բացում աչքերի և բերանի համար և պատում կավճի ու սոսնձի հեղուկ լուծույթով։ Ներկաստառը չորանալուց հետո դիմակը կարելի է ներկել։ Նույն եղանակով դիմակներ են պատրաստում թանզիֆից կամ տրիկոտաժե լաթերից։ Կտորը կիպ ձգում են կաղապարի վրա և սոսնձապատում։ Գոգավոր մասերում առաջացած կտորի ծալքերը կտրում են, վրայից ձգում ևս 2-3 շերտ կտոր՝ ամեն հաջորդ շերտը դնելուց առաջ նախորդը սոսնձապատելով։
Կտորե դիմակն ավելի թեթև և հարմար է, քան թղթազանգվածե դիմակը, թեև առաջինն ավելի բարդ է պատրաստվում։
Դիմակները կարելի է պատրաստել առանց կաղապարի ցանկացած կտորից։ Կանանց կիսադիմակ պատրաստելիս կարելի է օգտագործել կերպաս, թավիշ, սատին, մարդակերպ դիմակների համար առավել հարմար են դեղնասպիտակ և վարդագույն դյուրին ներկվող բամբակե կտորներ, կենդանակերպ դիմակների համար՝ բումազե, բայկա, վատին։ Ըստ դիմակի բնույթի ընտրում են այս կամ այն կտորը, որն օգտագործվում է արտաքին շերտի համար, ներքին շերտերի համար առավել պիտանի է սպիտակեղենի գործվածքը։ Գործվածքի կտորներն օսլայում են, չորացնում և արդուկում։ Գործվածքի առաջին շերտը պատում են խիտ շրեշով, վրայից դնում երկրորդ շերտը, կնճռոտությունից խուսափելու համար կտորը խնամքով հարթեցնում են կենտրոնից դեպի եզրերը, այնուհետև արդուկով չորացնում, նորից շրեշապատում, հետո միայն դնում ընտրված կտորը։ Նախապատրաստվածքի չորանալուց հետո այն կտրում են ըստ դիմակի ձևվածքի։
Կտորե դիմակները կարող են լինել հավաքովի, առանձին մասերը՝ քիթը, հոնքերը, ականջները, թարթիչները ձևում են առանձին-առանձին, ապա սոսնձում կամ կարում։ Այտերի, քթի, ճակատի ուռուցիկությունը ստանալու համար դիմակը դնում են չոր ավազով լցված տոպրակի վրա (15-20 սմ չափերի) և դիմակի հակառակ կողմից տաք արդուկի սուր մասի շրջանաձև շարժումներով փոսեր անում համապատասխան տեղերում։ Այնուհետև դիմակը ներկում են։ Կանանց կիսադիմակների ներքևի մասում ժանյակ են կպցնում։ Կիսադիմակները և դրանց ձևվածքը տրված են նկ. 8-ում։
Հաճախ անփոխարինելի է թանզիֆը, որը դյուրին է ներկվում, լավ ծալազարդվում և օսլայած վիճակում լավ է պահում ձևը։ Թանզիֆից կարելի է պատրաստել ոչ միայն օձիքներ, թեզանիքներ, բոլորածալ, թիթեռի և ճպուռի թևեր, այլև կանացի զգեստներ։ Թանզիֆե շերտով կարելի է իրար սոսնձել հագուստի ստվարաթղթե և թղթե տարրերը։ Պատռվածք չառաջացնելու համար մանրամասները կտրելով ամրացնում են թանզիֆին։
Պարկացուն (փաթեթավորման կտորը) նույնպես կարող է պիտանի լինել։ Այն լավ է ներկվում, հարմար կտոր է «դիպակե» զգեստների, թիկնոցների, բաճկոնակների և տաբատների համար։ Օսլայած պարկացուից կարելի է կարել ցանկացած ձևի ճտքակոշիկներ (նկ. 9)։ Կտորին փայլ տալու համար այն պետք է ներկելուց հետո պատել սոսնձի թույլ լուծույթով։
Բամբակից պատրաստում են սպիտակ մորթի, ճերմակ մազեր, ձյան փաթիլներ։ Բամբակը նաև մգդակում են կտորին և դնում հագուստի տակ, երբ անհրաժեշտ է փոխել մարմնի ձևը՝ մեծացնել փորը կամ լայնացնել կուրծքը։ Մորթի պատրաստելիս համապատասխան չափերի թանզիֆի շերտերին բամբակ են մգդակում։ Ամրացնելու համար այն թրջում են խիտ շաքարաջրով, ապա կարում զգեստին։ Կնգումի մորթի նմանակելու համար անհրաժեշտ է պատրաստել 7-8 սմ երկարության բամբակե պոչեր, մի քիչ ոլորել, ծայրերը թարախել անիլինային սև ներկի կամ ջրաներկի լուծույթի մեջ, թողնել, որ չորանա, որից հետո միայն կպցնել դրվագին։ Մորուքը և բեղերը պատրաստում են նույն եղանակով, ինչ մորթին։
Փափուկ մետաղալարից կարելի է պատրաստել թևերի, դիմակների, ձկան լողաթևերի հիմնակմախքներ, օղակապեր շքեղ կիսաշրջազգեստի համար, միջատների բեղիկներ, ինչպես նաև պոչերի, կնճիթների և փետուրների առանցքներ (նկ. 10)։ Հիմնակմախքի վրա գունավոր թուղթ կամ բարակ կտոր են ձգում և ներկում։ Շքեղ կիսաշրջազգեստի համար պատրաստում են տարբեր չափերի օղակապեր, որոնք տրեզով միացնում են իրարից 15 սմ հեռավորությամբ։ Վերևի օղակապին փափուկ գոտի են կարում։ Մետաղալարե բոլոր կառուցվածքները մարդու մարմնին են ամրացվում տրեզից պատրաստված կապիչների օգնությամբ։ Շարժումներից տատանվող պոչ պատրաստելու համար պարուրաձև ոլորած մետաղալարի վրա հագցնում են թղթով կամ բամբակով պոչաձև կտորե պատյան։ Տափակ պոչի առանցքը կարում-ամրացնում են երկու սոսնձվող մասերի միջև։ Կայունության համար պոչը պատրաստում են երկճյուղ և ճյուղավորված մասով ամրացնում գոտուն։ Թիթեռի հագուստի գլխարկի բեղիկները փաթաթում են ծալազարդ թղթով։