Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(եզրահատերը չհաշված)։ Օրինակ, անգլիական երիզահյուսքով հյուսելիս, եթե շարքն սկսվում է շիտակ հատով, ապա պետք է ավարտվի նույնպես շիտակ հատով։ Այս կանոնը վերաբերում է նաև լայնական զոլանախշերին։ Եթե նախշը կազմված է երկայնական լայն զոլերից, ապա դրանք առաջամասում բաշխում են համաչափ կենտրոնի, իսկ թիկնամասում՝ եզրերի նկատմամբ։

Տարբեր նախշերի համադրումը։ Առաջամասը և զոլակը սովորաբար հյուսում են տարբեր նախշերով։ Պետք է հաշվի առնել, որ կան նախշեր, որոնք երկարում են ամեն շարքում (ուղիղ հյուսքը, պարզ երիզահյասքը ևն), և կան նախշեր, որոնք երկարում են շարքընդմեջ (օրինակ, անգլիական երիզահյուսքը)։ Հնարավոր է, որ զոլակը, նախշից կախված, երկար կամ կարճ ստացվի։ Եթե առաջամասը և զոլակը հյուսում են միաժամանակ, պետք է հետևել, որ դրանք հավասարաչափ երկարեն։ Եթե զոլակի նախշը դանդաղ է երկարում, ապա ժամանակ առ ժամանակ լրացուցիչ շարք են հյուսում (այսինքն հյուսում են կարճացրած շարքեր)։ Եթե առաջամասի նախշն է դանդաղ երկարում, ապա լրացուցիչ շարքերը հյուսում են առաջամասում։

Գործվածքի արդուկումը։ Կարելուց առաջ առանձին հյուսած մասերն ամրացնում են ձևվածքին և, վրան փռելով խոնավ շոր, թեթևակի արդուկում, թողնում, որ չորանա, ապա անջատում ձևվածքից: Ուռուցիկ նախշերով գործվածքը կարիք չկա արդուկելու։ Բավական է հյուսված մասերն ամրացնել ձևվածքին, ծածկել խոնավ շորով և թողնել, որ չորանա։ Լվացած գործվածքը խորհուրդ չի տրվում չորացնել կախած վիճակում։ Այն քամում են, փաթաթում խավավոր սրբիչով, և անհրաժեշտ ձև և չափեր տալով, փռում սեղանին՝ սավանի կամ սրբիչի վրա։ Չորանալուց հետո թեթևակի արդուկում են խոնավ շորով։

Ցանցկեն բլուզ (նկ. 29)։ Չափսը՝ 44-46։ Թելի քանակը՝ 250-300 գ։ Շյուղերը՝ № 4, 5, հելունը՝ № 4։

Հյուսքի տեսակները. ցանցահյուսք, ուղիղ հյուսք, դարձահյուսք (տես Հյուսում հելունով

Հատերի հաշվարկը (ցանցահյուսը). 13 հատը = 10 սմ, 24 շարքը = 10 սմ։

Թիկնամաս։ Հավաքում են 62 հատ և ցանցահյուսքով հյուսում 38 սմ, 39-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 4-ական, 3-ական, ապա 1-ական հատ։ Թևքատեղից մինչև ուսերիզը պետք է լինի 21-23 սմ։ Վզի թիկնամասի կտրվածքը ձևավորելու համար 50-րդ սմ-ից գործվածքը բաժանում են 2 հավասար մասերի (ըստ հատերի թվի) և յուրաքանչյուրը հյուսում առանձին։ Ուսագծի թեքությունը ստանալու համար շարքընդմեջ ամրացնում են 2 անգամ 5-ական և 2 անգամ 4-ական հատ։ Վզի բացվածքը ստանալու համար 1 անգամ ամրացնում են 5 հատ և 1 անգամ 3 հատ։ Թիկնամասի մյուս կեսը հյուսում են նույն կերպ։

Առաջամաս։ Հավաքում են 62 հատ և ցանցահյուսքով հյուսում են 40 սմ։ 41-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը 2 կողմից շարքընդմեջ ամրացնելով 4-ական, 3-ական, 1-ական հատ։

57-րդ սմ-ից վզի բացվածքը ձևավորելու համար գործվածքը բաժանում են 2 հավասար մասերի (ըստ հատերի թվի) և հյուսում առանձին՝ շարքընդմեջ ամրացնելով 3, 2 և 3 անգամ 1-ական հատեր։ Հյուսում են 3 սմ առանց որևէ փոփոխության։ Ուսերիզին թեքություն տալու համար 1 անգամ ամրացնում են 5 հատ և 3 անգամ 4-ական հատ։ Առաջամասի մյուս կեսը հյուսում են նույն կերպ։

Թևքը հյուսելու համար հավաքում են 24 հատ և 12 սմ հյուսում ուղիղ հյուսքով։ Ապա ավելացնում են 23 հատ (մի շարքում մեկումեջ հավելահատ վերցնելով) և հյուսում ցանցահյուսքով։ 32 սմ հյուսում են ցանցահյուսքով։ 45-րդ սմ-ից ձևավորում են թևքագլուխը՝ 2 եզրից շարքընդմեջ ամրացնելով 4, 3 և 2 անգամ 1-ական հատ։ Հետո յուրաքանչյուր շարքում 21 անգամ ամրացնում են 1-ական հատ, ապա շարքընդմեջ 2-ական և 3-ական հատ։

Բլուզի մասերն արդուկում են խոնավ շորով (ինչպես նկարագրված է վերևում) և կարում։ Վզի բացվածքը և թիկնամասի կտրվածքը, թեզանիքը և ներքևի եզրը հելունով շրջահյուսում են։

Ուսադիրներով սվիտեր (նկ. 30)։ Չափսը՝ 46։ Թելի քանակը՝ 500 գ (№ 32/2, 3 տակ)։ Շյուղեր՝ № 2,5։

Հյուսքի տեսակները. երիզահյուսք (1 շիտակ x 3 թարս) և ոլորքներով հյուսք (նկ. 27)։

Հատերի հաշվարկը (երիզահյուսք). 33 հատը = 10 սմ, 43 շարքը = 10 սմ։

Թիկնամաս։ Հավաքում են 154 հատ և 1x1 երիզահյուսքով հյուսում 16 սմ, ապա հյուսում 22 սմ 1x3 երիզահյուսքով։ 39-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը 2 եզրից ամրացնելով 5, 4, 2 և 2 անգամ 1-ական հատ, ապա հյուսում առանց փոփոխության։ 55-րդ սմ-ից ձևավորում են ուսագծի թեքությունը։ Անգլիական քորոցի կամ լրացուցիչ շյուղի վրա 2 եզրից շարքընդմեջ վերցնում են 3 անգամ 8-ական և 4 անգամ 7-ական հատ։ Մնացած մեջտեղի 24 հատը մի քանի շարք հյուսում են բամբակե թելով կամ վերցնում անգլիական քորոցի կամ լրացուցիչ շյուղի վրա։

Առաջամաս։ Հավաքում են 154 հատ և 16 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ Այնուհետև 1 շարքում ավելացնում են 10 հատ (ամեն 15 հատից հետո 1 հատ)։ Հաջորդ շարքում հատերը բաշխում