Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրադոդոշներին պահում են այնպես, ինչպես գորտերին։ Սնվում են ալրաորդերով, մոծակի թրթուրներով, անձրևաորդերով։ Օրական կերաբաժինը՝ 4 գ։

Ծառագորտերը շատ հետաքրքիր կենդանիներ են, վարում են մագլցող կենսակերպ։ Մատների ծայրերին ունեն ծծիչներ, որոնց օգնությամբ կարողանում են կառչել հարթ մակերեսներին։

Սովորաբար մեջքը կանաչավուն է, փորը՝ սպիտակ։ Հաճախ միջավայրի գույնի ազդեցությամբ այն փոփոխվում է՝ դառնալով մոխրագույն, դեղնականաչավուն։ Ակտիվ են մթնշաղին, ցերեկը թաքնվում են թաքստոցներում։

Ծառագորտերին պահում են մագլցող կենդանիների համար հարմարեցված առատ բուսականությամբ և բարձր խոնավությամբ տերարիումներում։ Ծառագորտերի նախընտրելի կերը ճանճերն ու տարբեր թռչող միջատներն են։ Անազատ պայմաններում նրանց կարելի է կերակրել ալրաորդերով, մանր խավարասերներով։ Օրական կերաբաժինը 4 գ է։

Գորտերին (լճագորտ, լճակային, խոտային, սրադունչ) պահում են աքվատերարիումում կամ տերարիումում, որտեղ կա ջրավազան, օդի ջերմաստիճանը + 18...20 °C է, բարձր է խոնավությունը։ Ցածր խոնավության պայմաններում գորտի մաշկը շուտ չորանում է, և նա սատկում է։

Սնունդը և օրական կերաբաժինը նույնն են, ինչ դոդոշինը։

Սալամանդրները (բծավոր և կովկասյան) ըստ մարմնի ձևի նման են մողեսներին։ Բծավոր սալամանդրի մարմնի վերին մասը սև է, մեծ վառ դեղին անկանոն բծերով, փորը մուգ է, առանց բծերի։ Կովկասյան սալամանդրի մարմնի վերին մասը դարչնագույն է, դեղին ձվաձև բծերով, փորը՝ դարչնավուն։ Կովկասյան սալամանդրն ավելի սլացիկ է և շարժուն, քան բծավորը։ Սալամանդրներն ակտիվ են մթնշաղին։ Նրանց պահում են տերարիումներում կամ աքվատերարիումներում՝ բարձր խոնավության պայմաններում։ Ջրավազանը պետք է այնպես պատրաստել, որ կենդանին նրա միջից հեշտությամբ կարողանա դուրս գալ, այլապես կխեղդվի։ Սալամանդրները սնվում են մոծակի թրթուրներով, անձրևաորդերով, ալրաորդերով, խավարասերներով ևն։ Օրական կերաբաժինը 4 գ է։

Տրիտոնները (սովորական և սանրակիր) մարմնի ձևով նման են մողեսներին. սակայն ի տարբերություն դրանց, տրիտոնների մարմինը և պոչը պատված են ոչ թե թեփուկներով, այլ լորձնամաշկով։ Մեջքը գորշ է, փորը՝ դեղնակարմրավուն կամ դեղին մուգ բծերով։ Պոչը կողքերից սեղմված է և վերևից ունի մաշկային եզրազարդ։ Բազմացման շրջանի սկզբում (մայիս, հունիս) արուների մեջքին ու պոչին զարգանում է բարձր, հաճախ ատամնավոր մաշկակատար, իսկ մարմինը դառնում է վառ գունավոր։ Բազմացման շրջանում տրիտոններն ապրում են ջրում, մնացած ժամանակ՝ խոնավ վայրերում, ցամաքում, հազվադեպ՝ ջրում։

Տրիտոններին պահում են աքվատերարիումում +18...20 °C–ի պայմաններում։ Սնվում են մոծակի թրթուրներով, մանր անձրևաորդերով, մսի կտորներով ու մանր ձկնիկներով, ինչպես նաև շերեփուկներով։ Օրական կերաբաժինը 2 գ է։ Լորտուներ (սովորական և ջրային), ոչ թունավոր օձեր են։ Բնական պայմաններում հանդիպում են ջրամբարների ափերին, սնվում են ձկներով, գորտերով, դոդոշներով, շերեփուկներով, տրիտոններով։

Սովորական լորտուի երկարությունը մինչև 140 սմ է։ Մարմնի վերին մասը դեղնականաչավունից և մոխրականաչավունից մինչև գորշ դարչնագույն է, համարյա սև։ Գլխին, քունքերի հետևի մասում, ունի 2 դեղին, դեղնակարմրավուն կամ սպիտակ բիծ։ Երբեմն այդ բծերը բացակայում են։ Մարմնի ստորին մասը հաճախ կաթնասպիտակավուն է, սև անկանոն բծերով, երբեմն՝ սև։

Ջրային լորտուն չափերով նույնն է, ինչ սովորականը։ Մարմնի վերին մասը դեղնականաչավուն, գորշ կանաչավուն կամ համարյա սև՝ շախմատաձև դասավորված մուգ բծերով կամ նեղ շերտերով։ Մարմնի ստորին մասը սպիտակ է, դեղնավուն, վարդագույն կամ ծիրանակարմրավուն՝ տարբեր մեծության մուգ բծերով։

Լորտուներին պահում են մեծ չափերի տերարիումներում, որտեղ կա ջրավազան և օդի ջերմաստիճանը +22...25 °C է։

Սնվում է մանր կենդանի ձկներով և գորտերով։ Հազվադեպ հնարավոր է լինում լորտուներին վարժեցնել սատկած ձկներով սնվելուն։ Կերակրում են շաբաթը 2-4 անգամ։

Կրիաները (միջերկրածովյան կամ հունական) բնական պայմաններում ապրում են Կովկասի սևծովյան ափին, Դաղստանում, Ադրբեջանում, Հայաստանում, միջինասիական կամ տափաստանային կրիան Հարավային Ղազախստանում և Միջին Ասիայի հարթավայրերում։ Միջերկրածովյան կրիաների զրահը ավելի բարձր է, առջևի թաթերն ունեն 4-ական եղունգ (միջինասիականը 5-ական)։ Կենսակերպով 2 տեսակներն էլ նման են միմյանց, և անազատ պայմաններում կարելի է նրանց միասին պահել։

Կրիաներին պահում են ոչ մեծ ջրավազանով և արևից պաշտպանող թաքստոցով տերարիումներում՝ օդի +18... 25° C ջերմաստիճանի պայմաններում։

Սնվում են հիմնականում բուսական կերով (կաղամբի մանր կտրատած տերևներ, քերած խնձոր, գազար, խաշած կարտոֆիլ), թրջած սպիտակ հացով և շիլաներով։ Ամռանն ավելի շատ «կանաչ» կեր (տարբեր խոտաբույսեր) են տալիս։ Հաճույքով են ուտում խատուտիկի և հազարի տերևները։ Բուսական կերին պետք է ավելացնել մանր կտրատած հում միս։ Ձմռանը մոտավոր օրական կերաբաժինը միջերկրածովյան կրիայի համար հետևյալն է (գ-ով). կարտոֆիլ՝ 20, գազար՝ 30, ճակնդեղ՝ 20, կաղամբ՝ 30, սպիտակ հաց՝ 20, ձկան յուղ՝ 0,5, հում միս՝ 2, ամռանն այս կերաբաժնին ավելացվում է 50 գ հազար կամ խոտ։

Ճահճային կամ գետային կրիան հանդիպում է Սև, Ազովի և Կասպից ծովերը թափվող գետերի ստորին ավազաններում, ինչպես նաև ճահիճներում, ջրավազաններում։ Ճահճային կրիայի պոչն ավելի երկար է, քան ցամաքայինինը, զրահը ավելի հարթ է, թաթերին ունի զարգացած լողաթաղանթներ։ Կյանքի մեծ մասն անցկացնում է ջրում։ Սնվում է ջրային միջատներով, ձկներով, գորտերով, տրիտոններով, մասամբ՝ ջրային բույսերով։ Անազատ պայմաններում խորհուրդ է տրվում պահել մի քանի ամսականից մինչև 3-4 տարեկան կրիաներին։

Ճահճային կրիաների ամենալավ կացարանը աքվատերարիումն է՝ ջրի +18... 20° C ջերմաստիճանով։

Սնունդը. մոծակի թրթուր, անձրևաորդ, մանրացրած հում միս, մանր ձկներ կամ հում ձկան կտորներ, շերեփուկներ, գորտեր։ Օրական կերաբաժինը. հում միս՝ 20 գ, հում ձուկ՝ 20 գ։

Մողեսների մարմինը պատած է թեփուկներով։ Ի տարբերություն օձերի,