Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլոր ուղղություններով ցանկացած դաշտ, նավակը՝ ցանկացած դաշտ հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով, փիղը՝ անկյունագծով ցանկացած դաշտ, ձին քայլում է Г-աձև (ձին միակ ֆիգուրն է, որ կարող է անցնել զբաղված դաշտերի վրայով), զինվորը 1 դաշտ առաջ՝ ուղղաձիգ ուղղությամբ (սկզբնական դիրքից երկու դաշտ քայլելու իրավունք ունի)։ Եթե ֆիգուրի շարժման ճանապարհին կանգնած է հակառակորդի որևէ ֆիգուր, ապա այն կարող է վերցվել՝ հեռացվել խաղատախտակից, նրա տեղն զբաղեցնում է այն ֆիգուրը, որով վերցնում են։ Զինվորը վերցնում է միայն անկյունագծով հարևան դաշտի ֆիգուրը։ Վերջին հորիզոնական շարքին հասած զինվորը խաղացողի ցանկությամբ փոխարինվում է որևէ ֆիգուրով (բացի արքայից)։ Եթե զինվորը 2 դաշտ քայլելիս անցնում է հակառակորդի զինվորի հարվածի տակ գտնվող դաշտով, ապա հակառակորդի զինվորը կարող է վերցնել այդ զինվորը և անկյունագծով անցնել նույն դաշտը։

Խաղի ընթացքում մեկ անգամ հնարավոր է փոխատեղում (արքայի և նավակի միաժամանակյա քայլ), եթե արքան և նավակը դեռևս ոչ մի քայլ չեն կատարել և դրանց միջև եղած դաշտերն ազատ են, «շախ» չի հայտարարված և արքան չի անցնում հակառակորդի սպառնալիքի տակ գտնվող դաշտի վրայով։ Խաղն ավարտվում է կողմերից մեկի հաղթանակով, եթե նա «մատ» է հայտարարել կամ հակառակորդը սպառել է սահմանված ժամանակը կամ անձնատուր եղել։

Խաղն ավարտվում է ոչ-ոքի, եթե խաղատախտակի վրա ուժերի հարաբերությունն այնպիսին է, որ անհնար է մատ հայտարարել, եթե կողմերից մեկը ոչ մի քայլ չունի կատարելու, բայց արքան հարվածի տակ չէ («պատային» դրություն), եթե որևէ կողմի արքան չի կարող թաքնվել շախերից («հավերժական շախ»), եթե կողմերը համաձայնվել են ոչ-ոքի։

ՇԱՇԿԻ, սեղանի խաղ մեկընդմեջ մուգ և բաց գույնի վանդակներով քառակուսի տախտակի վրա որոշակի թվով սև և սպիտակ կլոր խաղաքարերով։ Խաղում են երկուսով։ Նպատակն է վերցնել մրցակցի խաղաքարերը կամ ստեղծել այնպիսի վիճակ, որ դրանք զրկվեն քայլ կատարելու հնարավորությունից։ Շ-ու մասին նախնական տեղեկություններ կան հին եգիպտական հուշարձաններում։ Տարածված են Շ. ռուսական, անգլիական, գերմանական, իսպանական (64 վանդակ, 12 խաղաքար), միջազգային՝ ֆրանսիական, լեհական (100 վանդակ, 20 խաղաքար) և կանադական (144 վանդակ, 30 խաղաքար) տեսակները։

Խաղի կանոնները։ Խաղաքարը շարժվում է մեկ քառակուսի առաջ՝ ցանկացած անկյունագծային մուգ դաշտով (նկ. 1)։ Մրցակցի խաղաքարը կարելի է վերցնել և՛ հետ, և՛ առաջ հետևյալ կերպ. խաղաքարը անկյունագծով անցնում է մրցակցի խաղաքարի վրայով և կանգնում հարևան ազատ դաշտում։ Վերջին հորիզոնական հասած խաղաքարը համարվում է «տամա», որը շարժվում է անկյունագծով ցանկացած հեռավորությամբ։

100 վանդականի Շ. (նկ. 2) ունի 3 լրացուցիչ կանոն, որոնց շնորհիվ հնարավոր է կազմակերպել առավել բարդ կոմբինացիաներ և դիրքային մանևրներ։ Դրանք են. ա. վերջին հորիզոնական հասած խաղաքարը «տամայի» իրավունք է ստանում հաջորդ քայլից, բ. եթե վերջին հորիզոնական հասած խաղաքարը ստիպված է վերցնել հակառակորդի խաղաքարը, ապա այն «տամա» չի դառնում, գ. եթե կա խաղի մի քանի տարբերակ, որոնցից մեկը խաղաքար վերցնելն է, ապա այն պետք է վերցնել։

ՊՐՈՅԵԿՑԻԱՆ ԷԿՐԱՆ սիրողական, օգտագործվում է տնային պայմաններում նեղժապավեն կինոնկարներ (սիրողական կինոնկարներ և մուլտֆիլմեր), դիաֆիլմեր և թափանցապատկերներ (սլայդներ) ցուցադրելու համար։ Պ. է. լուսացրող հարթ մակերևույթ է, որի վրա պրոյեկցիոն ապարատով (կինոպրոյեկտոր կամ դիապրոյեկտոր) ստեղծվում է թափանցապատկերի, կինոնկարի կադրի խոշորացված պատկերը։ Գոյություն ունեն լուսանդրադարձնող և լուսաթափանց էկրաններ։ Առավել տարածված են լուսանդրադարձնող էկրանները, որոնք, ըստ լույսի ցրման բնույթի, լինում են դիֆուզային-ցրող (սպիտակափայլատ) կամ ուղղորդված-ցրող (ուղղորդված)։

Դիֆուզային–ցրող էկրանի վրա ընկնող լուսային հոսքը 180° անկյան սահմաններում անդրադառնում (ցրվում) է համարյա հավասարաչափ, այսինքն դիֆուզային-ցրող էկրանին առաջաձգված պատկերը հանդիսատեսը ցանկացած տեղից (էկրանի դիմաց կամ