Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաշվին։ Դա արվում է դիաֆրագմայի օգնությամբ, որը կառավարելու համար օբյեկտիվի շրջանակի վրա կա օղակ կամ փոքրիկ լծակ, որոնց միջոցով կարելի է տեղաշարժել դիաֆրագմայի թերթիկները՝ մեծացնելով կամ փոքրացնելով լուսային բացվածքը (նկ. 1)։ Օգտվելու հարմարության համար օբյեկտիվի շրջանակի վրա կա դիաֆրագմային թվերի սանդղակ։

Որոշ օբյեկտիվներում նկարահանումից առաջ օղակը պտտելիս լուսային բացվածքը չի փոխվում, մնում է լիովին բացված։ Դիաֆրագմայի մեխանիզմը գործարկվում է միայն լուսափականակի կոճակը սեղմելիս, որից հետո լուսային բացվածքը թռիչքաձև փոքրանում է մինչև տրված չափը (փականակի գործարկման պահին)։ Այդպիսի դիաֆրագմաները կոչվում են «ցատկող»։ Դրանք մեծացնում են օբյեկտիվի կիզակետման ճշգրտությունը։

Դիտանը ծառայում է լուսաժապավենի վրա նկարահանման օբյեկտիվով պատկերվող օբյեկտների տարածության սահմանները որոշելու համար (կադրի սահմաններում)։ Դիտանով երևացող պատկերի սահմանների և լուսաժապավենի կադրում պատկերի սահմանների չհամընկնելը կոչվում է պարալաքս, իսկ համապատասխան դիտանները՝ պարալաքսային։ Պարալաքսը չի զգացվում բավականաչափ հեռու գտնվող օբյեկտների նկարահանման ժամանակ, սակայն աճում է օբյեկտի հեռավորության կրճատմանը զուգընթաց։ Լուսանկարչական ապարատների մեծ մասն ունի հեռադիտակային կամ հայելային դիտան, բայց երբեմն հանդիպում են նաև շրջանակավոր դիտաններ։

Հեռադիտակային դիտանը օպտիկական համակարգ է՝ կազմված օբյեկտիվից, օկուլյարից և սահմանափակող շրջանակից, որի դերը հաճախ կատարում է օբյեկտիվի շրջանակը (նկ. 2)։ Այդպիսի դիտանը տալիս է ուղիղ և փոքրացված պատկեր։ Նրա անկյունային դաշտը սովորաբար համապատասխանում է լուսանկարչական ապարատի օբյեկտիվի անկյունային դաշտին։ Հեռադիտակային դիտանը պարալաքսային է և սովորաբար ներդրվում է լուսանկարչական ապարատի իրանի մեջ նկարահանման օբյեկտիվի վերևում կամ կողքին։

Հեռադիտակային որոշ դիտաններ տեսադաշտում ունենում են սահմանափակիչ շրջանակներ, որոնք ցույց են տալիս կադրի սահմանները տարբեր կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվների համար։ Բացի այդ, արտադրում են անկյունային դաշտի տարբեր արժեքներով փոխովի, ինչպես նաև համապիտանի դիտաններ։

Հայելային դիտաններում օբյեկտիվով անցած լուսային ճառագայթները հայելուց անդրադառնում են ապակե թիթեղի կամ կոլեկտիվ ոսպնյակի փայլատ մակերևույթին, որի վրա առաջանում է դիտվող օբյեկտի օպտիկական պատկերը։ Այդպիսի դիտաններով լուսանկարչական ապարատները կոչվում են հայելային։ Ըստ դիտանի սխեմայի, տարբերում են միաօբյեկտիվ և երկօբյեկտիվ հայելային լուսանկարչականն ապարատներ։

Միաօբյեկտիվ հայելային լուսանկարչական ապարատներում նկարահանման օբյեկտիվը միաժամանակ ծառայում է և դիտանի օբյեկտիվ (նկ. 3)։

Եթե հեռադիտակային դիտանով լուսանկարիչը նկարահանման օբյեկտը տեսնում է այնպես, ինչպես կտեսներ հեռադիտակով կամ դիտափողով մի փոքր «կողքից», ապա միաօբյեկտիվ հայելային լուսանկարչական ապարատի դիտանով օբյեկտի պատկերը երևում է այնպես, ինչպես այն ստացվում է լուսաժապավենի վրա, այսինքն լուսանկարիչն ասես տեսնում է նկարահանված կադրը։ Հայելային դիտանն ապահովում է փոխովի օբյեկտիվներով աշխատելու առավել բարենպաստ պայմաններ, քանի որ դիտանով դիտվող պատկերը լիովին կախված է նկարահանման օբյեկտիվի բնութագրերից և միշտ համապատասխանում է լուսաժապավենի վրա ստացվող պատկերին։

Ապակե թիթեղի կամ կոլեկտիվ փայլատ մակերևույթին նկարահանվող օբյեկտի պատկերն ստացվում է շրջված («գլխիվայր»)։ Որպեսզի պատկերը ուղիղ լինի, կոլեկտիվ ոսպնյակի և դիտանի օկուլյարի միջև տեղավորում են շրջող հնգապրիզմա։ Այդպիսի դիտանն ստեղծում է նկարահանվող օբյեկտի ոչ թե հայելային-շրջված, այլ ուղիղ պատկերը։

Նկարահանման պահին, լուսափականակի կոճակը սեղմելիս, հայելին բարձրանում է՝ բացելով լուսային ճառագայթների ճանապարհը դեպի լուսաժապավենը, իսկ լուսանկարվող օբյեկտի պատկերը դիտանի օկուլյարում անհետանում է, և լուսանկարողը չի տեսնում նկարահանվող օբյեկտը։ Որպեսզի նկարահանվող օբյեկտը դիտվի անընդհատ, բացի լուսափականակի գործարկման կարճատև պահից, միաօբյեկտիվ հայելային լուսանկարչական ապարատներից