Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջացման։ Ժապավենաձգիչ ուղու սարքին լինելը ստուգելու համար հարկավոր է մոտ 1,3 մ երկարությամբ չերևակված մաքուր ժապավենի մի կտոր օղակաձև սոսնձել, լիցքավորել դրանով ապարատը և պտտեցնել մոտ 100 անգամ։ Եթե ժապավենի վրա չեն հայտնվում քերծվածքներ և հոլովակների ճզմվածքներ էմուլսապատ կողմի վրա, ապա կարելի է համարել, որ ժապավենաձգիչ ուղին սարքին վիճակում է։

Կ-ի շարժաբերը բաղկացած է էլեկտրաշարժիչից ու ցատկամեխանիզմից և օբտյուրատորին, ատամնավոր թմբուկներին ու փաթաթիչ առանցքին (որի վրա գտնվում է ընդունող պարկուճը կամ կոճը) պտույտ հաղորդող մեխանիզմից։

Կինոսիրողների մեծ մասն օգտագործում է 8 մմ-անոց ժապավենով Կ-ներ, որոնք նախատեսված են չհնչյունավորված (համր) ֆիլմեր ցուցադրելու համար։ Ֆիլմի հնչյունային ուղեկցման գրանցման և վերարտադրման համար կարելի է օգտագործել մագնիտոֆոն։ Կինոպատկերների հետ ձայնի համաժամանակացումն իրականացվում է ձեռքով կամ համաժամանակացնող կցուրդի միջոցով։ 16 մմ-անոց ժապավենով ֆիլմերի Կ-ները, որպես կանոն, ունեն օպտիկական կամ մագնիսային հնչյունագրերից ձայնը վերարտադրող բլոկ, հնչյունագրերը գրանցում են կինոժապավենի վրա եղած հատուկ ձայնային շավղի վրա։

Կինոկադրը մանրամասն դիտարկելու համար որոշ սիրողական Կ-ներում նախատեսված է կինոժապավենը կանգնեցնելու և որոշակի կինոկադր առաջաձգելու հնարավորություն։ Մի շարք ապարատներ հնարավորություն ունեն պատկեր առաջաձգել նաև հակառակ ընթացքի ժամանակ։

Ֆիլմը ցուցադրման նախապատրաստելիս Կ. հարկավոր է հնարավորին չափ ճշգրտորեն տեղակայել էկրանի կենտրոնի դիմաց, որպեսզի Կ-ի օբյեկտիվի առանցքն ուղղահայաց լինի էկրանի հարթությանը։ Հակառակ դեպքում առաջաձգվող կադրի պատկերը աղավաղված է ստացվում։ Տանը ֆիլմեր ցուցադրելիս էկրանի վրա ընկնում է նաև կողմնակի լույս, որը հավասարապես լուսարկում է էկրանը և Կ-ի թույլ լուսային հզորության դեպքում բերում է պատկերի ցայտունության նկատելի թուլացման, իսկ գունավոր ֆիլմեր ցուցադրելիս՝ կադրի գունային հագեցվածության նվազեցման։ Այդ պատճառով ֆիլմը ցուցադրելիս սենյակը պետք է լավ մթնեցվի։

ԿՈԽ, հայկական ազգային մարզական ըմբշամարտ։ Հնագույն ու ամենատարածված մարզաձևն է եղել հին Հայաստանում և մեծ ժողովրդականություն վայելել տոնախմբությունների, ուխտագնացությունների, հարսանիքների և այլ հանդիսությունների ժամանակ։ Կ-ի տարբերակները կարելի է միավորել 3 խմբում, ա. գոտեմարտ ծնկած, բ. գոտեմարտ կանգնած, գ. գոտեմարտ ձի հեծած։ Ամենից շատ տարածված էր կանգնած դրությամբ գոտեմարտը։ Յուրաքանչյուր գավառ Կ-ի գոտեմարտեր անցկացրել է տվյալ տարածքի ավանդույթներին համապատասխանող կանոններով։ Կ-ի ամենատարածված տարատեսակներից առանձնացվում են չուխաներով (ոտք գցելով, սակայն ձեռքերով հակառակորդի ոտքերը չբռնելու պայմանով) «Լոռվա կոխը» և մերկ իրանով, միայն տաբատով (ոտք գցելով և հակառակորդի ոտքերը ձեռքերով բռնելու իրավունքով) «Շիրակի կոխը»։ «Լոռվա կոխի» հիման վրա կազմվել է մրցումների միասնական կանոնադրություն, և սկսած 1922-ից անցկացվում են հանրապետական մրցումներ 12 քաշային կարգերում։

1952 թվականից Կ. մտցվել է մարզական դասակարգման մեջ, և մարզիկները կարող են ստանալ սպորտի վարպետի կոչում։ Կ-ի տեխնիկական հնարքներում ընդգրկվում են հիմնական դրություններ (բարձր և ցածր կանգեր), տեղաշարժվելու տարբեր եղանակներ, հիմնական բռնվածքներ (չուխայից, մարմնի տարբեր մասերից, համակցված) և հիմնական գործողություններ (հարձակվելուն նախապատրաստվելու եղանակներ, հնարքներ, պաշտպանություն, հակահնարք, համակցումներ)։ Մրցումները անցկացվում են 7-9 մետր տրամագծով գորգի վրա։ Մարզիկները մրցում են չուխայով և փափուկ, ըմբշամարտին հատուկ մարզակոշիկներով։ Գոտեմարտի մաքուր տևողությունը 6 րոպե է (16-17 տարեկան պատանիների համար) և 8 րոպե (երիտասարդների ու մեծահասակների համար)։ Գոտեմարտից առաջ ըմբիշները ազգային երաժշտության նվագակցությամբ կատարում են 1 րոպե տևող ծիսական պար, որն ավարտվում է մրցակիցների աջ ձեռքերի վեր բարձրացումով ու ուժեղ հարված-ծափ զարկելով և նույն ձեռքով միմյանց հետ հրելով գոտեմարտը սկսելու համար։ Գոտեմարտում մաքուր հաղթանակ է տրվում այն մարզիկին, որը հակառակորդին պառկեցնում է թիակների վրա, հակառակորդին պարտադրում է ընդունել «կամրջակ» դրությունը, կամ կողքի պառկած այնպիսի դրություն, որ գորգի հետ մարմնի հպման անկյունը փոքր լինի 90 աստիճանից ու հակառակորդի նկատմամբ 10 և ավելի միավորի առավելություն ունենա։ Եթե մինչև գոտեմարտի ավարտը մաքուր հաղթանակ չի գրանցվում, ապա հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ վաստակած մարզիկին։ 1956-ից գործում է Կ-ի հանրապետական ֆեդերացիան, որը վարում է Կ–ի զարգացման, մարզումների կազմակերպման, քաղաքային, շրջանային խմբակների գործունեությունը։

ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ, գեղարվեստական, պատմական, գիտական արժեք ունեցող միատեսակ կամ թեմատիկ ընդհանրությամբ առարկաների նպատակամղված հավաքում։ Հավաքածուի առարկա կարող են դառնալ նյութական և հոգևոր մշակույթի նմուշներ (գրքեր, ամսագրեր, արվեստի ստեղծագործություններ, նամականիշներ, դրամներ, կրծքանշաններ, ձայնագրություններ, ասացվածքներ, առածներ, երգեր ևն), ինչպես նաև բնական իրեր (օրինակ, միներալ, քարեր ևն)։

Հ. կ. որպես մարդու գործունեության հատուկ ուղղություն ձևավորվել է Վերածննդի ժամանակաշրջանում։

Հ. կ. նախատեսում է նյութերի հայտնաբերում, հավաքում, ուսումնասիրում, համակարգում, ձևավորում, պահպանում և կիրառում մշակութալուսավորական և ուսումնադաստիարակչական նպատակներով։ Հավաքածուների առավել տարածված տեսակներն են. ֆիլատելիան, ֆիլոկարտիան, կերպարվեստի ստեղծագործությունների վերատպությունների և դիաֆիլմերի հավաքումը, ֆիլումենիան, ֆալերիստիկան, սիրողական դրամագիտությունը, ֆիլոֆոնիան ևն։

Թեմատիկ հավաքածու՝ նույն թեմային նվիրված տարբեր նյութերի հավաքում։ Օրինակ, թատրոնին նվիրված թեմատիկ հավաքածուն կարող է ընդգրկել