Արշավի ժամանակ զբոսաշրջիկները շարժվում են շարասյունով, մեկը մյուսի հետևից, առջևից՝ ղեկավարը, ապա թույլ պատրաստված մասնակիցները, վերջում՝ փորձառու զբոսաշրջիկը, որը կարող է օգնել հետ մնացողներին։ Չնախատեսված կանգառի ժամանակ նա նշան է անում ղեկավարին։
Կողմնորոշվում են, որպես կանոն, ըստ զբոսաշրջային գծապատկերի և կողմնացույցի։ Հորիզոնի կողմերը կարելի է որոշել ըստ արևի, բևեռային աստղի, լուսնի, ինչպես նաև ծառերի և քարերի վրա առաջացած մամուռով և այլ միջոցներով։ Եթե զբոսաշրջիկները մոլորվել են, ապա ճանապարհների բացակայության դեպքում պետք է դուրս գալ գետի ափ և գնալ ընթացքի ուղղությամբ։
Հանգստի համար պետք է ընտրել հարթ և չոր տեղ (մարգագետին, անտառի բացատ, ջրամբարի մոտակայք)։ Ցանկալի է, որ մոտերքում լինի աղբյուր և վառելիք։ Ամպամած եղանակին չի կարելի հանգստանալ բլրի գագաթին կամ բարձր ծառերի տակ։ Խիստ կարևոր է հանգստի ժամանակ հոգատար վերաբերմունք դրսևորել շրջակա միջավայրի նկատմամբ։ Զգուշություն ցուցաբերել խարույկը վառելիս, որի տեղը պետք է ընտրել ծառերից 5-6 մ հեռու։ Հեռանալիս այն պետք է հանգցնել։
ԹԵՆԻՍ, մարզախաղ, որի մասնակիցները թևճակներով գնդակը փոխանցում են հատուկ հրապարակում՝ կորտում ձգված ցանցի վրայով, ձգտելով հավաքել անհրաժեշտ քանակության միավորներ։ Թ. նպաստում է ֆիզիկական զարգացմանը, առողջության ամրապնդմանը, լավ հանգստին, կարելի է պարապել ցանկացած տարիքում, ողջ տարին։ Ժամանակակից Թ-ի առաջին կանոնները մշակել է անգլիացի Ու. Ուինգֆիլդը 1873-ին։
Խաղում են երկուսով կամ չորսով (զույգերով, նաև խառը)։ Խաղում են կավավազային, խոտի, սինթետիկ, փայտե կամ ասֆալտե ծածկույթով կորտում։ 91 սմ բարձրությամբ ցանցով կորտը լայնքով բաժանված է երկու կիսադաշտի։ Թևճակները պատրաստվում են փայտից, պլաստմասսայից կամ թեթև մետաղից, օղագոտու վրա ձգում են բնական կամ սինթետիկ լարեր։ Թևճակի զանգվածը 255-340 գ է երեխաների համար, 340-400 գ մեծահասակների համար։ Գնդակը ռետինից է՝ պատված խավավոր գործվածքով։
Խաղի կանոնները։ Թևճակի հարվածով գնդակը ցանցի վրայով ուղարկվում է այնպես, որ հակառակորդը չկարողանա ճշտորեն այն վերադարձնել հակառակորդի կիսադաշտը։ Գնդակին հարվածելը թույլատրվում է կորտից նրա առաջին հետցատկից հետո կամ մինչև գնդակի գետնին դիպչելը (երկրորդ անգամ գնդակի գետնին դիպչելը համարվում է միավորի կորուստ)։ Յուրաքանչյուր միավորի խաղարկումն սկսվում է (վիճակահանությունից հետո) սկզբնահարվածով՝ գնդակը առաջին հարվածով ուղարկվում է դաշտի որոշակի մաս (սխալի դեպքում թույլատրվում է կրկնել հարվածը)։ Միավորների հաշվարկը սկսվում է սկզբնահարված կատարողի միավորներից, առաջին և երկրորդ շահված հարվածների համար տրվում է 15-ական միավոր, երրորդի համար 10 միավոր, չորրորդի դեպքում (երկու շահած գնդակի տարբերության պայմանով) շնորհվում է, այսպես կոչված «գեյմի» (խաղափուլի) շահում։ «Գեյմում» 40:40 հաշվի դեպքում հայտարարվում է «հավասար»։ «Հավասար» հաշվից հետո հայտարարվում է «շատ», եթե միավորը շահում է սկզբնահարված կատարողը, կամ «քիչ», եթե միավորը շահում է ընդունողը։ Եթե «շատ» հաշվից հետո սկզբնահարված կատարողը շահում է հերթական միավորը, նա շահում է տվյալ գեյմը։ Հաղթելու համար հարկավոր է շահել 6-ից ոչ պակաս գեյմ՝ ունենալով առնվազն 2 գեյմ առավելություն։ Հանդիպման հաղթանակը շնորհվում է 3-ից 2 խաղափուլ, կամ 5-ից 3 խաղափուլ շահելու դեպքում։
ԹՌՉՆԱԲՆԵՐ արհեստական, ծառերի փչակներում բնակվող թռչունների համար պատրաստվող բներ։ Կան արհեստական Թ-ի բազմաթիվ տեսակներ, որոնք նման են փչակի։ Առավել տարածված են սարեկաբները (սարյակների արհեստական բներ) և երաշտահավի (երաշտահավերի և այլ փոքր թռչունների՝ խայտաբղետ և սպիտակավիզ ճանճորսների, բանջարանոցային կարմրատուտի, սողահավի ևն) բները։ Կառուցվածքով այդ Թ-ները նման են, միայն թե սարեկաբները (նաև դրանց անցքերը) ավելի մեծ են։
Արհեստական Թ-ում բնակալում են հիմնականում միջատակեր թռչունները, որոնք սնվում են վնասատու միջատներով, դրանց թրթուրներով, հարսնյակներով և ձվերով։ Այգիների, բանջարանոցների, անտառների վնասատուների դեմ պայքարում այդ թռչունները մեծ օգուտ են տալիս։
Արհեստական Թ. պատրաստում են տախտակից կամ փուշտայից (նրբատախտակը հարմար չէ)։ Նկ. 1-ում բերված են երաշտահավի բնի տախտակների չափերը։ Սարեկաբնի բարձրությունը (հատակից մինչև տանիք) 30-35 սմ է, հատակը (Թ-ի ներսում)՝ 14x14 սմ, անցքի տրամագիծը՝ 4,7-5 սմ, տախտակի հաստությունը՝ առնվազն 1,5 սմ։ Ռանդում են Թ-ի տախտակի միայն արտաքին երեսը, Թ-ի ներսը պետք է անհարթ լինի, որպեսզի թռչունը կարողանա կառչել ճանկերով և դուրս թռչել բնից։ Գարնանը բների ներսը հեշտությամբ մաքրելու համար հարմար են հանովի տանիքներով Թ.։ Անցքը առմուտք կամ այլ հարմարանքներ չպետք է ունենա, քանի որ դրանցից հաճախ օգտվում են կատուները։
Տնամերձ այգիներում առավել հաճախ բնակալում են խայտաբղետ ճանճորսները, մեծ երաշտահավերը, այգու կարմրատուտերը ևն։ Ճանճորսի բնի հատակի մակերեսը պետք է լինի շուրջ 100 սմ², իսկ մեծ երաշտահավինը՝ առնվազն 150 սմ², հատակից մինչև անցքի ստորին մասն եղած հեռավորությունը՝ համապատասխանաբար 8-12 և 12-16 սմ, անցքի տրամագիծը՝ 3,0-3,2 (քաղաքում՝ 2,8-3,0 սմ) և 3,2-3,5 սմ։ Խայտաբղետ