պատրաստել հետևյալ կերպ. մաքուր, եռացրած 1 բաժակ ջրում լուծել 2 թեյի գդալ կերակրի աղ, քամել թանզիֆով, այնուհետև եռացնել (10–15 րոպե) մաքուր արծնապատ ամանում։ Լուծույթները կարելի է պահել մաքուր, եռացրած ջրով լվացած բաժակներում։
Ունելին և մկրատն օգտագործելուց առաջ հարկավոր է 10 րոպե եռացնել արծնապատ ամանում։ Տնային դեղարկղում (տես Դեղարկղ) հարկավոր է ունենալ Վ-ի մշակման համար անհրաժեշտ բոլոր միջոցները։
ՎԻՏԱՄԻՆՆԵՐ, կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և անփոխարինելի են։ Վ-ի մեծ մասը մարդը ստանում է սննդի հետ, և սոսկ մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում։ Կան կազմությամբ Վ-ին մոտ նյութեր, այսպես կոչված նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են Վ-ի։ Որոշ սննդամթերքներ հարուստ են մեկ կամ մի քանի Վ-ով, բայց զուրկ են մյուսներից։ Ուստի միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից Վ-ի յուրացման գործընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինոզ, ավիտամինոզ)։ Վ-ի ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինոզների։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ բաժնաչափի միանվագ ընդունումից (սովորաբար վիտամինային պատրաստուկի ձևով) կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։ Առավել հաճախ գերվիտամինոզը հանդիպում է վաղ հասակի երեխաների մոտ, երբ ծնողներն առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու երեխային տալիս են վիտամինային պատրաստուկներ կամ մեծացնում են բժշկի նշանակած բաժնաչափը։ Վ-ի ընդունումը պետք է խստորեն համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին։
Վ-ի պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման, հղիության, կրծքով կերակրման շրջանում, հիվանդության ժամանակ և հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության (օրինակ, սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում։ Մեծահասակների օրգանիզմում Վ-ի յուրացումը դժվարանում է։
Վ-ի մեծ մասը պայմանականորեն նշանակվում է լատինական տառերով (օրինակ, A, B, C և այլն), բացի այդ, դրանք ունեն նաև քիմիական կազմությունն արտահայտող հատուկ անվանումներ։
Տարբեր սննդամթերքներում պարունակվող որոշ Վ. կարող են մասնակիորեն քայքայվել մի շարք արտաքին գործոնների ներգործությունից։ Թարմ մթերքներն ավելի հարուստ են Վ-ով, քան պահածոյվածները։ Սննդամթերքը երկարատև պահելիս, չորացնելիս, եփելիս տարբեր Վ. (հատկապես ամենաանկայուն վիտամին C) մասնակիորեն քայքայվում են։ Ուստի անհրաժեշտ է իմանալ և պահպանել սննդամթերք պահելու և դրա խոհարարական մշակման կանոնները։
Վիտամին A (ռետինոլ), անհրաժեշտ է լիարժեք տեսողության համար, ապահովում է օրգանիզմի բնականոն աճը։ Վիտամին A–ի անբավարարությունից մաշկը գունատվում է, չորանում, թեփոտում, առաջանում են պզուկներ, թարախաբշտիկային հիվանդություններ, մազերը չորանում են և խամրում, եղունգները դառնում դյուրաբեկ։ Անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրությունը)։ Վիտամին A-ն պարունակվում է միայն կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանիրում, ձվի դեղնուցում։ Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունակների (պիգմենտների), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, սալաթը (մշակովի հազարը), մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն։ Կարոտինոիդներն օրգանիզմում լավ են յուրացվում ճարպերի զուգակցությամբ, ուստի ավելի օգտակար է բանջարեղենը ուտել սալաթների ձևով համեմված թթվասերով կամ բուսական յուղով։ Մթերքները սովորական ձևով եփելիս, թթու դնելիս վիտամին A–ն և կարոտինոիդները լավ են պահպանվում, իսկ չորացնելիս, ճարպերը կծվելիս արագ քայքայվում են։
Վիտամին B1, (թիամին). անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն, հատկապես ածխաջրերի նյութափոխանակության համար։ Անբավարարության դեպքում նկատվում է դյուրագրգռելիություն, հոգնածություն, մարսողության խանգարում։ Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի։ Վիտամին B1-ով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը։ Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց։ Օրգանիզմի վիտամին B1-ի պահանջը զգալիորեն մեծանում է ֆիզիկական և մտավոր գերծանրաբեռնվածությունից, ցրտից։
Վիտամին B2 (ռիբոֆլավին), անհրաժեշտ է օրգանիզմի աճման համար։ Այն մասնակցում է կենսաբանական օքսիդացման գործընթացներին։ Նպաստում է վերքերի լավացմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը։ Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը։ Մեծ քանակությամբ վիտամին B2 պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում։ Վիտամին B2–ը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից։
Վիտամին B6 (պիրիդօքսին), մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են։ Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն, հղիների մոտ՝ դեմքի, պարանոցի, կրծքի, գլխի մաշկի բորբոքում: