, լայն իմաստով՝ նաև վնասակար միջատների և կրծողների ոչնչացում։ Տարբերում են օջախային (այսպես կոչված, համաճարակային օջախում վարակիչ հիվանդի գտնվելու վայրում), եզրափակիչ (իրականացնում են բուժաշխատողները հիվանդին հիվանդանոց փոխադրելուց հետո) և ընթացիկ (օջախում գտնվող հիվանդի շրջապատում) Վ.։ Վ–ման համար կիրառվում են թե՛ ֆիզիկական (օրինակ, եռացում), թե՛ քիմիական (վարակազերծիչ միջոցների օգտագործում) մեթոդներ։ Հագուստը և անկողնային պարագաները մշակվում են հատուկ վարակազերծիչ խցիկներում։ Վ-ման մեթոդները, վարակազերծիչ միջոցների խտությունը և ախտահանման տևողությունն ընտրում են՝ ելնելով վարակի հարուցիչի կայունությունից։
Ընթացիկ Վ-ման ժամանակ (մինչև հիվանդին հիվանդանոց փոխադրելը կամ նրան տանը թողնելու դեպքում) բնակարանը պետք է մաքրել տաք օճառաջրով կամ լվացքի փոշու տաք լուծույթով թրջած շորով, հիվանդի օգտագործած ամանեղենը եռացնել սոդայի 2 %-անոց լուծույթում, իսկ սպիտակեղենը լվացքի փոշու կամ սոդայի 2 %-անոց լուծույթում։ Կահույքի և հիվանդի խնամքի առարկաները, դռների բռնակները հարկավոր է լվանալ տաք օճառաջրով, լվացքի փոշու տաք լուծույթով կամ մշակել քլորամինի լուծույթով։ Անկողնային պարագաներն անհրաժեշտ է մաքրել փոշեծծիչով կամ քլորամինի լուծույթով թրջած խոզանակով։ Փայլուն կահույքը հարկավոր է սրբել նավթով թրջած լաթով կամ հատուկ հեղուկներով։ Հիվանդի պետքամանի մեջ պետք է լցնել քլորամինի լուծույթ։ Տես նաև Վարակազերծիչ միջոցներ, Մանկական վարակիչ հիվանդություններ, Աղիքային վարակիչ հիվանդություններ:
ՎԵՐՄԱԿ էլեկտրական, ստեղծում է մինչև 45°C ջերմաստիճան։ Վ-ի ներսի մասում ամուր կտավի վրա ամրացված է (ամբողջ մակերևույթով հավասարապես տեղաբաշխված) ասբեստով մեկուսացված բարակ պարույրի տեսքով էլեկտրաջեռուցիչ տարր։ Վերջինիս հզորությունը 120 Վտ է։ Ջերմաստիճանը կարելի է կարգավորել՝ եռաստիճան փոխարկիչի օգնությամբ փոփոխելով ջեռուցիչ տարրի հզորությունը (120 Վտից 60 կամ 30 Վտ-ի)։
Վ. անվտանգ է. դրա մեջ տեղադրված են ջերմասահմանափակիչներ, որոնք ավտոմատորեն անջատում են այն էլեկտրական ցանցից՝ ջերմաստիճանը թույլատրելի սահմանից անցնելու դեպքում։
Վ-ի արտաքին ծածկոցը կարված է զարդագեղ գործվածքից և մգդակված է։ Վ-ի չափերն են 2x1,5 մ, զանգվածը՝ 1,5 կգ։
ՎԵՐՔ, տարբերում են ծակած, կտրած, պատռված, հրազենային, կծած և այլ Վ–եր, որոնք կարող են ուղեկցվել ոսկրերի, արյան խոշոր անոթների, նյարդերի վնասմամբ։
Վ-երի ծանրության աստիճանը պայմանավորված է դրանց տեղադրությամբ (հատկապես վտանգավոր են գլխի, կրծքի և որովայնի խոռոչների Վ-երը), քայքայված հյուսվածքի չափերով, աղտոտման աստիճանով և Վ. ուղեկցող արյունահոսությամբ։ Վ-երի (բացառությամբ վիրաբուժական) աղտոտումը վիրավորման պահին անխուսափելի է, բայց այն կարող է լինել նաև ավելի ուշ։ Դրա համար շատ կարևոր է թարմ Վ-ի վրա առաջին վիրակապը ճիշտ դնելը, քանի որ հաճախ դրանով է պայմանավորված Վ-ի լավանալը։ Հնարավորության դեպքում հարկավոր է դիմել բուժհիմնարկություն, որպեսզի կատարեն հակափայտացման պատվաստում և Վ–ի մշակում։
Ցանկացած Վ-ի դեպքում ամենից առաջ անհրաժեշտ է դադարեցնել արյունահոսությունը և դնել Վ. հետագա վարակումից պաշտպանող վիրակապ։ Ամենալավը ախտահանված թանզիֆե վիրակապն է, որի վրա դրվում է բամբակ և ամրացվում վիրափաթաթանով (բինտ)։ Վիրակապը դնելիս պետք է պահպանել որոշակի կանոններ, Վ. չպետք է լվանալ, քանի որ նրա մեջ կարող են թափանցել թարախածին մանրէներ։ Եթե Վ-ի մեջ լցվել են փայտի կտորտանք, հագուստի ծվեններ, հող և այլն, դրանք կարելի է հանել միայն այն դեպքում, եթե գտնվում են Վ-ի մակերևույթին, սակայն ոչ ձեռքերով։ Ախտահանված վիրակապ չլինելու դեպքում Վ. պետք է ծածկել գործվածքի մաքուր, ցանկալի է արդուկած, լաթով, այնուհետև տուժածին հասցնել բուժհիմնարկություն։ Ծայրանդամների ծանր Վ-երի ժամանակ հանգիստ վիճակ ստեղծելու, տուժածին բուժհիմնարկություն տեղափոխելիս ծայրանդամն անշարժացնելու համար անհրաժեշտ է դնել բեկակալ, անշարժացնող վիրակապ։ Տանը այն դնելուց առաջ օգնություն ցույց տվողը պետք է վերնաշապկի թևքերը ծալի արմունկներից վեր, եղունգները կտրի, ձեռքերը լավ լվանա օճառով, սրբի մաքուր սրբիչով, իսկ շտապ դեպքերում հարկավոր է ձեռքերը մաքրել սպիրտով։ Վ. պետք է ծածկել ախտահանված թանզիֆով, շրջապատող մաշկը լվանալ ջրածնի գերօքսիդով կամ սպիրտով (օղիով, օդեկոլոնով) թրջած բամբակով այն շարժելով Վ-ից դեպի դուրս ուղղությամբ, որպեսզի վարակ չթափանցի։ Այնուհետև մաշկին հարկավոր է յոդ քսել՝ չդիպչելով Վ-ին։ Թանզիֆե ժամանակավոր վիրակապը պետք է հանել և խնամքով Վ-ի վրա դնել մի քանի շերտ ախտահանված, կոկիկ, առանց ծալքերի թանզիֆե անձեռոցիկներ։ Թանզիֆի վրայից պետք է դնել, ոչ հաստ, խոնավածուծ (ցանկալի է ախտահանված) բամբակ (տես Վիրակապեր)։ Շատ հարմար է օգտագործել վաճառքում եղած անհատական վիրակապական փաթեթ։
Կենդանիների կծած նույնիսկ չնչին Վ-երով անձինք պետք է անմիջապես դիմեն բժշկի։
Բուժհիմնարկում դրված վիրակապը տանը փոխելը ցանկալի չէ, քանի որ կարող է Վ-ի մեջ վարակ թափանցել, ցավերն ուժեղանալ, արյունահոսություն վերսկսվել։ Վիրակապը փոխելու անհրաժեշտության դեպքում պետք է պահպանել որոշակի կանոններ։ Չորացած վիրակապը չպետք է պոկել Վ-ից, այլ պետք է բամբակի վերին շերտը հանելուց հետո, թանզիֆի եզրերը բարձրացնել և Վ. թրջել ջրածնի գերօքսիդով, ռիվանոլի, կալիումի գերմանգանատի, կերակրի աղի լուծույթներով կամ եռացրած գոլ ջրով։ Վ-ի վրա չի կարելի կոմպրեսի թուղթ դնել։
Ռիվանոլը պետք է լուծել հենց նոր եռացրած ջրում (1 բաժակ ջրին՝ 2 հաբ)։ Կերակրի աղի լուծույթը հարկավոր