Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծալելով կամ առանց ծալելու մաքրակարով կամ օղակարով։ Խիտ, հաստ, չքրքրվող կտորների եզրերը կտրում են ձևավոր մկրատով։

Վզի փորվածքը մշակում են շեղ կամ կորությանը համապատասխան ձևած զոլակով։ Վզի սուր, կլոր, ձևավոր կամ քառակուսի փորվածքը մշակում են հետևյալ կերպ. թղթից պատրաստում են վզի փորվածքի հետ համընկնող ձևվածք, քանի որ զոլակը պետք է ճշգրտորեն համապատասխանի փորվածքի ձևին (նկ. 18, 19)։

Զոլակի և մշակվող եզրի երկայնակի թելերի ուղղությունները պետք է համընկնեն։ Զոլակի առաջամասի և թիկնամասի հատվածները ձևում են առանձին, ապա թակալակարում ուսագծով և բացում արդուկով։ Զոլակը շիտակ երեսով դնում են զգեստի շիտակ երեսին, թերակարում, ապա թակալակարում եզրից 0,5-1 սմ հեռավորության վրա։ Կարը բացում են, զոլակը ծալում շրջոնքի կողմը և երիզում (ծալում 1-2 մմ դեպի ներս այնպես, որ զոլակի միացման կարը շիտակ երեսից չերևա) և թերակարում։ Կտրված եզրը ծալում են, թակալակարում և ամրացնում գաղտնակարով կամ կթնում մի քանի կետում։

Փոքր կլոր կամ սուր փորվածքը կարելի է մշակել շեղ զոլակով։ Կտրում են 3-4 սմ լայնության և փորվածքի շրջագծի երկարության շեղ զոլակ, շիտակ երեսով դնում զգեստի շիտակ երեսին և թերակարում՝ սկսած առաջամասի մեջտեղից, ապա եզրերը միացնում թակալակարով և բացում արդուկով (ավելցուկը կտրում 0,5-1 սմ կարաբաժին թողնելով)։ Այնուհետև զոլակը թակալակարում են, եզրից 0,5-1 սմ հեռավորության վրա, ծալում են շրջոնքի կողմը և երիզում։ Կտրված եզրը 0,5 սմ ծալում են (երբեմն թակալակարելով), թերակարում, ապա ամրացնում գաղտնակարով։

Օձիք կտրելու եղանակը նկարագրված է համապատասխան հոդվածում։

Խծպում։ Բարակ և միջին հաստության գործվածքներից զգեստները թերակարում և ամրացնում գաղտնակարով։

Երբեմն փեշը խծպում են երկտակ զոլակով։ 3 սմ լայնության և պահանջվող երկարության շեղ զոլակը երկտակում են (հակառակ երեսը դեպի ներս), արդուկում, թերակարում փեշի շիտակ երեսից, ապա թակալակարում եզրից 0,5 սմ հեռավորության վրա, ծալում խծպում են գաղտնակարով (տես Կարուկութ), խիտ և հաստ գործվածքներից զգեստները՝ խաչկարով կամ երիզելով (նկ. 20)։ Երիզման համար օգտագործում են աստառացու մետաքս։ Փեշը կարելի է խծպել նաև տրեզով (նկ. 21)։ Տրեզը դնում են շիտակ երեսին, թակալակարում, եզրը մշակում գաղտնակարով։

Երբեմն անբավարար երկարության պատճառով փեշը ծալելու հնարավորություն չի լինում։ Այդ դեպքում փեշը խծպում են նույն գույնի աստառացու մետաքսով կամ որևէ այլ հարմար կտորով։ Դրա համար 7 սմ լայնության և պահանջվող երկարության շեղ զոլակը շիտակ երեսով դնում են փեշի շիտակ երեսին, թերակարում և թակալակարում եզրից 0,5-1 սմ հեռավորության վրա, կարը արդուկով բացում են, ապա զոլակը ծալում շրջոնքի կողմը (այնպես, որ կարը շիտակ երեսից չերևա) և թերակարում։ Եզրը 0,5 սմ ծալում են, շրջոնքի կողմը կտրած եզրը ներս առնելով, և գաղտնակարում թակալակարի գծով։

Թիկնամասի կամ առաջամասի կցակտորի մշակումը։ Թիկնամասը կամ առաջամասը փոթավորում են կցակտորի միացման գծով։ Կցակտորը և հիմնական կտորը երեսի կողմով դնում են իրար վրա՝ համատեղելով կենտրոնի գծերը։ Դետալները թակալակարում են (նկ. 22), կտրված եզրը մաքրակարում։ Կարը ծալում են կցակտորի կողմը և վրայից թակալակարում (նկ. 23)։

Մեքենայով արված փոթաշար։ Դետալի շիտակ երեսից թույլ ձգած թելով զուգահեռ թակալակարեր են անում և ծայրերն ամրակարում։ Տակի թելերը ձգելով կտորը փոթավորում են և հակառակ երեսից թելերն ամուր կապում։ Փոթերը բաշխում են հավասարաչափ։ Զուգահեռ կարերի թիվը և դրանց միջև հեռավորությունը որոշում են ըստ մոդելի։