կութերը ստեղծելով սահուն անցման տպավորություն։
Կտրովի հարթակարը կիրառում են անկողնային սպիտակեղենի և հագուստի (շրջազգեստ, վերնաշապիկ) դրվագման համար։ Ասեղնագործում են նույն եղանակով, ինչ սպիտակեղենի հարթակարի անցքերը, այն տարբերությամբ, որ նախշի ձևը կարող է կլորից տարբեր լինել (նկ. 35)։
«Ռոկոկո» (նկ. 36)։ Ա-յան այս տեսակը կիրառում են միայն բուսական զարդանախշեր ասեղնագործելիս։ Կարելի է օգտագործել մուլինե, բրդե և սինթետիկ թելեր։ «Ռոկոկոն» ասեղնագործում են փոքր անցքով հաստ ասեղով։ Այն զուգակցում են Ա-յան այլ տեսակների հետ։
«Ռոկոկոն» ասեղնագործում են հետևյալ կերպ. թելն ամրացնում են հակառակ կողմից և ասեղը դուրս բերում երեսակողմ։ Այնուհետև ասեղը խրում են կտորի մեջ, թելը փաթաթում ասեղի ծայրին, ապա ասեղն անցկացնում թելագալարների միջով՝ դրանք մատով բռնելով։ Ասեղը դարձյալ խրում են կտորի մեջ և անցկացնում հակառակ կողմը։
Կցակարը կամ քուղով Ա. (նկ. 37) կիրառվում է հագուստի դրվագման համար։ Օգտագործում են պատրաստի կամ թելերից (բրդե, կիսաբրդե) ոլորած կամ էլ հելունով գործած քուղեր։
Կցակարն արվում է հետևյալ կերպ. ոլորած քուղը դասավորում են նախշի երկայնքով և ամրացնում նույն գույնի թելով՝ գաղտնակարով կամ նկարում ցույց տված կարով։
Կտրտովի հարթակարը («ռիշելիե») կիրառվում է սպիտակեղենի, անձեռոցիկների, ծածկոցների, թաշկինակների և հագուստի դրվագման համար։ Նախշի եզրագիծը կարում են թերակարով (մեկ կամ մի քանի անգամ)։ Դրա հետ մեկտեղ նախշի առանձին մասերը միացնում են կամրջակներով։ Այնուհետև ամբողջ նախշը շրջակարում են խիտ օղակարով, որի եզրն ուղղված է հետագայում կտրվող մասին։ Նախշը պատրաստ լինելուց հետո նախշի և եզրագծի միջև կտորը կտրում են բարակ մկրատով (նկ. 38)։
Գոբելենակարն անում են կտավի, խսիրի, ցանցակտավի վրա։ Սովորաբար, օգտագործում են բրդե կամ մետաքսե ոլորած հաստ թել։ Այս կարով ծածկում են ամբողջ բանվածքը։ Տարբերում են ուղիղ և թեք կարեր։ Ուղիղ կարը (նկ. 39, ա) ասեղնագործում են հորիզոնական շարքերով՝ ձախից աջ կամ աջից ձախ։ Կութը բռնում է կտորի 2-4 թել։ Կութերի արանքում թողնում են մեկ թել։ Հաճախ կարն անում են շարքի երկայնքով ձգված թելի վրա։ Թեք կարը (նկ. 39, բ) ասեղնագործում են ձախից աջ՝ ըստ բարձրության բռնելով կտորի երկու թել, ըստ լայնության՝ մեկ թել։ Տես նաև Կարուկութ:
ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ, ասեղնագործության այս ձևը լայնորեն կիրառվում է զանազան պատրաստվածքների դրվագման համար։ Մեքենայով կարելի է ասեղնագործել գրեթե բոլոր կարատեսակները։
Մեքենայական ասեղնագործության համար օգտագործում են ոտքի շարժաբերով կամ էլեկտրաշարժիչով կարի մեքենաներ։
Մեքենայի նախապատրաստումը։ Ասեղնագործելուց առաջ անհրաժեշտ է հանել մեքենայի սեղմիչ թաթիկը և գործվածքը մատուցող ատամնաձողը (վերջինս կարելի է իջեցնել այնպես, որ այն գործվածքին չդիպչի, կամ էլ օգտագործել ատամները մեկուսացնող մետաղե հատուկ թիթեղ)։ Վերևի թելի ձգվածությունն ապահովելու համար իջեցնում են սեղմիչ թաթիկի դիրքը սևեռող լծակը։ Վերևի և ներքևի թելերն անցկացնում են այնպես, ինչպես կար անելիս։
Գործիքներ, հարմարանքներ, թելեր և կտորներ։ Մեքենայով ասեղնագործելու համար անհրաժեշտ է ունենալ պտուտակիչներ (մեծ և փոքր) թելի ձգվածությունը կարգավորելու համար, կորացած սուր ծայրերով մկրատ թելը և կտորը կտրելու համար, քարգահ, մեքենայի ասեղներ, № 75՝ մետաքսե և բամբակե բարակ գործվածքների, № 90՝ բրդե և բամբակե խիտ գործվածքների, № 100՝ խիտ և ծանր գործվածքների համար։ Մեքենայով ասեղնագործելու համար օգտագործում են № 65-75 մետաքսե թել, կոճի № 60-80 թել՝ բարակ գործվածքների, և № 50՝ խիտ և ծանր գործվածքների համար։ Թելը պետք է համապատասխանի ասեղի համարին, գործվածքի որակին և նախշի բնույթին։
Կտորի ձգելը քարգահով։ Կարի մեքենայով ասեղնագործելիս օգտագործում են փոքր չափերի կլոր քարգահ (ավելի փոքր, քան ձեռքով ասեղնագործելիս)։ Քարգահի օղակի տրամագիծը պետք է լինի մոտավորապես 18-20 սմ, բարձրությունը՝ 10 մմ-ից ոչ ավելի։ Նախ սեղանին դնում են մեծ (արտաքին) օղակը, վրայից փռում արդուկած կտորը՝ երեսի (նկարով) կողմը դեպի վեր, որից հետո դնում են փոքր (ներքին) օղակը և սեղմելով անցկացնում մեծ օղակի մեջ, ապա կտորը ձգելով, հավասարեցնում։
Բարակ կտոր ձգելիս քարգահի արտաքին օղակը փաթաթում են խիտ կտորի շերտով կամ էլ այդ կտորից ձևում քարգահից քիչ մեծ շրջան, որի կենտրոնական մասը շրջանաձև կտրում են քարգահի տրամագծից փոքր տրամագծով։ Ստացված օղակը բարակ կտորի հետ անցկացնում են քարգահի մեջ։
Եթե կտորը քարգահից փոքր է կամ գծանկարը կտորի եզրերին մոտ է գտնվում, դրան ուրիշ կտորներ են կցակարում, որոնք աշխատանքն ավարտելուց հետո քանդում են։ Եթե գծանկարը քարգահի սահմաններից դուրս է գալիս, նախշն ասեղնագործում են մաս-մաս՝ աստիճանաբար փոխելով քարգահի դիրքը կտորի վրա։
Գծանկարը կտորի վրա են փոխանցում նույն եղանակով, ինչ ձեռքով ասեղնագործելիս (տես Ասեղնագործություն)։