12-15 սմ երկարություն ունեցող մողեսի տերարիումի հատակի չափերը չպետք է 20x20 սմ-ից փոքր լինեն)։ Սողունների համար ավելի լավ է պատրաստել ոչ մեծ մակերես ունեցող հատակով, մագլցողների համար ավելի հարմար են նեղ, բայց բարձր տերարիումները։
Տերարիումի ձևավորումը։ Հատակին պետք է փռել ավազ (ցանկալի է խոշորահատիկ), մանրախիճ, քարեր և ոչ մեծ կոճղեր դնել։ Օդի մշտական խոնավությանը պահպանելու և կենդանուն ջրով ապահովելու նպատակով անհրաժեշտ է տերարիումում պատրաստել ոչ մեծ ջրավազան (վերցնել ոչ խոր անոթ, մասամբ ընկղմել գրունտի մեջ կամ անջատել տակնոցի մի մասը)։
Խոնավասեր կենդանիների (երկկենցաղներ, լորտուներ, ջրային կրիաներ) ջրավազանի մակերեսը պետք է մոտավորապես հավասար լինի հատակի մակերեսի կեսին։ Այդպիսի տերարիումը կոչվում է աքվատերարիում։
Տերարիումը լուսավորվում և տաքացվում է աքվարիումների լուսավորման համար նախատեսված էլեկտրական լամպով (ջերմարձակով)։ Անհրաժեշտ է նաև տերարիումում ստեղծել թաքստոց լույսից պաշտպանվելու համար։
Տերարիումին ավելի բնական տեսք տալու համար խորհուրդ է տրվում այնտեղ բույսեր դնել (խոնավասեր կենդանիների համար՝ տրադեսկանցիա, ցիպերիուս, պտերներ, բեգոնիա և այլն, մյուսների համար՝ բաղեղ, ծնեբեկ, ֆիլոկակտուս)։ Խոշոր օձերի, ցամաքային կրիաների տերարիումներում բույսեր չեն դնում, քանի որ կենդանիները դրանք տրորում, փչացնում են կամ ուտում (կրիաներ)։
Տերարիումի ջրավազանում (եթե չափերը թույլ են տալիս) կարելի է աճեցնել աքվարիումային բույսեր՝ վալիսներիա, կամոմբա, էլոդեա, ռիչիա, լյուդվիգիա և այլն։
Տերարիումը պետք է մաքրել ըստ կեղտոտվածության աստիճանի պարբերաբար խոնավացնելով գրունտը, ջրավազանի ջուրը ևս պետք է փոխել ըստ կեղտոտվածության։
Տերարիումի կենդանիները
Դոդոշները (կանաչ և մոխրագույն) բնական պայմաններում վարում են մթնշաղային կենսակերպ։ Խիստ շատակեր են, ոչնչացնում են վնասակար միջատներին։
Դոդոշներին պահում են բարձր խոնավություն ունեցող տերարիումներում, ինչպես նաև 18-20° C օդի ջերմաստիճանի աքվատերարիումներում։ Տերարիումում (աքվատերարիում) կենդանիների թաքնվելու համար դրվում են քարեր, փոքր կոճղեր, ծառի կեղևի կտորներ։ Դոդոշները սնվում են խավարասերներով, մոծակի թրթուրներով, ալրաորդերով և անձրևաորդերով, ճանճերով, լորձնախխունջներով։ Օրական նորման 3-4 գ է։ Դոդոշներն ուտում են միայն կենդանի շարժուն միջատներ ու անողնաշարավորներ։
Հրադոդոշները արտաքին տեսքով նման են դոդոշներին։ Մարմնի վերին մասը մուգ է՝ մոխրագույն, գորշ, սև երանգով, մաշկը թմբիկավոր է։ Փորի մասը դեղնակարմրավուն է կամ կարմրավուն՝ անկանոն սև բծերով։