Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լվացքի նախապատրաստումը։ Անհրաժեշտ է սպիտակեղենը նախապես տեսակավորել (ինչպես ձեռքով լվանալիս) ըստ գործվածքի տեսակի, գույնի և կեղտոտվածության աստիճանի։ Սպիտակեղենի քանդված և պատռված մասերը պետք է կարել մինչև լվանալը, շատ նուրբ սպիտակեղենը, ժանյակները պետք է լվանալ տոպրակի կամ ցանցի մեջ դրած։ Բամբակե և վուշե սպիտակ ու գունավոր (չգունաթափվող) սպիտակեղենը լվանալուց առաջ խորհուրդ է տրվում թրջել սոդայաջրով (1 դույլ ջրին 2-3 ճաշի գդալ սոդա) և թողնել 4-10 ժամ, բրդե, մետաքսե և սինթետիկ սպիտակեղենը հարկավոր է թրջել մաքուր ջրով և թողնել 15-30 րոպե։ Օսլայած սպիտակեղենը պետք է թրջել առանձին։ Թրջելուց առաջ շատ կեղտոտված տեղերին պետք է ցանել լվացափոշի կամ օճառ քսել։ Թրջոց դրած սպիտակեղենը պետք է լավ քամել։

Լվացք։ Հանել բաքի արտաքին և ներքին կափարիչները, բաքը դատարկել և մինչև նշագիծը լցնել որոշակի ջերմաստիճանի (կախված գործվածքի տեսակից և ներկվածքի դիմացկունությունից) տաք ջրով, բամբակե և վուշե սպիտակեղենի (եռադիմացկուն) համար՝ 70-90 °C, այդ նույն գործվածքից նուրբ, սպիտակ և գունավոր սպիտակեղենի, ինչպես նաև բրդե, մետաքսե և սինթետիկ իրերի համար՝ 30-40 °C։ Այնուհետև ավելացնել դանակով կամ խոշոր քերիչով քերած և նախապես թրջած օճառի տաշեղներ (90-100 գ) կամ լվացափոշի (փաթեթի վրա նշված քանակով), մեքենան միացնել, որպեսզի փոշին կամ օճառն ամբողջությամբ լուծվի։ Սկզբում պետք է լվանալ ճերմակ, քիչ կեղտոտված սպիտակեղենը, ապա չգունաթափվող գունավոր, վերջապես գունաթափվող գունավոր սպիտակեղենը։ Խորհուրդ չի տրվում միանգամից մի քանի խոշոր իր լվանալ, ցանկալի է ընտրել 1-2 խոշոր և մի քանի միջին չափի իրեր։ Սպիտակեղենը լվացքի բաքում պետք է տեղավորել պտտվող ակտիվարարի դեպքում, յուրաքանչյուր իրն առանձին, հետևելով, որ իրն ամբողջովին ընկղմվի ջրի մեջ։ Բեռնելուց հետո անհրաժեշտ է բաքը ծածկել կափարիչով։

Վուշե և բամբակե գործվածքները, ինչպես նաև շատ կեղտոտված իրերը լվանում են «նորմալ» աշխատակարգով 4-5 րոպե, բրդե, մետաքսե իրերի, սպիտակ, սպիտակ նուրբ և տրիկոտաժե սպիտակեղենի լվացքը՝ «զգույշ» աշխատակարգով 2-3 րոպե։ Սինթետիկ սպիտակեղենը խորհուրդ է տրվում լվանալ տոպրակի մեջ 2-3 րոպե, «զգույշ» աշխատակարգով։ Լվանալու ընթացքում սպիտակեղենը պետք է անընդհատ շարժման մեջ լինի, հակառակ դեպքում պետք է բաքից 1-2 իր հանել։ Խորհուրդ չի տրվում լվանալ նշված ժամանակից երկար, քանի որ սպիտակեղենը կարող է ոլորվել և ժամանակից շուտ մաշվել։ Եթե անհրաժեշտ է ավելի երկար լվանալ, ապա պետք է սպիտակեղենը հանել, հարթեցնել և լվանալ մեքենայի մեջ ևս 2-3 րոպե։ Նույն լուծույթում, լվացամիջոցներ ավելացնելով, կարելի է հաջորդաբար լվանալ 3-4 խումբ սպիտակեղեն։ Գունավոր սպիտակեղեն լվանալիս խորհուրդ չի տրվում լվացքի սոդան փոխարինել խմելու սոդայով։ Լվանալուց հետո սպիտակեղենն անհրաժեշտ է քամել ձեռքի հարմարանքով կամ ցենտրիֆուգով։

Պարզաջրում և քամում։ Սպիտակեղենը պարզաջրում են մաքուր ջրով լցված բաքում նույն հաջորդականությամբ, որով լվանում են։ Լավ մաքրելու համար պետք է պարզաջրելիս բաքի մեջ 0,3-0,5 կգ պակաս սպիտակեղեն ընկղմել, քան լվանալիս։ Սպիտակեղենը պետք է պարզաջրել առնվազն 2 անգամ, սկզբում տաք (40-50 °C), ապա սառը (18-20 °C) ջրով։ Ամեն մի պարզաջրումը տևում է 1-2 րոպե։ Այնուհետև սպիտակեղենը պետք է քամել։ Գլանիկներով քամելիս սպիտակեղենը պետք է հավասարաչափ բաշխել գլանիկների երկայնքով՝ քամելու ուժը կարգավորելով գլանիկների հեռավորությամբ։ Ցենտրիֆուգով քամելիս անհրաժեշտ է հավասարաչափ շրջանաձև տեղավորել սպիտակեղենը (սկզբում մանր ու նուրբ, ապա մնացած իրերը), ծածկել մեքենայի լրակազմի մեջ մտնող հատուկ ապահովիչ ցանցով։ Գլանիկներով քամելիս ջուրը կրկին լցվում է լվացքի բաքի, իսկ ցենտրիֆուգից կարող է դատարկվել լվացակոնքի մեջ։ Ավելի լավ քամելու համար խորհուրդ է տրվում սպիտակեղենը գլանիկների արանքով անցկացնել 2 անգամ։

Մեքենայի խնամքը։ Լվացքն ավարտելուց հետո բաքը պետք է դատարկել, մաքրել բաքի ցանցը, այնուհետև տաք ջրով լվանալ բաքը, ճկափողերը և պոմպը։ Ակտիվարարի տակից ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է մեքենան (առանց ջրի) միացրած պահել 20-30 վայրկյան։ Այնուհետև չորացնել բաքը, քամելու գլանիկները կամ ցենտրիֆուգը, ինչպես նաև ամբողջ մեքենան դրսից։ Սնուցման քուղը տեղավորել հատուկ զոլակի վրա կամ խորշում, գլանիկները (թուլացրած վիճակում), ճկափողերը և ունելիները բաքում և մեքենան կափարիչով ծածկել։ Մեքենան պետք է պահել չոր տեղում, 5 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանում։ Լվացքների միջև երկարատև ընդմիջման դեպքում (2-3 ամիս) խորհուրդ է տրվում ջրի մնացորդը հիդրոհամակարգից հեռացնել հետ պտուտակելով մեքենայի ներքևի մասի ջրթափ կարճախողովակի խցանը։

Շահագործման բոլոր կանոնների պահպանման դեպքում տնային Լ. մ-ների ծառայության շահագործման ժամկետը կազմում է 6-8 և ավելի տարի։

ԿԱՐԱՍԵՂՆԵՐ, լինում են ձեռքի և մեքենայի։ Տարբերում են ձեռքի ասեղների հետևյալ տեսակները. ձեռքի Կ. (12 համարի՝ տարբեր երկարության և տրամագծի), փոկային (3 համարի՝ գոտի կտրելու և կոշիկ նորոգելու), առագաստային (2 համարի՝ պարուսին և հաստ գործվածքներ կտրելու), պարկային (2 համարի), լցակարի (3 համարի) և ասեղնագործական (0-2 համարի):

Ձեռքի և մեքենայի ասեղների ընտրությունն ըստ գործվածքի

Գործվածքի տեսակը Բամբակե թելի համարը Ձեռքի ասեղի համարը Մեքենայի ասեղի համարը
Նուրբ գործվածքներ (բատիստ, շիֆոն, կրեպդեշին ևն) 100-80 1 75
Սպիտակեղենի և զգեստի թեթև գործվածքներ (քաթան, բյազ, քիմիական մանրաթելերից, շտապելային և այլ գործվածքներ 80-60 2,3 90
Բրդե թեթև, քիմիական մանրաթելերից ծանր և այլ գործվածքներ 60-40 4,5,6,7 100
Բրդե ծանր գործվածքներ 40-30 8,9,10 110
Կոպիտ մահուդ, բոբրիկ, պարկագործվածք ևն 30-10 11,12 120