և ազդեցության մեխանիզմը անբավարար է ուսումնասիրված։ Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ։
Վիտամին C (ասկորբինաթթու). կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում։ Անբավարարության դեպքում զարգանում է լնդախտ (ցինգա)։ Ավելցուկային բաժնաչափերը (օրական մի քանի գ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ, երիկամաքարային հիվանդություն)։ Վիտամին C-ի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար օրական 50-100 մգ, երեխաներինը՝ 30-70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ։ Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը։ Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին։ Վիտամին C-ի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում։ Վիտամին C-ն լավ է լուծվում ջրում, այն ամենաանկայունն է, հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում պղնձի) ներկայությամբ։ Բանջարեղենը եփելիս կորչում է վիտամին C-ի մոտ 1/3-ը։ Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է։ Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է։ Թարմ սառեցրած միրգը և բանջարեղենը հալվելիս վիտամին C-ն դառնում է անկայուն, ուստի պետք է արագ օգտագործել։ Գարնանը խորհուրդ են տրվում թարմ կանաչ սոխը և որոշ պահածոյված մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում վիտամին C-ն լավ է պահպանվում։ Վիտամին C-ի պարունակության մասին տես Բանջարեղեն, Միրգ, ինչպես նաև առանձին մթերքներին վերաբերող հոդվածներում։
Վիտամին D (կալցիֆերոլներ) օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը։ Վիտամին D-ի մեծ պահանջ ունեն հատկապես 3-4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը), ինչպես նաև հղի և կրծքով կերակրող կանայք։ Սովորաբար վիտամին D-ն առաջանում է մարդու մաշկում անդրամանուշակագույն ճառագայթների ներգործության տակ։ Վիտամին D-ի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։ Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինից, իսկ բուսական մթերքները, որպես կանոն, բոլորովին չեն պարունակում։
Մեծահասակ մարդկանց պահանջը վիտամին D-ի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում ապրելիս)։ Ձմռանը օրգանիզմում վիտամին D-ի առաջացումը կարելի է խթանել քվարցով ճառագայթահարելիս։ Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են վիտամին D-ի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ բաժնաչափը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ։
Վիտամին E (տոկոֆերոլներ). խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները։ Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, սալաթում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում։
Վիտամին K (ֆիլոքինոններ). մասնակցում է արյան մակարդմանը։ Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում։ Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) վիտամին K գրեթե չեն պարունակում։
Վիտամին P (կենսաֆլավոնոիդներ). նյութերի խումբ, որոնք բարձրացնում են մազանոթների պատերի կայունությունը, վերացնում դրանց բարձր թափանցելիությունը։ Այդ նյութերից են ռուտինը, տանինը։ Առավել արդյունավետ են վիտամին C-ի զուգակցությամբ։ Պարունակվում են թեյում (առանձնապես կանաչ), մասուրում, կիտրոնում, խուրմայում, սև հաղարջում, սև արոսենու պտուղներում, խաղողում, սալորում, տաքդեղում, հնդկաձավարում։
Վիտամին PP (նիկոտինամիդ, նիկոտինաթթու), անհրաժեշտ է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացման գործընթացների համար։ Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում։ Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքներից։
Ֆոլաթթու (ֆոլացին). սերտորեն կապված է արյունաստեղծման հետ։ Հիմնականում պարունակվում է կանաչ տերևներով բանջարեղենում (լատիներեն ֆոլիում-տերև), ինչպես նաև լոլիկում, խնձորում, կարտոֆիլում, լյարդում, երիկամներում, խմորիչներում, սպանախում, մաղադանոսում, կաղամբում, ծաղկակաղամբում։
Պանտոտենաթթուն մասնակցում է նյութափոխանակության կարևորագույն ռեակցիաներին։ Պարունակվում է կենդանական և բուսական ծագման շատ մթերքներում։ Օրական պահանջը լրացվում է սովորական, խառը սնուցման դեպքում։
ՎԻՐԱԿԱՊ բժշկական, նախատեսված է վիրակապման նյութերի ամրացման (ամրացնող Վ.), մարմնի որևէ մասի վրա ճնշում գործադրելու համար՝ հիմնականում արյունահոսության դադարեցման, հյուսվածքների այտուցի կանխման նպատակով (սեղմող Վ.), վերջույթները կամ մարմնի այլ մասերն անշարժ պահելու համար (անշարժացնող Վ.)։
Առավել տարածված են բինտային Վ-երը։ Ճիշտ արված Վ. պետք է ամբողջությամբ ծածկի վնասվածքը (օրինակ, վերքը), չանհանգստացնի հիվանդին, չսահի, ամուր չսեղմի վիրակապված տեղը (չխախտի արյան շրջանառությունը և ցավ չպատճառի)։ Մարմնի վիրակապվող մասը պետք է մերկացվի և հարմար դիրքի բերվի։ Օրինակ, ոտքը պետք է ձգված լինի և ծնկամասում չծալված, իսկ ոտնաթաթը ուղիղ անկյան տակ, ձեռքը պետք է արմունկի մասում ուղիղ անկյունով ծալված լինի, ուսը փոքր-ինչ հետ տարված, ձեռքի մատները թեթևակի ծալված։