և զանգապան, մանկական՝ 12, 14, 16, 18, 20, 22 չափսերի Գ. և կ.։ Որոշ երկրներում թողարկում են 8 1/2, 9, 9 1/2, 10, 10 1/2 Գ. և կ.։ Արտասահմանյան արտադրանք գնելիս պետք է ի նկատի ունենալ, որ 34-35 չափսի կոշիկին համապատասխանում է 8 1/2, 36-37-ին՝ 9, 38-ին՝ 9 1/2, 39-40-ին՝ 10, 41-42-ին՝ 10 1/2 չափսի Գ. և կ.։
Քիմիական թելքերից նուրբ գուլպան պետք է ամեն օր լվանալ գոլ օճառաջրով կամ լվացափոշիով. չպետք է ուժգին տրորել, ոլորելով քամել (ավելի լավ է քամել սրբիչի մեջ փաթաթած)։ Չի կարելի նուրբ գուլպան չորացնել արևի տակ, կրակի կամ ջեռուցիչ սարքերի մոտ։ Քիմիական թելքերից նոր գուլպա հագնելուց առաջ պետք է ցայել գոլ ջրով։
ԼԵՂԱԿՈՒՄ, պահպանում է սպիտակեղենի գեղեցիկ տեսքը՝ հաղորդելով բաց երկնագույն երանգ։ Թողարկում են լեղակող փոշիներ, հեղուկներ և մածուկներ։ Օպտիկական սպիտակարարներ պարունակող փոշիներն ապահովում են հավասարաչափ Լ., իրին հաղորդում պայծառություն, թարմություն։ Ձեռքով լեղակելու դեպքում լեղակը պետք է լցնել կտորի մեջ և գոլ ջուրը կապտաջրել մինչև մեղմ կապույտ երանգավորում ստանալը։ Մեքենայով լվանալիս 1 թեյի գդալ (6-8 գ) լեղակը պետք է լուծել ոչ մեծ քանակությամբ ջրի մեջ։ Լուծույթը լցնել մեքենայի մեջ, լվացամիջոցների հետ խառնել։ Սպիտակեղենը հարկավոր է լվանալ և պարզաջրել այդ լուծույթի մեջ։ Օպտիկական սպիտակարարներ պարունակող հեղուկ պատրաստուկով լեղակելու համար պետք է պատրաստել լուծույթ՝ 1 լ գոլ ջրին 3-4 կաթիլ լեղակ խառնելով։ Օգտագործելուց առաջ հարկավոր է թափահարել։ Պետք է պահել -25 °C ոչ ցածր ջերմաստիճանում։ Լինում են նաև պարկուճներով թողարկվող մածուկանման լեղակներ։ Որոշ տեսակի պատրաստուկներով կարելի է ոչ միայն լեղակել, այլև օսլայել բամբակե և վուշե իրերը։
ԼՎԱՑԱՄԻՋՈՑՆԵՐ, բացի օճառից լինում են սինթետիկ, ճարպային և ջրափափկացնող։ Սինթետիկ Լ. լվացունակությամբ զգալիորեն գերազանցում են օճառին, արագացնում և հեշտացնում լվանալը, պիտանի են ցանկացած կոշտության ջրով (նույնիսկ ծովի) լվացք անելու համար։
Սինթետիկ Լ-ի մեջ, հիմնական բաղադրիչից բացի, մտնում են կոշտ ջուրը փափկացնող և կեղտահանումը հեշտացնող, լվանալու ընթացքում գործվածքի վրա կրկին կեղտ նստելուց պաշտպանող նյութեր, հոտավորիչներ, քիմիական սպիտակարարներ։ Ժամանակակից բոլոր Լ. պարունակում են օպտիկական սպիտակարարներ, որոնք, ամրանալով գործվածքի թելքերին, ուժեղացնում են ճերմակության տպավորությունը։ Որոշ պատրաստուկներ պարունակում են ձեռքերի մաշկը գրգռվելուց պաշտպանող հատուկ նյութեր։ Սինթետիկ Լ. թողարկում են փոշու, մածուկի, հեղուկի, սակավ՝ տաշեղների, փաթիլների, թեփուկների տեսքով։ Լինում են բամբակե և վուշե, բրդե, մետաքսե, սինթետիկ ու արհեստական թելքերից գործվածքներ լվանալու, համապիտանի՝ ցանկացած գործվածքներ լվանալու, լրացուցիչ (օրինակ, գունավորող, ախտահանիչ) հատկություններով օժտված Լ.։ Բոլոր նոր լվացափոշիները քիչ փրփրող են՝ մի բան, որը հնարավորություն է տալիս դրանք օգտագործել ցանկացած տեսակի մեքենաներում։
Բամբակե և վուշե գործվածքների Լ-ի մեծ մասը պարունակում է կալցինացված սոդա, որը լուծույթում ստեղծում է լվացման արդունավետությանը նպաստող ուժեղ ալկալիական միջավայր։ Այդ պատրաստուկներից մի քանիսը պարունակում են քիմիական սպիտակարարներ (տես Սպիտակեցնող միջոցներ): Թողարկում են նաև էնզիմներ պարունակող Լ., որոնք նպաստում են գործվածքների սպիտակուցային (արյան, քրտինքի, կաթի, ձվի, կակաոյի, սննդային թանձրուկների) կեղտաբծերի հեռացմանը։ Այդպիսի Լ. օգտագործելու դեպքում ջրի ջերմաստիճանը չպետք է անցնի 60°C–ից։ Խորհուրդ չի տրվում դրանցով լվանալ բնական բուրդ և մետաքս պարունակող գործվածքներ։
Նուրբ գործվածքների (բրդե, մետաքսե, քիմիական թելքերից) Լ. չեն պարունակում ո՜չ կալցինացված սոդա, ոչ էլ նատրիումի սիլիկատ։ Այդ Լ-ի լուծույթներն ունեն չեզոք կամ թույլ ալկալիական ազդեցություն, որի շնորհիվ բրդե և մետաքսե մանրաթելերը չեն վնասվում։ Գործվածքը լվանում են 50°C–ից ոչ տաք ջրով, այդ դեպքում բացառվում են գործվածքի գունաթափվելը և մտնելը, պահպանվում է իրի դիմացկունությունը։
Համապիտանի Լ., որոնք թողարկվում են փոշու և մածուկի տեսքով, քիչ փրփրող են, ուստի կարող են օգտագործվել ցանկացած տեսակի մեքենաներով լվացք անելու համար։
Ճարպային և ջրափափկացնող Լ., ճարպային Լ-ի հիմնական բաղադրիչը բնական ճարպերից ստացված օճառներն են (հաճախ սովորական տնտեսական օճառը)։ Օճառից բացի ճարպային Լ. պարունակում են ջրի կոշտությունը նվազեցնող նյութեր (կալցինացված սոդա, խմելու սոդա, նատրիումի սիլիկատ և սուլֆատ, նատրիումի եռբազմաֆոսֆատ) և այլ հավելանյութեր։ Ճարպային Լ. օգտագործվում են բամբակե և վուշե գործվածքներից իրերը թրջելու և լվանալու համար։
Ջրափափկացնող Լ. օգտագործում են տնտեսական օճառով կամ ճարպային միջոցներով սպիտակեղենը թրջելիս և լվանալիս։ Առավել տարածված են կալցինացված սոդան, կալցինացված սոդայից բացի նատրիումի ֆոսֆատ պարունակող հատուկ մոխրաջուրը, խմելու սոդայի և կալցինացված սոդայի հիդրատացված կրկնակի աղ պարունակող պատրաստուկը, նատրիումի եռբազմաֆոսֆատը, եռնատրիումֆոսֆատը ևն։
Ջրափափկացնող միջոցները կարող են օգտագործվել նաև բամբակե և վուշե շատ կեղտոտված սպիտակեղեն թրջելու և լվանալու, ինչպես նաև խոհանոցային ամանեղեն լվանալու և մաքրելու համար։ Խորհուրդ չի տրվում գունավոր գործվածքները եռացնել ջրափափկացնող և ճարպային Լ-ի լուծույթներում։ Լ. օգտագործելիս անհրաժեշտ է հետևել փաթեթվածքի վրա նշված հանձնարարականներին։ Սահմանվածից ավելի Լ. օգտագործելու դեպքում կարող է առաջանալ ալերգիական ռեակցիա։ Խորհուրդ չի տրվում մեքենայական լվացքի համար նախատեսված Լ. օգտագործել ձեռքով լվանալիս։ Չի կարելի լվացափոշիներն օգտագործել ամանեղեն լվանալու համար։
Փոշին լցնելիս պետք է զգուշանալ, որ այն չընկնի շնչառական ուղիների մեջ։ Լվացք անելիս կարելի է հագնել նուրբ ռետինե ձեռնոցներ կամ էլ լվացքից