Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի որ շատ հիվանդությունների թաքնված միջին շրջանը 14 օր է։

Լորերի, արտույտների, սոխակների և որոշ շիկահավերի վանդակների առաստաղի մետաղալարերը պետք է փոխարինել փափուկ գործվածքով, քանի որ այդ թռչունները վախենալիս ուղղաձիգ վեր են թռչում և կարող են վնասել գլուխը։

Խորհուրդ չի տրվում վանդակում դնել զարդարանքներ. դրանք կարող են դառնալ մակաբույծների թաքստոց։

Կերակրումը և խնամքը. Ե. թ-ի կերը պետք է լինի հնարավորին չափ բազմազան և նմանվի ազատության մեջ նրանց օգտագործած կերին։

Հատիկակեր թռչուններին կերակրում են կորեկով, վուշով և սերինոսահատիկով, շաղգամի, եղևնու ու սոճու սերմերով, վարսակով, վարսակաձավարով ևն։ Արևածաղկի և կանեփի սերմերը ցանկալի կեր են շատ թռչունների համար, սակայն դրանց չափից ավելի օգտագործումից թռչունները կուրանում են և սատկում։ Կանեփի սերմերը պետք է լավ խաշել եռման ջրով, որպեսզի քայքայվի կանարին կոչվող թունավոր նյութը։ Թռչունների լավ կեր են ընկույզը և մայրու սերմերը, որոնք ևս պետք է տալ չափավոր քանակությամբ և ոչ հաճախ։ Կերը պետք է լինի բազմազան՝ ըստ թռչունների տեսակի։ Այսպես, խորհուրդ է տրվում ազնվասարեկին կերակրել արևածաղկի ճզմած սերմով, կանեփուկի կերին պետք է ավելացնել քերած գազար և մրջնաձու, կարմրակատարին պետք է տալ կռոթուկի սերմեր, ամուրիկին չի կարելի կերակրել արևածաղկի և կանեփի սերմերով, նա կկուրանա։ Խածկտիկը հաճույքով ուտում է բռինչի և արոսենու հատապտուղներ, խաչկտուցը՝ եղևնու և սոճու սերմեր, դրախտապանը՝ կորեկ։ Չի կարելի թռչուններին կերակրել կեղտոտված, փոշոտված, դառը կամ խակ սերմերով ու հատիկներով։ Հատիկակեր թռչուններին պետք է տալ ոչ մեծ քանակությամբ կերակրի աղ, երկաթի արջասպ և մանրացրած փայտածուխ։

Միջատակեր թռչունների հիմնական կերը եռացրած ջրով կամ կաթով խաշած մրջնաձվերը և, հատկապես, անտառային շեկ խոշոր մրջյունների չոր «ձվերն» են։ Պիտանի չեն սև, մանր և վառ դեղին հողի մրջյունների «ձվերը»։

Թռչուններին բռնելուց հետո սկզբում նրանց պետք է տալ ալրաորդեր (օրական 10-12 հատ), արտույտներին նաև մանր հատիկային կեր, երաշտահավերին՝ փոքր քանակությամբ արևածաղկի ճզմած սերմ և եփած կանեփ։

Թռչուններին ըստ սննդի հատիկակերների և միջատակերների բաժանելը զուտ պայմանական է, որովհետև հատիկակերները կարիք անեն նաև կենդանական կերի։ Միջատակեր շատ թռչուններ հաճույքով սնվում են նաև հատապտղով ու բույսերի սերմերով։ Միջատակեր և հատիկակեր թռչունների համար լավ կեր է մանրացրած գազարի, պաքսիմատի և մրջյունների «ձվերի» խառնուրդը (1 մաս գազար, 1 մաս պաքսիմատ և 1-2 մաս մրջնաձու խառնում են մինչև խառնուրդը դադարի կպչել մատներին)։ Կերախառնուրդին ավելացվում է ձվի մանր ծեծած կեղև։ Թռչունները լավ են ուտում պինդ շիլաներ (ձավարի, վարսակի, սպիտակաձավարի, բրնձի), աղացած միս (հում և եփած), թանթրվենու և արոսենու հատապտուղներ, մրգեր։ Նշված թռչուններին պետք է կերակրել նաև թարմ կանաչիով, կաղամբով, կեչու տերևներով, սենյակում ծլած ցորենի, վարսակի հատիկներով։ Կանաչ սոխը թունավոր է թռչունների համար։

Հատիկակեր թռչաններին պետք է կերակրել օրական մեկ անգամ (առավոտյան), միջատակերներին (որոնց կերն ամռանը շուտ փչանում է)՝ երկու անգամ, այնպես, որ կերի մի մասը մնա մինչև հաջորդ կերակրումը։ Ջուրը պետք է փոխել ամեն օր։

Հատիկակեր թռչունների վանդակը խորհուրդ է տրվում մաքրել շաբաթը մեկ, իսկ միջատակերներինը՝ 2 անգամ՝ փոխելով հատակի ավազը, մաքրելով վանդակի կողապատերի աղբն ու կեղտը։

Ե. թ., ինչպես և մյուս կենդանիները, հիվանդանում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով։ Նախատրամադրող գործոններից են վանդակում շարժվելու տեղի պակասը, ինչպես նաև այն կերերի անբավարարությունը, որով նշված թռչունները սնվում էին ազատ պայմաններում։ Ե. թ-ի հիվանդությունների ընդհանուր նշաններն են ախորժակի բացակայությունը, թուլությունը, քնկոտությունը։ Հիվանդ թռչունը շատ է նստում, փակում է աչքերը, անընդհատ կկոցում, գլուխը թաքցնում է թևերի տակ։ Փետուրները կորցնում են փայլը, դառնում են չոր, ոչ առաձգական, գզգզված, թևերը կախ են ընկնում։ Տենդի ժամանակ թռչունը հաճախ ջուր է խմում։ Հիվանդության նշաններով թռչունին պետք է ցույց տալ անասնաբույժին։

Եթե ուզում եք ձեր պահած թռչուններին գարնանը բաց թողնել, պետք է իմանաք, որ վանդակում թռչունը կորցնում է իր բնական հմտությունները և պետք է աստիճանաբար հարմարվի բնության մեջ ապրելուն։ Մարդու բնակավայրի մոտ ազատ արձակված թռչունը հաճախ սատկում է, ուստի պետք է նրան բաց թողնել հեռու վայրերում՝ այդ