Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գորտերին, մողեսներին, հաճախ քանդում են թռչունների գետնին դրած բները։

Տանը ոզնին պետք է պահել 40 սմ բարձրության, 70 սմ երկարության և 50 սմ լայնության վանդակում։

Սնունդը. կաթի մեջ թրջած սպիտակ հաց, կաթ, կաթնաշոռ, ձու, միս, ձուկ, մրգեր, տարբեր շիլաներ։ Երբեմն խորհուրդ է տրվում տալ գորտեր, մկներ, միջատներ, որդեր, խխունջներ։ Ձմռանը ավելացնում են ձկան յուղ։ Վանդակում պետք է միշտ մաքուր ջուր լինի։ Օրական մոտավոր կերաբաժինը (գ-ով). սպիտակ հաց՝ 25, միս՝ 75, կաթ՝ 100, ձկան յուղ՝ 1, ոսկրալյուր՝ 1։ Ոզնուն կերակրում են օրը 2 անգամ։ Վանդակը պետք է մաքրել ամեն օր։

Ծովախոզուկը բնության մեջ ապրում է Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ Անազատ պայմաններին հեշտ է ընտելանում և հաջողությամբ բազմանում է։ Պահում են 40 սմ բարձրության, 70 սմ երկարության և 50 սմ լայնության վանդակում։ Վատ է տանում խոնավությունը և միջանցիկ քամին։ Այն սենյակը, որտեղ պահվում են ծովախոզուկները, պետք է ամեն օր մաքրվի և օդափոխվի։

Կերակրում են թարմ արմատապտուղներով (գազար, ճակնդեղ), կաղամբով, կաթով, սև և սպիտակ հացով։ Ձմռանը տալիս են չոր խոտ, վարսակի հատիկ, ամռանը խոտաբույսեր և հազար։ Օրական մոտավոր կերաբաժինը (գ-ով). սև հաց՝ 30, վարսակ՝ 50, կաթ՝ 25, կարտոֆիլ՝ 30, ճակնդեղ՝ 30, գազար՝ 50, կաղամբ՝ 25, հազարի տերևամասը՝ 100, չոր խոտ՝ 100, աղ՝ 0,3։ Կերակրում են օրը 2 անգամ։

Ոսկեգույն (սիրիական) համստերիկը բնության մեջ ապրում է նախալեռներում և անապատներում։ Սնվում է բույսերի սերմերով ու կանաչ մասերով։ Ձմռան համար կերի պաշար է կուտակում։ Ամռան ընթացքում բազմանում է 23 անգամ (4-16-ական ձագ)։

Անազատ պայմաններում պահում են մետաղե վանդակում՝ ներսում փայտե տնակով։ Տնակի բարձրությունը 12 սմ է, լայնությունը՝ 15 սմ, երկարությունը՝ 15 սմ, մուտքի անցքի տրամագիծը՝ 5 սմ։ Անազատ պայմաններում համստերիկները բազմանում են ողջ տարին։ Ուստի, նրանց պահում են զույգերով (արու և էգ), չնայած երբեմն մեկ վանդակում պահում են մի քանի կենդանի։

Սնունդը. գազար, կաղամբ, վարսակի հատիկ, սպիտակ հաց, տարբեր շիլաներ, կաթ։ Ամռանը պետք է ավելացնել խոտաթույսեր, ձմռանը՝ ձկան յուղ։ Օրական մոտավոր կերաբաժինը (գ-ով). սպիտակ հաց՝ 10, վարսակ՝ 10, գազար՝ 5, կաղամբ՝ 25, հազարի տերև, խոտաբույսեր՝ 50, կավիճ՝ 1, ձկան յուղ՝ 0,5։ Համստերիկին կերակրում են օրը 2 անգամ։ Վանդակում պետք է միշտ մաքուր ջուր լինի։

ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՐԱՏ սիրողական (կինոխցիկ), օգտագործվում է տեսարանային, փաստագրական, խաղային և մուլտիպլիկացիոն սիրողական ֆիլմեր նկարահանելու համար։ Սիրողական կինոխցիկն ունի համեմատաբար փոքր չափ և զանգված, պարզ կառուցվածք, հարմարավետ է։ Առավել հաճախ օգտագործում են 8 մմ և հազվադեպ 16 մմ լայնության կինոժապավեններ։

Կինոնկարահանման ապարատի կառուցվածքը։ Կ. ա. ունի օբյեկտիվ, դիտոց, ժապավենաձգիչ մեխանիզմ, օբտյուրատոր (սահափական), հաղորդակ։ Ժամանակակից կինոխցիկներից շատերն ունեն նաև լուսակայաչափական հարմարանքներ։ Մի շարք ապարատներ ունեն լիցքավորման պարկուճային (կասետային) համակարգ, որն ավելի կատարելագործված է քան ժապավենակոճայինը։ Սիրողական Կ. ա-ի կառուցվածքի սկզբունքային սխեման տես նկ. 1-ում։

Կինոնկարահանման օբյեկտիվը կինոկադրի սահմաններում ժապավենի լուսազգայուն շերտի վրա ստեղծում է նկարահանվող առարկաների օպտիկական պատկերը։ Օբյեկտիվը 5-7 ոսպնյակից բաղկացած օպտիկական բարդ սարք է։ Պատկերի որակը հիմնականում պայմանավորված է օբյեկտիվով, որի տեխնիկական բնութագրերն են կիզակետային հեռավորությունը, հարաբերական բացվածքը և լուծունակությունը։

Որքան մեծ է օբյեկտիվի կիզակետային հեռավորությունը (f), այնքան պատկերը խոշոր է ստացվում։ Սիրողական Կ. ա-ների օբյեկտիվների կիզակետային հեռավորություններն են՝ 1250 մմ (16 մմ-անոց կինոխցիկներում) և 812 մմ (8 մմ-անոց կինոխցիկներում)։ Որպես կանոն, օբյեկտիվների կիզակետային հեռավորությունը հաստատուն մեծություն է, ուստի կինեմատոգրաֆիական էֆեկտներ ստանալու նպատակով պատկերի մասշտաբը փոխելիս, օգտագործում են տարբեր կիզակետային հեռավորությամբ փոխովի օբյեկտիվներ կամ օբյեկտիվի գլխադիր ոսպնյակներ։ Փոխովի օբյեկտիվները և գլխադիր ոսպնյակները Կ. ա-ի վրա տեղադրվում են կամ յուրահատուկ փոխադրիչ շրջանակներով, կամ տուրելով (պտտող սարք)։ Կատարելագործված կինոխցիկներն ունեն սահունորեն փոփոխվող կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվներ։

Հարաբերական բացվածքը բնութագրում է օբյեկտիվի լուսաուժը նկարահանման ընթացքում օպտիկական պատկերի լուսավորվածությունը կինոժապավենի վրա և որոշվում է օբյեկտիվի լուսաբացվածքի տրամագծի և կիզակետային հեռավորության հարաբերությամբ։ Պատկերի լուսավորվածությունը փոխվում է օբյեկտիվի դիաֆրագմայով (ձեռքով կամ ավտոմատ եղանակով)։

Որպես կանոն սիրողական կինոխցիկների օբյեկտիվները կիզակետման հարմարանքներ չունեն։ Այս օբյեկտիվները կիզակետված են որոշակի (գերկիզակետային) հեռավորության նկատմամբ և պատկերի հստակության մեծ խորության հաշվին ժապավենի վրա ստեղծում են խցիկից 1,5-2 մ-ից հեռու գտնվող առարկայի հստակ պատկերը։ Չկիզակետվող օբյեկտիվով նկարահանելիս օպտիմալ հեռավորությունն առարկայից համարվում է 5-6 մ-ը։