Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողքերից) տեսնում է միատեսակ պայծառ։ Թողարկվող դիֆուզային-ցրող էկրանները պատրաստվում են պոլիվինիլքլորիդի թաղանթից (պլաստիկատ) կամ գործվածքային հենքով վինիլ արհեստական կաշվից։ Տանը դիֆուզային-ցրող էկրան կարելի է պատրաստել բամբակե գործվածքի մակերևույթը ցինկի կամ տիտանի սպիտականերկով, սպիտակ գուաշով կամ հատուկ ներկանյութով (բարիումի սուլֆատի կամ ցինկի օքսիդի հիմքով) պատելով։ Պարզագույն Պ. է. կարող է ծառայել նաև գծագրական թուղթը (վատման) կամ սովորական սպիտակ կտավը։

Ուղղորդված-ցրող էկրանն ընկնող լուսային հոսքն անդրադարձնում է առավելապես մի ուղղությամբ և ցրում 30-60° անկյան սահմաններում։ Այդ պատճառով ուղղորդված-ցրող էկրանի վրա կինոնկարներ կամ թափանցապատկեր դիտելիս, հանդիսատեսները հարկադրված են տեղավորվել ճիշտ էկրանի դիմաց, քանի որ կողքերից պատկերը երևում է աղոտ և անարտահայտիչ։

Ուղղորդված-ցրող էկրաններ պատրաստում են պլաստիկատից կամ գործվածքից, որոնք պատում են ալյումինաներկի կամ լաքի և կամ ապակե մանր գնդիկների շերտով։ Ուղղորդված-ցրող էկրանները հազվադեպ են գործածվում տանը։

Ֆոտո- և կինոսիրողների համար թողարկվում են հատուկ պատյանով կամ առանց պատյանի տարբեր չափերի պլաստիկատե Պ. է-ներ։

Էկրանի մակերևույթը կեղտոտվելուց կամ մեխանիկական վնավածքներից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում անպատյան Պ. է. պահել փաթաթված վիճակում, գծագրերի համար գործածվող ստվարաթղթե կամ պլաստմասսայե պատյաններում։

ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ, մարզախաղ՝ երկու կամ չորս մրցակիցների միջև, որոնք ցելուլոիդե փոքրիկ գնդակը թևճակի հարվածներով անցկացնում են սեղանի լայնությամբ ձգած ցանցի վրայով։ Ենթադրվում է, որ առաջացել է 19-րդ դարի վերջին Անգլիայում։ Ս. թ. զարգացնում է ճարպկություն և ռեակցիայի արագություն։

Խաղի համար անհրաժեշտ են ուղղանկյուն սեղան, ցանց, գնդակ և թևճակներ։

Խաղի կանոնները։ Խաղը սկսելուց առաջ վիճակով որոշում են սկզբնահարվածի իրավունքը։ Խաղն սկսողը թևճակի հարվածով գնդակը ցանցի վրայով (գնդակը չպետք է դիպչի ցանցին) անցկացնում է հակառակորդի դաշտը։ Մրցակիցն ընդունում և հետ է ուղարկում սեղանից թռած գնդակը։ Այսպես շարունակում են մինչև մրցակիցներից մեկի սխալվելը, որի դեպքում նա միավոր է կորցնում։ Յուրաքանչյուր 5 միավորը խաղարկելուց հետո մրցակիցները փոխում են սկզբնահարվածի հերթականությունը։

Սկզբնահարված կատարելիս թևճակը և գնդակը պետք է լինեն սեղանի հետին գծից դուրս։ Հարվածը սխալ է համարվում, եթե գնդակը խաղի մեջ է մտցվում սեղանի վրայից կամ ձեռքից, չի ընկնում մրցակցի դաշտը, դիպչում է ցանցին կամ հենակներին։

Մրցակիցը միավոր է շահում, եթե հակառակորդը սկզբնահարվւսծը սխալ է կատարում, գնդակը հետ է մղում օդից (մինչև սեղանին դիպչելը), այն ուղարկում է սեղանի սահմաններից դուրս, մինչև հետ մղելը թևճակով մեկից ավելի անգամ է դիպչում գնդակին կամ պահում է թևճակի վրա, ապա նետում, գնդակին դիպչում է մարմնի որևէ մասով կամ դիպչում է ցանցին, հենակին (հակառակորդի կողմից), չի հասցնում հետ մղել ճիշտ ուղարկված գնդակը։

Խաղափուլն ավարտվում է կողմերից մեկի հաղթանակով, եթե նա հավաքում է 21 միավոր, որն առնվազն երկուսով ավելի պետք է լինի հակառակորդի միավորներից։ 20:20 հաշվի դեպքում խաղը շարունակվում է այնքան ժամանակ մինչև մրցակիցներից մեկը մյուսից 2 միավոր ավելի շահի։ Այս դեպքում սկզբնահարվածի հերթականությունը փոխվում է յուրաքանչյուր միավորը խաղարկելուց հետո։ Յուրաքանչյուր խաղափուլի ավարտից հետո մրցակիցները փոխում են տեղերը և սկզբնահարվածի հերթականությունը։ Վճռական խաղափուլում տեղերը փոխում են 10 միավոր խաղարկելուց հետո։ Խաղը բաղկացած է 3 կամ 5 խաղափուլից։

ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ պետք է հանգիստ բնույթ կրեն։ Ստորև բերվում են մի շարք խաղերի նկարագրություններ։

Իմացական խաղեր և վիկտորինաներ։ «Ո՞վ շատ գիտի», «Ո՞վ է լավ հիշում» նշանաբանով խաղերը մասնակիցներից պահանջում են ոչ միայն գիտելիքներ, այլև հնարամտություն, սրամտություն և արագ կռահելու ունակություն։ Այսպիսի խաղերը հետաքրքիր են տարբեր տարիքի մարդկանց համար։ Վիկտորինաներ խաղում են թիմերով կամ անհատապես։

Գրական վիկտորինաները կարող են բաղկացած լինել հետևյալ հարցերից. որևէ գրողի առավել հայտնի ստեղծագործությունները, նրա ծննդավայրը, ապրած տարիները, թվարկել գրական ստեղծագործության հերոսներին և ճանաչել նրանց նկարներով, ըստ նրանց ասույթների, որոշել ստեղծագործությունը ըստ բնաբանի, հերոսների, ընթերցված մեջբերման կամ թևավոր արտահայտության, տվյալ ստեղծագործության հիման վրա գրված երաժշտության, ասել գրողների իսկական ազգանունները ըստ գրական կեղծանունների։ Այսպիսի հարցեր կարելի է կազմել նաև կինոյին, թատրոնին, կերպարվեստին նվիրված վիկտորինաների համար։ Այս դեպքում նպատակահարմար է ցուցադրել նկարների վերարտադրություններ, արձանների և ճարտարապետական համալիրների լուսանկարներ, կադրեր կինոֆիլմերից, դերասանների լուսանկարներ ևն։ Կինովիկտորինաների համար կարելի է կազմել այսպիսի հարցեր. ո՞ր ֆիլմերում է նկարահանվել այս կամ այն դերասանը, ի՞նչ դերեր է կատարել, ո՞վ է տվյալ ֆիլմի սցենարի հեղինակը, բեմադրողը, օպերատորը, ո՞վքեր են նկարահանված մյուս դերերում, ե՞րբ և ո՞ր ստուդիայում է թողարկվել ֆիլմը, ո՞ր գրական ստեղծագործություններն են էկրանավորվել, ո՞ր թատրոնների ո՞ր բեմադրություններն են նկարահանված։

Տնային ձայնադարանից օգտվելով կարելի է կազմակերպել համերգ-վիկտորինա և ձայնագրությունը լսելուց հետո պատասխանել հետևյալ հարցերին. ո՞վ է գրել երգի երաժշտությունը, տեքստը,