Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճիվիլը. ծոպերը, գործվածքի կտորները կարելի է ներկել և կեղծամ պատրաստել (նկ. 11)։ Կարելի է օգտագործել նաև հաստ կամ խավոտ թելեր։ Կեղծամին անհրաժեշտ սանրվածք տալուց հետո, այն պետք է ցողել շաքարի խիտ լուծույթով, որպեսզի պահպանվի սկզբնական ձևը։ Ծամերը կարելի է հյուսել համապատասխան գույնի կտորների շերտերից։ Հագուստին կարած կտորի շերտերը կարող են նմանակել թե՛ ջրիմուռ և թե՛ կենդանիների մորթի:

Դ. հ. կարելի է դրվագել գունավոր տրեզով, բրդե թելով, ժապավենով, գործվածքի կտորով, ծալազարդ թղթով, տոնածառի մետաղաթելով, ապակե ուլունքներով և կոճակներով, կոնֆետի անագաթերթով։ Ծալազարդ թղթից կարելի է պատրաստել զգեստի վարդակապ, բոլորածալ, փոթազարդ և ծաղիկներ։ Մետաղաթելով զարդարած թանզիֆը թողնում է ոսկեզարդ կամ արծաթազարդ կտորի տպավորություն։ Ուլունքներն ու կոճակները գործածվում են թանկարժեք քարերի նմանակման համար։

Զգեստի գունազարդում։ Զգեստի և դիմակների ստվարաթղթե և թղթե տարրերը ներկում են փափուկ և խոզամազի № 6, 10, 12 վրձիններով՝ ջրի մեջ լուծվող ջրաներկով, գուաշով և անիլինաներկերով։ Ոսկու կամ ալյումինի փոշին լուծում են ռետինի սոսնձով՝ ավելացնելով բենզին։ Խորհուրդ է տրվում գունազարդել նախ բաց, ապա մուգ գույներով, թողնելով, որ նախորդ գույնի ներկը չորանա։ Գույների սահուն անցում կատարելիս պետք է ներկը քսել դեռ չչորացած ընդհանուր գույնի վրա, ապա ստացված բծի եզրերը ստվերագծել չոր վրձնով։ Ստվարաթուղթը ջրաներկով կամ անիլինաներկով ներկելիս պետք է նախապես ներկաստառել կավճի և սոսնձի թույլ լուծույթով։ Գործվածքը կարելի է ներկել նաև յուղաներկով՝ օգտագործելով № 1 կամ № 2 հատուկ լուծիչ։

Գոյություն ունի նկարը գործվածքի վրա փոխադրելու մի քանի եղանակ։ Ամենապարզը՝ հում կարտոֆիլի միջոցով նկար տպելն է։ Նկարը քիմիական մատիտով նկարում են կտրած կարտոֆիլի հարթ մակերևույթի վրա, այնուհետև կարտոֆիլը կտրում են եզրագծով այնպես, որ նկարը մոտավորապես մեկ սանտիմետրով բարձր լինի կտրվածքի մակերևույթից։ Ստացված դրոշմին քսում են քիչ նոսրացրած ջրաներկ կամ անիլինաներկ և հպում գործվածքին։ Բազմագույն նախշեր ստանալու համար ավելի լավ է օգտվել նախշակաղապարից, որը պատրաստում են յուղատոգոր ստվարաթղթից և սուր դանակով կտրում նկարի եզրագծով (ցանկալի է ամեն գույնի համար առանձին)։ Որպեսզի կտրելուց հետո նկարի ձևը չփոխվի, պետք է նախշակաղապարի որոշ մասերում թողնել միջակապեր։ Նկարի եզրագծի և նախշակաղապարի եզրերի միջև պետք է թողնել առնվազն 5 սմ հեռավորություն։ Որպեսզի աշխատանքի ընթացքում գույները չմիախառնվեն, անհրաժեշտ է նախշակաղապարի եզրերին կտրվածքներ անել, որոնք պետք է ճշտորեն համընկնեն կաղապարներն իրար վրա դնելիս։ Առաջին նախշակաղապարը դնելուց հետո անհրաժեշտ է կտորի վրա կտրվածքներին համապատասխան նշումներ անել (նկ. 12)։ Յուղաներկով ներկելիս խոզամազի կլոր վրձնով հարվածում են նախշակաղապարով սահմանափակված կտորի հատվածին։ Վրձնի վրայի ներկի ավելցուկը հեռացնում են լաթով։ Թեև անիլինաներկով և ջրաներկով արված նկարի ուրվագծերը յուղաներկով արված նկարի ուրվագծերի հստակությունը չունեն, սակայն այդ ներկերը չեն փոխում գործվածքի ճկունությունը։

Ապլիկացիա։ Գործվածքը նախշազարդելու փոխարեն հաջողությամբ կարելի է ապլիկացիա կիրառել։

Բերված օրինակներով չի սահմանափակվում նյութերի և աշխատանքի եղանակների ամբողջ բազմազանությունը։ Դ. հ. պատրաստելիս կարելի է մի նյութը փոխարինել մյուսով (օրինակ, կտորը թղթով) և զգեստը կարելու փոխարեն այն ամբողջացնել սոսնձելով։

ԵՐԳԵՑԻԿ ԹՌՉՈՒՆՆԵՐ, տանը թռչուններ պահելը հաճելի զբաղմունք է։ Այն սովորեցնում է հոգատար լինել բնության և կենդանի էակների նկատմամբ

Ե. թ. լինում են հատիկակեր և միջատակեր։ Հատիկակեր Ե. թ. են սերինոսները, հատբեկիչները, կանաչ սերինոսները, ամուրիկները, դեղձանիկները, կանեփուկները, խաչկտուցները, թութակները, խածկտիկները, ազնվասարեկները, կարմրակատարները, թանձրակտուցները ևն։ Միջատակեր Ե. թ. են կարմրատուտները, կեռնեխները, արտույտները, սիտեղները, արշալուսիկները, երաշտահավերը, սարյակները, շիկահավերը, սոխակները ևն։ Ճիշտ խնամելիս թռչունները վանդակում ապրում և երգում են մինչև 25 (երբեմն ավելի) տարի։ Առավել արագ են ընտելանում ազնվասարեկները, խածկտիկները, խաչկտուցները, արշալուսիկները, սարյակները, երաշտահավերը։ Ընտելացվել և վանդակում հաջողությամբ բազմանում են արտաքին տեսքով և երգով միմյանցից տարբերվող շատ ցեղերի դեղձանիկները։ Հիանալի երգում են կեռնեխները, սոխակները, սարյակները, կարմրատուտները, երաշտահավերը, արշալուսիկները։ Լավ են երգում նաև ազնվասարեկները, կարմրակատարները, ամուրիկները, կանեփուկները, խաչկտուցները։ Խածկտիկին և կանաչ սերինոսին պահում են գեղեցիկ փետրածածկի, թութակներին՝ նաև հնչյուններ ու բառեր վերարտադրելու համար։

Վանդակներ։ Փոքր թռչունների (խածկտիկ, ազնվասարեկ, կարմրակատար ևն) վանդակների երկարությունը պետք է լինի 40-50 սմ, լայնությունը՝ 35-45 սմ, բարձրությունը՝ 30-40 սմ։ Նեղ վանդակներում թռչունները պատերին դիպչելով կոտրում են իրենց թևերի և պոչի փետուրները, ուստի քիչ են շարժվում և ճարպակալում են։ Մեծ վանդակում