Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատերում տեղակայվում է ինքնավերադարձող հայելի կամ անընդհատ դիտոցման հայելի, որը լուսափականակի կոճակը սեղմելիս բարձրանում է վերև, իսկ փականակի գործարկումից հետո ավտոմատորեն վերադառնում է սկզբնական դիրքին։

Երկօբյեկտիվ հայելային լուսանկարչական ապարատներում դիտոցման համակարգը կապված չէ նկարահանման օբյեկտիվի հետ։ Այդպիսի համակարգի թերությունն այն է, որ հարկ է լինում նկարահանել աչքերի մակարդակից ցածր գտնվող կետից։ Բացի այդ, նման դիտանը պարալաքսային է, ինչը անհրաժեշտ է հաշվի առնել 5 մ-ից պակաս հեռավորությունից նկարահանելիս։

Օբյեկտիվի կիզակետումը (հստակության բերելը) նկարահանման ժամանակ կատարվում է օբյեկտիվի ստեղծած օպտիկական պատկերի հարթության և լուսաժապավենի լուսազգայուն շերտի հարթության համատեղման նպատակով, ճշգրիտ համատեղման դեպքում պատկերն առավել հստակ է ստացվում։ Օբյեկտիվի կիզակետումն իրականացվում է օբյեկտիվի օպտիկական բլոկը օպտիկական առանցքի երկայնքով տեղաշարժելով՝ ըստ լուսանկարչական ապարատի և նկարահանվող օբյեկտի հեռավորության։

30 մմ-ից պակաս կիզակետային հեռավորությամբ որոշ օբյեկտիվներ չունեն կիզակետման հարմարանք։ Նկարահանվող օբյեկտի հստակ պատկերն այդ դեպքում ստացվում է օբյեկտիվի հստակության մեծ խորության հաշվին։

Ըստ նկարահանման օբյեկտիվի կիզակետման եղանակի, բոլոր լուսանկարչական ապարատները լինում են սանդղակային, հեռաչափական և հայելային։

Սանդղակալին լուսանկարչական ապարատներում օբյեկտիվները կիզակետվում են օբյեկտիվի շրջանակի վրայի հեռավորությունների սանդղակով։ Դա կատարվում է օբյեկտիվի շրջանակի վրայի կիզակետման օղակը պտտելով այնքան, մինչև հեռավորությունների սանդղակի համապատասխան թվանշանը համատեղվի տեղակայման ցուցանշանի հետ։ Որպես կանոն, սանդղակային լուսանկարչական ապարատներն ունենում են հստակորեն պատկերվող տարածության մեծ խորությամբ օբյեկտիվներ, դա թույլ է տալիս նկարահանվող օբյեկտի հեռավորությունը որոշել աչքով։ Նկարահանման հեռավորությունն ավելի ճշգրիտ որոշելու նպատակով սանդղակալին լուսանկարչական ապարատների համար հատուկ թողարկում են հանովի հեռաչափեր, որոնք հարմարեցված են լուսանկարչական խցիկի իրանին տեղակայելու համար։ Հեռաչափի օգնությամբ որոշված հեռավորությունն այնուհետև դրվում է լուսանկարչական ապարատի օբյեկտիվի հեռավորությունների սանդղակի վրա։

Կիզակետումը պարզեցնելու և արագացնելու նպատակով հեռավորությունների սանդղակը որոշ սանդղակային լուսանկարչական ապարատներում լրացվում է նկարահանման տարբեր սյուժեների պայմանանշանների (դիմանկար, խումբ, բնապատկեր) սանդղակով. պայմանանշանները դասավորված են հեռավորությունների սանդղակի այն թվերի մոտ, որոնք համապատասխանում են տվյալ պայմանանշանով ցուցանշված օբյեկտի օպտիմալ հեռավորությանը (նկ. 5,ա)։ Կիզակետման այդպիսի եղանակը կոչվում է կիզակետում ըստ պայմանանշանների, այն իրականացվում է կիզակետման օղակը պտտելով այնքան, մինչև նկարահանման տվյալ օբյեկտին համապատասխանող պայմանանշանը համատեղվի հեռավորությունների սանդղակի տեղակայման ցուցանշանի հետ։

Սանդղակային լուսանկարչական ապարատները կառուցվածքով պարզ են, ունեն ոչ մեծ չափեր և զանգված, շահագործման տեսակետից հուսալի են ու հարմար և թույլ են տալիս ստանալ լավորակ լուսանկարներ։

Հեռավորությունների սանդղակ կա գործնականում ցանկացած օբյեկտիվի շրջանակի վրա, անկախ նրա կիզակետման եղանակից։ Հեռավորությունների սանդղակի կողքին սովորաբար լինում է դիաֆրագմային թվերի՝ համաչափ դասավորված 2 սանդղակ (նկ. 5, բ)։ Այդ սանդղակները միասին կազմում են պարզագույն հաշվիչ՝ հստակորեն պատկերվող տարածության խորությունը որոշելու համար, կախված այն հեռավորությունից, որի վրա կիզակետված է օբյեկտիվը, և հաստատված դիաֆրագմայից։ Օրինակ, եթե նկարահանվող օբյեկտի հեռավորությունը 3 մ է, ապա ըստ նկարահանման պայմանների ընտրված 5,6 դիաֆրագմային թվի (1:5.6 հարաբերական բացվածքի) դեպքում հստակորեն պատկերվող տարածությունը ձգվում է 1,8-ից (մերձավոր սահման) մինչև 15 մ