Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո թելերը խտացնում են կտուտիչով։ Հայկական Կ-ներից հայտնի են մեզարը, ջեջիմը, մատնաքաշ, շուլալ և այլ Կ-ներ։

Մեզարն ունի կտավի նման հյուսվածք։ Գործում են ուղղաձիգ դազգահի վրա։ Գործող թելն անցնում է հենքի թելերի միջև մեկընդմեջ։ Հենքը գցվում է նեղ ու լայն գունավոր շերտերով, որոնց միջև արվում են տարբեր գույնի բաժանարար գծեր։ Գործվում է այնպես, որ երևում են ոչ միայն գործող, այլև հենքի թելերը։ Մեզարը երկերես գործվածք է։

Ջեջիմը գործում են գետնին խփված ցցերի միջև արված հենքի վրա (նեղ ու լայն գունավոր շերտերով)։ Գործող թելն անցկացնում են հենքով ձախից աջ և աջից ձախ, ապա, թրով խփելով, նստեցնում։ Գործվածքի մեջ գործող թելը չի երևում, երևում են միայն հենքի թելերը։ Ջեջիմի երկու երեսն էլ ստացվում են միանման գունավոր շերտերով։ Ջեջիմը գործում են նաև խաչաձև, սանրաձև և այլ նախշերով։

Երկերես «մատնաքաշ» Կ. գործում են ուղղաձիգ տորքի վրա։ Հենքի բրդե կամ բամբակե թելը միագույն է, գործող թելը՝ բազմագույն։ Վերջինս մեկընդմեջ անցկացվում է հենքի թելերի միջով և ձևավորում նախշը։ Գործում են ձախից աջ և աջից ձախ։ Թելերի ծայրերը թաքցնում են գործվածքի մեջ։ Անջատ-անջատ նախշեր գործելու դեպքում, աշխատաթելը, հասցնելով նախշի եզրին փաթաթում են հենքի թելի շուրջ, հետ դարձնում, գործում մինչև նախշի մյուս եզրը, կրկին պատ տալիս և վերադառնում։ Այս եղանակով Կ. ավելի արագ է հյուսվում։

Հայաստանի տարածքում Կ. հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. II հազարամյակում։ Հայ մատենագրության մեջ Կ. բառը գործածվել է («կապերտ» ձևով) սկսած V դ.։ Իսկ X-XIII դդ. տարածվել է նաև Եվրոպայում և գործածվել գորգ իմաստով, Կ. օգտագործել են իբրև փռոց, ծածկոց, վարագույր, վրանի, ձիու թամբի ծածկոց։ Կ-ի գործվածքից պատրաստել են խուրջիններ, անկողնակալներ, պարկեր ևն։

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ, տնային պայմաններում կենդանիներ պահելը թույլ է տալիս ծանոթանալ նրանց վարքագծին, ավելի լավ հասկանալ կենդանական աշխարհը, զարգացնել դիտողականությունը։ Սակայն պետք է հիշել, որ կենդանիների նկատմամբ անհոգ վերաբերմունքը կարող է նրանց սատկելու պատճառ դառնալ։ Չի կարելի տուն բերել թռչուն կամ գազանիկ՝ մտածելով, որ որոշ ժամանակ անց նրան կարելի է ազատ արձակել։ Տանը երկար ապրած կենդանին դժվարանում է ազատության մեջ կեր հայթայթել, վտանգը հաղթահարել և ազատ արձակվելուց հետո հաճախ սատկում է։

Տանը առավել հաճախ պահում են երկկենցաղներ՝ տրիտոններ (սովորական և սանրակիր), սալամանդրներ (բծավոր և կովկասյան), դոդոշներ (մոխրագույն և կանաչ), գորտեր (լճագորտ, լճակային, խոտային, սրադունչ), հրադոդոշներ (կարմրափորիկ, դեղնափորիկ), ծառագորտեր (սովորական և հեռավորարևելյան), սողուններ՝ լորտուներ (սովորական և ջրային), կրիաներ (հունական կամ միջերկրածովյան, տափաստանային կամ միջինասիական և ճահճային), մողեսներ (արագաշարժ, կենդանածին, իլիկաօձ, դեղնափորիկ), կաթնասուններ՝ սկյուռներ, շերտավոր սկյուռներ, ոզնիներ, ճագարներ, ծովախոզուկներ, սպիտակ առնետներ, մկներ, համստերներ։

Երկկենցաղներ և սողուններ

Երկկենցաղներին և սողուններին տանը պահելու համար պետք է հաշվի առնել նրանց կենսաբանական առանձնահատկությունները։ Այդ կենդանիների մարմնի ջերմաստիճանը կախված է արտաքին միջավայրի ջերմաստիճանից, նրանց համար վտանգավոր է ինչպես +3 °C–ից ցածր ջերմաստիճանը, որի ժամանակ նրանց ակտիվությունը նվազում է, դադարում են սնվել և քաղցից սատկում են, այնպես էլ 30 °C–ից բարձր ջերմաստիճանը, որի դեպքում սատկում են գերտաքացումից։ Միջին գոտու կենդանիների համար արտաքին միջավայրի միջին ջերմաստիճանը պետք է լինի +16. .22 °C, տաք գոտու կենդանիների համար՝ +22 ..30 °C։

Այս կենդանիների, հատկապես երկկենցաղների, մյուս առանձնահատկությունն օդի խոնավության նկատմամբ բարձր զգայունությունն է։ Տանը (սենյակում) օդի անբավարար խոնավության դեպքում նրանց մաշկն արագ չորանում է, և կենդանիները սատկում են։ Սողունները խոնավության մեծ պահանջ են ունենում հատկապես բազմացման շրջանում։

Պետք է հաշվի առնել նաև, որ երկկենցաղները և սողունները (բացի բուսակերներից) բնության մեջ սնվում են շարժուն կենդանի օրգանիզմներով։ Նրանք, հատկապես երկկենցաղները, դժվար են վարժվում բնական կերերի փոխարինիչներին։

Երկկենցաղներին ու սողուններին պահում են տերարիումներում։ Պարզագույն տերարիումը կարելի է պատրաստել աքվարիումից, որի կողապակիներից մեկը հանվում է և գոյացած բացվածքը ծածկվում արույրե կամ պղնձե մետաղացանցով։ Աքվարիումի վերին մասը կիսով չափ ցանցապատում են, մնացած բացվածքին հարմարեցնում շարժական կամ հանովի կափարիչ (ցանկալի է օրգանական ապակուց)։ Տերարիումը կարելի է պատրաստել նաև ինքնուրույն. հիմնակմախքը հավաքել մետաղե անկյունակները հեղույսներով կամ գամերով ամրացնելով։ Ապակիներն ամրացվում են ծեփանով, որն օգտագործվում է նաև աքվարիում պատրաստելիս։ Բացվող փեղկը պատրաստվում է այնպես, որ հարմար լինի կենդանուն կերակրել և տերարիումը մաքրել։ Տերարիումի հատակը պետք է լավ հերմետիկացնել, որպեսզի ջուր չթողնի։ Հարմար է տերարիումի մերսում դնել մետաղե կամ ապակե (օրգանական ապակի) տակնոց (ընդկալ)։

Տերարիում պատրաստելիս չպետք է թողնել ոչ մի ճեղք, որի միջով կենդանիները կարողանան դուրս գալ։

Տերարիումի ձևն ու չափերը կարող են տարբեր լինել, սակայն անպայման պետք է նախատեսել կենդանու ազատ շարժվելու հնարավորությունը (օրինակ