համակցված գործվածքներից։ Աշխատանքային շրջազգեստները, շրջազգեստ-կոստյումները սովորաբար կարում են գրպաններով, կոճակներով կամ երկար օղլակով։ Հարմար են շրջազգեստները, սարաֆանները, որոնք հագնում են բլուզների, նուրբ սվիտերների կամ ջեմպերների զուգակցությամբ։ Աշխատանքային Հ. կարելի է դրվագել սպիտակ (կամ բաց գույնի) օձիքով և թեզանիքներով, խիտ տրեզով, եզրաքուղով, քուղով, բազմազան կոճակներով, սեղմակոճակներով, շղթաներով, ճարմանդներով, գոտիներով։
Տղամարդկանց աշխատանքային վերնաշապիկները շատ բազմազան են. միագույն, վանդակավոր և նուրբ կամ խամրած զոլերով։ Հարմար են ինչպես մեղմ, այնպես էլ հագեցած՝ շագանակագույն, կանաչ և սև գույները։ Սպիտակ վերնաշապիկ հագնում են երեկոյան՝ կիրակնօրյա կոստյումի հետ։
Գուլպաներն ընտրում են կոստյումի կամ կոշիկի գույնին համապատասխան։ Դրանք լավ են համակցվում Հ-ի հետ, եթե միագույն են կամ ունեն քիչ նշմարվող նախշեր։
Ամենօրյա Հ. է համարվում նաև վերնահագուստը՝ բոլոր տեսակի վերարկուներ, դրսում հագնելու բաճկոններ։ Վերնահագուստի համար օգտագործում են ավանդական բրդե գործվածքներ, արհեստական և բնական կաշի ու մորթի, անջրանցիկ գործվածքներ (կապրոնից մինչև հատուկ մշակված բամբակե ջրամերժ գործվածքներ)։
Կանանց ավանդական ձմեռային վերարկուները կարում են խավամազոտ, խավավոր, հարթ կամ թեթևակի խոպոպիկավորված մակերևույթով բրդե միագույն պարզ գործվածքներից։ Օձիքների համար աղվամազոտ մորթիներից (աղվես, բևեռաղվես, ջրաքիս ևն) բացի, օգտագործում են կարակուլ։ Մարզական ոճի վերարկուները կարում են տվիդանման գործվածքներից (արհեստական կամ բնական)։ Ձմեռային վերարկուները կարող են ունենալ գոտկատեղում կտրված, գոտկատեղը կիսագրկող, ուղիղ (այդ թվում և գոտիով) կամ լայնացող ուրվագծեր։ Մարզական ոճի վերարկուները հիմնականում ուղիղ են։
Գարնանային-աշնանային վերարկուներն ավելի բազմազան են, քան ձմեռայինները։ Մարզական ոճի ավանդական դասական մոդելներից բացի ընդունված են կիսավերարկուները, որոնք հագնում են տաբատի կամ տաք կիսաշրջազգեստի զուգակցությամբ, թիկնոցները, առանց աստառի և երկերես վերարկուները, բնական և արհեստական կաշվից ու թավշակաշվից, արհեստական մորթուց, կրկնորդված (երկտակ) գործվածքից կարված մոդելները։ Ավանդական, դասական մոդելները կարում են թեթև դրապներից, խավավոր բրդե (ինչպես միագույն, այնպես էլ նախշերով վանդակավոր, զոլավոր) կամ տվիդանման խայտաբղետ գործվածքներից։ Նորաձև տարրերով այդ մոդելները խորհուրդ են տրվում միջին տարիքի և տարեց կանանց։ Կիսավերարկուները, թիկնոցները և միջեղանակային Հ-ի պակաս ավանդական տարբերակները խորհուրդ են տրվում երիտասարդ կանանց և նրանց, ովքեր նախընտրում են Հ-ի մարզական ոճը։
Թիկնոցները փոխարինել են ամառային վերարկուներին։ Թաղանթային կամ «բոլոնիա» կտորներից կարված թիկնոցները կարող են օգտագործվել անձրևի ժամանակ։ Թիկնոցները կարում են տարբեր գույնի գործվածքներից։
Կոստյումները, ժակետները և թեթև բաճկոնները դարձել են դրսի հանդերձանքի անբաժանելի մասը։ Դրանք հագնում են ոչ միայն կիսաշրջազգեստների, այլ տաբատների զուգակցությամբ։ Հիմնականում օգտագործում են միագույն կամ մանր վանդակներով, նեղ, ոչ ցայտուն զոլերով գործվածքներ. Տղամարդկանց պիջակներին նմանվող ժակետներն ունեն միջին երկարություն, պարզ, ուղիղ ուսագիծ, գոտկատեղում մի փոքր նեղացված են։ Բաճկոններն ունեն պարզ, ազատ, ուղիղ կամ կոնքերի մասում հավաքված ձև։ Դրանք կարող են լինել միտակ, աստառով կամ երկտակ (2 բարակ գործվածքներից)։ Մոդելներն ունեն ընդգծված մարզական կամ մարզական գործնական բնույթ, պարտադիր են գրպանները, ձգիչ թեզանիքները կամ դրվագաշերտը, կցակարված կամ ներքևի եզրաշերտի միջով անցկացված գոտիները, սեղմակոճակները, շղթաները ևն։
Կիսաշրջազգեստները (ինչպես բրդե, այնպես էլ այլ գործվածքներից) բազմազան են. ուղիղ, նեղ կտրվածքով կամ մի դարսով, դարսախմբերով, վրաբերվող փեշով, մանրածալքավոր, գանգաձև (կլյոշ), փոթավոր, բոլորածալով ևն։
Կանանց տաբատները նույնպես բազմազան են. ուղիղ, ներքևի մասում նեղ, վերևում լայնացող։ Կարում են բազմապիսի գործվածքներից։
Բրդե գործվածքից կարված տղամարդկանց ավանդական դասական կամ մարզական ոճի վերարկուները նախատեսված են առավելապես միջին տարիքի և տարեց տղամարդկանց համար։ Դրանք կարում են թեթև, բայց դասական գործվածքներից (դրապ, թավշամահուդ, ռատին, դիագոնալ ևն)։ Մարզական մոդելների համար կիրառվում են նաև խայտաբղետ գործվածքներ, այդ թվում և տվիդ։ Երիտասարդ տղամարդկանց համար նախընտրելի են կիսավերարկուները, բնական և արհեստական կաշվից և մորթուց ձմեռային վերարկուները։ Հանովի տաք աստառով, այդ թվում և մգդակած, անջրանցիկ կտորներից կարված բաճկոնները, կիսավերարկուները առավել հաճախ են փոխարինում ավանդական վերնահագուստին։ Այստեղ գերակշռում է մարզական ոճը (դրվագակտորներ, գլխանոցներ, բազմաթիվ գրպաններ, գոտիներ, օղլակներ, քուղեր, սեղմակոճակներ ևն)։
Տղամարդկանց թիկնոցները պահպանում են ավանդական ձևերը (ինչպես, օրինակ, մակինտոշը) կամ էլ կարում են սովորական վերարկուների նման։
Դրսի բաճկոնների համար օգտագործում են մահուդանման կամ վանդակավոր, բրդե կամ խայտաբղետ վանդակավոր և անջրանցիկ խառնագործվածքներ։
Կանանց տոնական հագուստը անհատական է, ոչ միօրինակ։ Տարբերում են տոնական Հ-ի մի քանի յուրահատուկ տեսակներ, հանգստի, ամառային տոնական, իրիկնային տարվա ցանկացած եղանակի, հանդիսավոր իրադարձությունների։ Օգտագործում են տարբեր գործվածքներ, բնական և արհեստական մետաքս, բուրդ, տրիկոտաժե գործվածք, մետաքսաթավիշ, դիպակ, փայլուն թելերով գործվածք ևն։
Հանգստի Հ. (ինչպես արձակուրդի, այնպես էլ տարվա ընթացքում աշխատանքից ազատ ժամանակ կրելու) մի փոքր ավելի տոնական է ամենօրյա Հ–ից։ Այն պետք է լինի նորաձև, խնամքով կարված, սակայն ձևով բավականաչափ պարզ։ Դրանք նույն շրջազգեստները, կոստյումները, լրակազմերն են, որոնք հագնում են աշխատավայրում։ Դրանց տոնականություն է հաղորդում գլխավորապես