Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսակի թռչունների ապրելատեղի մոտ։ Միաժամանակ պետք է հիշել, որ ընտելացված թռչուններին կարելի է բաց թողնել միայն ձնհալից հետո (այլապես նրանք կարող են քաղցից սատկել)։ Չի կարելի բաց թողնել վատ թռչող կամ մի քանի տարի վանդակում ապրած թռչուններին։ Եթե որոշել եք գարնանը բաց թողնել թռչունին, ապա ձմռանը նրան պահեք մեծ վանդակներում, որտեղ շարժվելիս թևերը չվնասվեն։

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, զբոսաշրջային արշավները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները ակտիվ հանգստի տարածված ձևեր են, առողջության ամրապնդման կարևորագույն միջոց։ Ճանապարհորդությունները նպաստում են մարդու բազմակողմանի զարգացմանը, ընդլայնում նրա մտահորիզոնը, հարստացնում նոր գիտելիքներով աշխարհագրության, պատմության և մշակույթի բնագավառներում, զարգացնում հայրենասիրության, ընկերասիրության զգացումները, կամքը և տոկունությունը, դաստիարակում սեր բնության նկատմամբ։

Իրենց բովանդակության, երկարատևության, փոխադրամիջոցների և կազմակերպման ձևերի բազմազանությամբ արշավներն ու ճանապարհորդությունները կոփում և ամրապնդում են մարդու օրգանիզմը, նպաստում օգտավետ հմտությունների մշակմանը, սովորեցնում են կողմնորոշվել անծանոթ տեղանքում, օգտվել կողմնացույցից և քարտեզից, հաղթահարել տարբեր խոչընդոտներ, ուտելիք պատրաստել, ցույց տալ առաջին բուժական օգնություն։ Տարբերում են պլանավորված (ուղեգրով) և ինքնագործ (ինքնուրույն) ճանապարհորդություններ։

Պլանավորված ճանապարհորդությունները կատարվում են զբոսաշրջային կազմակերպության կողմից ըստ մշակած և նախապատրաստած երթուղով՝ հանգրվաններում զբոսաշրջիկներին հատկացնելով տեղ և սնունդ, ապահովելով տրանսպորտային, էքսկուրսիոն և այլ ծառայություններով։

Երիտասարդների և միջին տարիքի մարդկանց համար հետաքրքիր են տեղաշարժման ակտիվ եղանակով՝ ոտքով, դահուկով, նավակով, լաստով ճամփորդելը։ Տարեց կամ ֆիզիկական ոչ բավարար պատրաստականություն ունեցող մարդկանց համար կազմակերպվում է հանգիստ որոշակի վայրում՝ զուգակցված զբոսանքների և հեռավոր ուղևորությունների հետ։ Երեխաներով ծնողների համար կան մշակված և համապատասխան ձևով սարքավորված երթուղիներ։ Հեռավոր երթուղիներ սիրողների համար կազմակերպվում են ճանապարհորդություններ գնացքով, նավով, ավտոբուսով, ինքնաթիռով։ Զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվում ծանոթանալ ճարտարապետական կոթողներին, նորակառույցներին, այցելել թանգարաններ, հանգստանալ ծովափին ևն։

Ինքնագործ ճանապարհորդությունները (ոտքով, դահուկներով, հեծանվով, ավտոմոբիլով, մոտոցիկլետով՝ քարանձավներով, ջրերով, լեռներով) սովորաբար կազմակերպում են զբոսաշրջային և մարզական ակումբները, հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, դպրոցների մարզախմբերը։ Ճանապարհորդության նախապատրաստման և անցկացման ընթացքում զբոսաշրջիկները ինքնուրույն են լուծում երթուղիներն ընտրելու և անցնելու բոլոր հարցերը։ Հաստատված կանոնների համաձայն արշավների պետք է մեկնել առնվազն 4 մարդուց բաղկացած խմբերով։

Կիրակնօրյա արշավների հեռավորությունը, որպես կանոն, մեծ չէ, զբոսաշրջիկների տարիքային կազմը չի սահմանափակվում, մեծահասակների հետ կարող են մասնակցել նաև երեխաները՝ անգամ նախադպրոցական տարիքի։ Կիրակնօրյա արշավի զբոսաշրջային խմբերը ձևավորում և երթուղիները մշակում է զբոսաշրջային բակային բաժանմունքը, որի բացակայության դեպքում կարելի է դիմել շրջանային կամ քաղաքային զբոսաշրջային ակումբ, էքսկուրսիաների և Զ-յան գծով մարզական կամավոր խորհուրդ, ընկերության խորհուրդ կամ մասնակցել հայտարարված արշավներին։

Երթուղու ինքնուրույն մշակումը պետք է սկսել արշավի նպատակի պարզաբանումից, խմբի բոլոր մասնակիցների համար երթուղու մատչելիությունից և տարվա տվյալ եղանակին անցկացման հնարավորությունից։ Երթուղին կարող է լինել օղակաձև կամ գծային։ Խորհուրդ չի տրվում վերադառնալ արդեն անցած ճանապարհով։ Եթե արշավի հիմնական նպատակը օբյեկտներ այցելելն է, ապա պետք է նախապես տեղեկություն ունենալ դրանց աշխատաժամերի և այցելելու պայմանների մասին։

Շոգ ամռանը երթուղին պետք է անցնի անտառով՝ հանգստի համար ընտրելով ստվերոտ տեղ գետափին կամ առվակի մոտ։ Գիշերելու վայրը պետք է հասնել մութն ընկնելուց 1,5-2 ժամ առաջ։ Աշնանը հաճախ են գնում բաց տեղանքով։ Ձմեռային երթուղիների բնույթը մեծ մասամբ որոշվում է դահուկներով քայլելու կարողությամբ։ Սկսնակների համար ճանապարհը պետք է ընտրել հանգիստ գետերի հովիտներով, երկար, թեթև զառիվայրով, ցանկալի է փշատերև անտառով պատված տեղանքով։ Գարնանը արշավների երթուղիները պետք է անցնեն կավահորից և հեղեղատներից հնարավորին չափ զուրկ, բարձր, չոր տեղերով։

Ըստ տեղամասերի նախապատրաստման և ընտրված փոխադրամիջոցների եղանակի, արշավի տևողությունը տատանվում է մի քանի ժամից մինչև 3 օր (10-50 կմ երկարությամբ երթուղու դեպքում)։ Երթուղու երկարությունը որոշվում է քարտեզով, սակայն հիմնական ճանապարհից չնախատեսված շեղումների պատճառով (կախված սխեմայի անճշտությունից, խոչընդոտների շրջանցումից ևն) այն, որպես կանոն, ավելանում է 15-20 %-ով։

Բազմօրյա ճանապարհորդությունները կարող են անցկացվել ամենուրեք։

Երթուղու մշակումը սկսվում է ճանապարհորդության շրջանի նախնական ուսումնասիրությունից, որի համար խորհուրդ է տրվում օգտվել զբոսաշրջային ուղեցույցներից։ Երթուղին պետք է կազմել արշավային ծանրաբեռնվածությունը հնարավորին չափ նվազեցնելու հաշվարկով։ Խորհուրդ է տրվում նշել այն կետերը, ուր կարելի է նախապես հասցնել հանդերձանքի և պարենի մի մասը։ Նպատակահարմար է ստեղծել, այսպես կոչված, հենակետային ճամբարներ, որտեղից կարելի է կատարել շառավղային արշավներ քաշային նվազագույն ծանրաբեռնվածությամբ։ Բացի հիմնական երթուղուց, կազմվում է պահեստային պարզ տարբերակ, որն օգտագործվում է հիմնական ճանապարհով շարժվելու անհնարինության դեպքում (վատ եղանակ, գետերի վարարում, հիվանդություն ևն)։ Ճանապարհի ամենադժվար հատվածները և առավել