Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլոր մողեսների, այդ թվում և անոտ (դեղնափորիկ, իլիկաօձ), աչքերն ունեն շարժական չսերտաճած կոպեր։

Մողեսներին պահում են տերարիումներում, +22... 25° C օդի ջերմաստիճանի պայմաններում։ Անտառային գոտում ապրող մողեսների (կենդանածին, իլիկաօձ ևն) համար տերարիումը ձևավորվում է անտառային անկյան նման, անապատում կամ տափաստանում ապրողներինը՝ անապատի կամ տափաստանի անկյան նման։

Մողեսները սնվում են հիմնականում կենդանի կերով (խավարասերներ, ալրաորդեր, ճանճեր, մորեխներ և այլ միջատներ)։

Որոշ տեսակներ (կենդանածին, իլիկաօձ) հաճույքով ուտում են անձրևաորդեր և լորձնախխունջներ։ Տալիս են նաև բուսական կեր, հյութալի ընձյուղներ, մանր հատապտուղներ, հազար։ 9-11 սմ երկարություն ունեցող մողեսների օրական կերաբաժինը 7-10 գ է։

Կաթնասուններ

Սկյուռը տարածված է անտառային գոտում, գլխավորապես փշատերև և խառն անտառներում։ Տանը սկյուռին պահում են 50 սմ-ից ոչ պակաս բարձրության և 40 սմ լայնության (որքան մեծ, այնքան լավ) մետաղե վանդակում։ Սնունդը. սպիտակ հաց, ընկույզ, արևածաղկի սերմ, մրգեր, գազար, կաղամբ, ամռանը նաև խոտաբույսեր, կաթնաշոռ, կաթ, ձու։ Ձմռանը սննդին ամեն օր ավելացվում է նաև ձկան յուղ։ Օրական մոտավոր կերաբաժինը (գ-ով), սպիտակ հաց՝ 10, ընկույզ՝ 25, արևածաղկի սերմ՝ 10, չոր մրգերի խառնուրդ՝ 5, կարագ՝ 1, գազար՝ 10, կաղամբ, խոտաբույսեր՝ 10, թարմ միրգ՝ 10, ձկան յուղ՝ 1, կավիճ կամ ոսկրալյուր՝ 0,5, սունկ՝ 5, կաղին՝ 5, եղևնու կոներ՝ 200։ Սկյուռին կերակրում են օրական 1-2 անգամ։ Պետք է հետևել, որ վանդակում միշտ թարմ ջուր և կավճի կտոր լինի։

Վանդակը պետք է մաքրվի ամեն օր։ Շաբաթը մեկ վանդակը պետք է լվանալ եռացրած ջրով։

Շերտավոր սկյուռը (բուրունդուկ) արտաքին տեսքով հիշեցնում է սկյուռին, սակայն ի տարբերություն վերջինիս, նա մեջքին ունի 5 երկայնական սև շերտ։ Բնական պայմաններում ապրում է Ուրալի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի անտառներում։ Ապրում է մեծ կոճղերի տակ փորած բներում։ Ձմռանը քուն է մտնում։

Անազատ պայմաններում շերտավոր սկյուռներին պահում են 50 սմ-ից ոչ պակաս բարձրության, 35 սմ երկարության և 30 սմ լայնության վանդակում (որքան մեծ, այնքան լավ)։ Վանդակում փռում են ավազ, փայտատաշեղ, փայտի թեփ և փայտե տնակ են սարքում (բարձրությունը՝ 15 սմ, երկարությունը՝ 20 սմ, անցքի տրամագիծը՝ 5 սմ)։ Շերտավոր սկյուռի մոտավոր օրական կերաբաժինը (գ-ով). սպիտակ հաց՝ 10, վարսակ՝ 20, ընկույզ՝ 10, արևածաղկի սերմեր՝ 5, չոր մրգեր՝ 10, կաթ՝ 15, ճակնդեղ՝ 15, գազար՝ 10, թարմ միրգ՝ 10, ձկան յուղ՝ 0,5, ոսկրալյուր կամ կավիճ՝ 1, աղ՝ 0,5։

Շերտավոր սկյուռի խնամքը նույնն է, ինչ սկյառինը։ Անհրաժեշտ է զգույշ լինել, քանի որ շերտավոր սկյուռը կարող է կծել։

Սպիտակ առնետը խիստ բազմածին կենդանի է. բազմանում է 4-5 ամսականից, տարվա ընթացքում տալիս է 4-5 սերունդ։ Պահում են մետաղե վանդակներում, որոնց ներսում դրվում է փայտե տնակ։ Վանդակի բարձրությունն է 50 սմ, երկարությունը՝ 35 սմ, լայնությունը՝ 30 սմ։ Տնակի բարձրությունն է 15 սմ, լայնությունը՝ 15 սմ, երկարությունը՝ 20 սմ, մուտքի անցքի տրամագիծը՝ 5 սմ։ Հատակին պետք է փռել մանր տաշեղ, թեփ կամ չոր տորֆ։ Մեկ վանդակում կարելի է պահել մի քանի կենդանի, անհրաժեշտ է հետևել, որ նրանք անընդհատ ջուր և կեր ունենան։ Կերի անբավարարության դեպքում ուժեղ առնետները հարձակվում են թույլերի վրա և, նույնիսկ, ուտում նրանց։

Առնետներն ամենակեր են։ Նրանց կերակրում են հացով, ձավարեղենով, գազարով, կարտոֆիլով, կաղամբով, կաթնաշոռով, կաթով։ Տալիս են նաև հում կամ խաշած ձու, խաշած միս, ճարպ: Ձմռանը կերին ավելացնում են նաև ձկան յուղ, իսկ ամռանը՝ խոտաբույսեր, հազար։ Մոտավոր օրական կերաբաժինը (գ-ով). սև հաց՝ 10, սպիտակ հաց՝ 10, ձավարեղեն՝ 10, վարսակի հատիկ՝ 20, կաթ՝ 15, կարտոֆիլ՝ 5, գազար՝ 10, ձկան յուղ՝ 1, ոսկրալյուր՝ 1։

Սպիտակ մուկը պահում են մետաղե վանդակում՝ ներսում փայտե տնակով։ Վանդակի չափերը նույնն են, ինչ սպիտակ առնետինը։ Տնակի բարձրությունն է 12 սմ, երկարությունը՝ 15 սմ, լայնությունը՝ 15 սմ, մուտքի անցքի տրամագիծը՝ 4 սմ։ Մեկ վանդակում կարելի է պահել մինչև 20 մուկ։ Հաճախ մի քանի էգեր ընդհանուր բույն են պատրաստում և միասին կերակրում ձագերին։

Սնունդը. սպիտակ հաց, վարսակի, գարու, ցորենի հատիկ, ոլոռ, կաթնաշոռ, կաթ, խաշած ձու, գազար, ամռանն ավելացվում է նաև հազարի տերև և այլ «կանաչ» կեր, ձմռանը՝ ձկան յուղ։ Մոտավոր օրաբաժինը (գ-ով). սպիտակ հաց՝ 5, կաթ՝ 5, գազար՝ 2, ձկան յուղ՝ 1, ոսկրալյուր կամ կավիճ՝ 1։

Ոզնու մարմինը պատված է սուր փշերով, որոնք նրան պաշտպանում են գիշատիչ գազաններից ու թռչուններից։ Բնության մեջ ոզնիները ապրում են զույգերով կամ միայնակ, վարում են գիշերային կյանք, ցերեկը թաքնվում բներում, որոնք փորում են խիտ թփուտներում, ծառերի արմատների միջև։ Գիշերը դուրս են գալիս որսի։ Ձմռանը քուն են մտնում։ Հիմնական կերը տարբեր միջատներն են, որդերը, լորձախխունջները, խխունջները։ Ոզնիները հաճույքով ուտում են նաև մկնանման կրծողներին,