10 թանթ և համարակալել նկ. 15-ում ցույց տրված ձևով։ Խնդիրն է հաջորդական տեղափոխմամբ 1 համարանիշով թանթը հասցնել վերին շարքի ձախ անկյուն՝ որտեղ դրված են 6 և 7 համարանիշերով թանթերը։ Տեղափոխումը կարելի է կատարել միայն ազատ տեղերով՝ դուրս չգալով ուղղանկյան շրջանակի սահմաններից և թանթերը իրար վրա չդնելով։
Պտտան։ Նրբատախտակից կամ ստվարաթղթից կտրել 4 վեցանիստ՝ վրան տառեր. դրանցից յուրաքանչյուրը կենտրոնում ծակել և անցքն ագուցել սրածայր լուցկու հատիկ (նկ. 16)։ Որպեսզի վեցանիստը չսահի ցած, հարկավոր է լուցկու վրա փաթաթել թել կամ բարակ թուղթ։ Խաղում են չորսով։ Խաղավարը հայտարարում է թեման (գրող, բանաստեղծ, երգահան ևն), և խաղի յուրաքանչյուր մասնակից հերթով պտտեցնում է իր հոլը։ Խաղացողները հետևում են, թե որ տառի վրա կթեքվի այն, և աշխատում են հնարավորին չափ արագ գտնել համապատասխան տառով բառ։ Առաջին ճիշտ պատասխանողն ստանում է մեկ միավոր։ Եթե ոչ մեկին չի հաջողվում գտնել անհրաժեշտ բառ, պտտանը նորից է գործի դրվում։ Թեմաների կրկնական հայտարարման դեպքում մինչ այդ օգտագործած բառերի կրկնում թույլ չի տրվում։ Հաղթում է առավել թվով միավորներ հավաքողը։
Ամենակարճ եղանակով։ Քառակուսի վահանակը հարկավոր է բաժանել 36 վանդակի (6x6) երկուսը ստվերագծված կամ այլ գույնով ներկված։ Յուրաքանչյուր վանդակի կենտրոնում մեխ է խփվում, որոնցից մեկին (վերին շարքի ձախից) քուղ է կապվում։ Խաղացողների խնդիրն է անցնել վահանիկի բոլոր վանդակներով (բացառությամբ այլ գույնով ներկվածների)։ Երկու անգամ նույն վանդակը «մտնել» չի կարելի։ Ողջ ուղին նշվում է քուղով՝ այն մեկ մեխից մյուսը տանելով։
Խնդիրն ունի մի քանի լուծում, դրանցից երկուսը տես նկ. 17-ում։
ԽԱՐԱՆԿԱՐՈՒՄ, կատարվում է վաճառվող կամ ինքնաշեն էլեկտրական հատուկ սարքով։
Սարքը էլեկտրական ցանցին միացվում է լարումն իջեցնող տրանսֆորմատորով։ Սարքի աշխատանքային լարումը 2 Վ է, սպառող հզորությունը՝ մոտավորապես 20 Վտ։ Աշխատանքային գործիքը բռնիչն է, որի ծայրին ամրացված է էլեկտրական հոսանքով շիկացող մետաղե էլեկտրոդ։ Աշխատանքի ընդմիջման ժամանակ անհրաժեշտ է տրանսֆորմատորը անջատել ցանցից, գործիքը դնել տակդիրին միայն հովանալուց հետո։ Խարանկարում են փայտի կամ նրբատախտակի վրա. գերադասելի է փափուկ տեսակների՝ լորենու, լաստենու և կաղամախու փայտանյութը։ Խարանկարման համար թողարկվում են նկարազարդ հատուկ ալբոմներ։ Կարելի է օգտագործել նաև նկարազարդ այլ ալբոմներ, գրքեր և ամսագրեր։
Շատ կարևոր է նկարը ճիշտ փոխանցել փայտի վրա։ Ընտրված նկարը պատճենում են մոմաթղթի կամ ծխախոտաթղթի վրա, այնուհետև պատճենաթղթի միջոցով անցկացնում խնամքով հղկված փայտի վրա։
Զարդանկարներ և միատեսակ ուրվագծեր խարանկարելու համար օգտագործում են նրբատախտակից սղոցած կամ հաստ թղթից կտրված ձևանմուշներ և տրաֆարետներ, որոնք դնում են փայտանյութի հղկած մակերևույթի վրա և մատիտով շրջագծում։ Առաջին փորձնական նկարները խարանկարում են միայն կետերով։ Առարկաների ծավալային պատկերներ, լուսաստվերային անցումներ արտահայտելու համար փոխում են կետերի խտությունը, չափերը և խորությունը։ Խարանկարվող առարկան սեղանի հարթության նկատմամբ դնում են որոշակի անկյունով և աչքերից 30-35 սմ հեռու։ 15-20 րոպեն մեկ անհրաժեշտ է ընդմիջում անել աչքերը հանգստացնելու համար։ Ցանկության դեպքում խարանկարը ներկում են, գունավորում կամ լաքապատում։ Ներկում են ջրում լուծվող ներկերով (գունավոր թանաք, տարագույն տուշեր, անիլինային ներկանյութ)։ Դարչնագույն ներկում են խածատիչով։ Ներկելուց առաջ խարանկարված փայտի մակերևույթը լավ ողորկում են հղկաթղթով։ Վերջնամաքրամ կատարում են փայտի թելքերի ուղղությամբ։ Ներկանյութերի ջրային լուծույթները պատրաստում են ոչ թանձր, իսկ նկարի որևէ գույնը ավելի ցայտուն դարձնելու համար այդ մասը ներկում են 2-3 անգամ։
Փայտանյութի ճակատային մակերևույթը, ինչպես նաև նրբատախտակի եզրերը ներկելուց առաջ ջրով թրջում են, քանի որ այդ մասերը կողային մակերևույթից ավելի լավ են ներծծում խոնավությունը և ներկը, և ավելի մուգ են ստացվում։ Նկարի եզրերը խարանում են անընդհատ գծով, որպեսզի ներկելիս փայտանյութի թելքերի ուղղությամբ ներկը չհոսի և չկեղտոտի։
Խարանկարված իրերը ներկում են փոքրիկ, փափուկ վրձիններով, իսկ ամբողջ մակերևույթը՝ բամբակե մաքուր լաթի խծուծով։ Որպեսզի խարանկարի մակերևույթը հավասարաչափ ներկվի, խորհուրդ է տրվում ներկելուց անմիջապես հետո այն սրբել փափուկ, մաքուր լաթով։
ԿԱՐՊԵՏ, գործվածք, որը հյուսվում է բրդե, բամբակե, մետաքսե թելերով բրդե, բամբակե հենքի վրա։ Օգտագործում են ցրտից պաշտպանվելու և գեղազարդման նպատակներով։ Կ-ի գործվածքից պատրաստել են վրանի, ձիու թամբի ծածկոցներ, խուրջիններ, անկողնակալներ, պարկեր ևն։ Որպես միջնաթել օգտագործվում են բրդե, մետաքսե թելեր։ Կ. հյուսելու համար անհրաժեշտ է լավ ոլորած թել (բացառությամբ շուլալ Կ-ի, որի թելը պետք է լինի փափուկ)։ Կարպետագործության մեջ ընդունված է օգտագործել ոչխարի բրդի բնական գույների թելեր (սպիտակ, սև, շագանակագույն, ոսկեգույն)։ Թելերը կարելի է ներկել նաև բնական ներկանյութերով՝ թթենու կանաչ տերևով, դաղձով, ընկուզենու կանաչ տերևով, սոխի կեղևով, ավելուկով ևն։
Կ. գործում են տորքի (դազգահ) վրա։ Հենքի ուղղաձիգ միագույն թելերի միջով անցկացնում են գունավոր միջնաթելեր, որոնցով և ստացվում է Կ-ի նախշը։ Յուրաքանչյուր շարքն ավարտելուց