Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ո՞վ է կատարողը, ե՞րբ և որտե՞ղ է առաջին անգամ այն հնչել (օրինակ, ո՞ր ֆիլմում, ո՞ր դերասանի կատարմամբ և ո՞ր դերում), ուրիշ ի՞նչ երգեր է ստեղծել կոմպոզիտորը (բանաստեղծը), ուրիշ ի՞նչ երգեր է կատարում երգիչը։

«Գուշակել բանաստեղծությունը» խաղը բավականին հետաքրքիր է։ Գուշակողի բացակայությամբ ընտրում են բոլորին հայտնի բանաստեղծություն և ըստ բառակապակցությունների այն բաժանում խաղացողների միջև։ Գուշակողը ցանկացած հարց կարող է տալ։ Պատասխանողը պետք է ճիշտ պատասխանի՝ օգտագործելով բանաստեղծության «իր» բառերը այնպես, որ գուշակողը գլխի չընկնի։ Այն խաղացողը, ով առաջինն է ճիշտ հետքի գցում նրան, դառնում է հաջորդ գուշակողը։

Իմացական խաղերից առավել հայտնի են «Քաղաք գետի ափին» տիպի խաղերը։ 20-30 փոքրիկ քարտերի վրա գրում են որևէ գետի ափին գտնվող որևէ քաղաքի անուն։ Խաղացողներին տրվում է 5-6-ական քարտ, և յուրաքանչյուրը, դրանք հերթով դնելով սեղանին, ասում է, թե որ գետի ափին է գտնվում նշված քաղաքը։ Եթե պատասխանը ճիշտ է, ապա քարտը համարվում է «մարած», եթե սխալ է, ապա այն փոխարինվում է մեկ այլ քարտով։ Հաղթում է նա, ով առաջինն է պատասխանում իր բոլոր քարտերի հարցերին։ Թեման փոխելով կարելի է կազմել այս խաղի տարատեսակներ, օրինակ, «Մայրաքաղաքներ և պետություններ» (անվանել պետությունը, որի մայրաքաղաքը նշված է քարտում), «Տարեթվեր և իրադարձություններ» (ըստ տարեթվի նշել պատմական իրադարձությունները), «Մարդիկ և երկրներ» (անվանել երկիրը, որտեղ ծնվել և ապրել է նշված գիտնականը, կոմպոզիտորը, գրողը, նկարիչը) ևն։

«Բառեր և տառեր» խաղն ունի բազմաթիվ տարբերակներ։ Օրինակ, պայմանավորված ժամկետում գրել նշված տառով սկսվող որքան կարելի է շատ քաղաքների, կինոֆիլմերի, մասնագիտությունների, կենդանիների անվանումներ, գրողների, նկարիչների, գիտնականների, դերասանների ազգանուններ ևն։

Թվարկել որքան կարելի է շատ շրջուն ընթերցվող բառեր կամ բառակապակցություններ (օրինակ, պապ, տատ, քաղաք, կատակ)։

Որևէ բառի տառերով կազմել որքան կարելի է շատ այլ բառեր (օրինակ, մանուշակ՝ նուշ, մուկ, մանուկ, շուկա ևն)։ Այս խաղում հաղթում է նա, ով օգտագործել է բոլոր տառերը և ավելի շատ բառ է գրել, որոնք մյուսները չեն գրել։

Բառերի մեջ մեկական տառ փոխելով՝ ստանալ նոր բառեր։

Գտնել որևէ բառ և տառեր պակասեցնելով կամ ավելացնելով կազմել նոր բառեր։

Խաղեր. Վանդակներում շարել 4 սպիտակ և 4 սև խաղաքարեր, այնուհետև տեղափոխել հարևան ազատ վանդակը կամ անցկացնել մեկ զբաղված վանդակի վրայով։ Խաղի նպատակն է 24 քայլ կատարելով սև և սպիտակ խաղաքարերի տեղերը փոխել։ Սպիտակ խաղաքարերը տեղափոխել ձախից աջ, իսկ սևերը՝ աջից ձախ։

Քարկտիկ հինգ քարով։ Մասնակցում են երկու կամ ավելի խաղացող՝ անհատապես կամ ընկերովի։

Խաղի համար հարկավոր են հինգ, հնարավորին չափ կլոր քարեր։ Խաղալու հերթականությունը որոշելու համար երկու քար դնում են հատակին մեկը մյուսից մի քանի տասնյակ սմ հեռավորությամբ, ապա, վեր գցելով ձեռքի քարը, վերցնում հատակի երկու քարը և բռնում ցած ընկնող քարը։ Եթե այդ անում են բոլոր խաղացողները, ապա գետնի վրա եղած երկու քարերը ավելի են հեռացնում միմյանցից։

Առաջին խաղացողը հինգ քար նետում է հատակին, այնուհետև դրանցից մեկը վերցնելով (որն իրեն հարմար է) նետում է վեր ու վերցնում հատակին եղած քարերից մեկը և բռնում վեր նետած քարը։ Այսպես վարվում է մնացած երեք քարի հետ։ Սա առաջին խաղաձևն է և կոչվում է «մեկնակ»։

Այնուհետև առաջին խաղացողը նորից հավաքում է հինգ քարերը ու նորից նետում հատակին, վերցնում դրանցից մեկը և վեր նետելով հատակից վերցնում երկու քար ու բռնում ցած ընկնող քարը, ապա մյուս երկու քարն է վերցնում նույն կերպ («երկուսնուկ»)։

Խաղացողը հավաքելով բոլոր քարերը նորից նետում է հատակին և վերցնում իրեն հարմար քարը։ Իր ձեռքի քարը նետում է վեր, վերցնում հատակից մեկ քար, ապա բռնում վեր նետած քարը, այնուհետև նորից վեր է նետում այդ քարը և հավաքում հատակի վրա եղած երեք քարը միասին, ապա բռնում ցած ընկնող քարը («երեքնուկ»)։

«Չորսնուկը» խաղալու համար խաղացողը բոլոր քարերը հավաքում է ձեռքը և դրանցից մեկը նետում վեր։ Այդ ժամանակ նա իր ձեռքի չորս քարը պետք է դնի հատակին և բռնի ցած ընկնող քարը, որից հետո նույն քարը նորից նետում է վեր և այս անգամ վերցնում բոլոր չորս քարերը միասին։

Այնուհետև խաղում են «հինգնուկը»։ Դրա համար խաղացողը վերցնում է բոլոր քարերը աջ ձեռքի ափի մեջ և միասին նետում 10-15 սմ վեր, այն ձեռքը, որով նետել է, շրջում է ու աշխատում վեր նետած քարերը «որսալ» ձեռքի երեսով։ Որքան քար է մնում ձեռքին՝ խաղացողն այդքան միավոր է վաստակում։ Նախօրոք պայմանավորվում են, թե քանի միավոր է պետք հաղթելու համար։

Երբ առաջին խաղացողը վերը նկարագրված որևէ պայման չի կատարում, խաղի մեջ է մտնում մյուս խաղացողը։ Առաջին խաղացողը վերսկսում է խաղը, երբ հերթը նորից իրեն է հասնում, նա շարունակում է խաղը այն խաղաձևից, որից ընդհատել էր։

Ծանոթություն. 1. խաղացողները պայմանավորվում են, որ խաղալիս (քարը վերցնելիս) մնացած քարերը չպետք է շարժվեն, եթե շարժվեն, խաղի մեջ է մտնում մյուսը։ 2. Քարը վեր նետելիս և բռնելիս՝ հատակից վերցված մեկ, երկու կամ երեք քար չպետք է դիպչեն միմյանց և չխկան։ 3. Մի քար հատակից վերցնելու համար չի թույլատրվում երկու անգամ ձեռքի քարը վեր նետել և առանց հատակից քարը վերցնելու նորից բռնել վայր ընկնող քարը։

«Ով է ավելի ուժեղ»։ Երկու մրցակից արմունկները սեղանին հենած բռնում են միմյանց աջ ձեռքերը և ազդանշանից հետո աշխատում մեկը մյուսի բազուկը հպել սեղանին՝ արմունկները սեղանից չկտրելու պայմանով։ Հակառակորդին թուլացնելու նպատակով կարելի է դաստակը ուժեղ սեղմել։ Նույն կերպ կարելի է փորձել նաև մատների ուժը։

«Աթոռներով խաղ»։ Աթոռները դասավորում են շրջանաձև, մի աթոռն ազատ են թողնում։ Խաղի մասնակիցները, նստելով աթոռներին, տեղափոխվում են (շրջանագծով դեպի ձախ) մի աթոռից մյուսը։

Խաղավարը փորձում է զբաղեցնել ազատ աթոռը և, եթե դա նրան հաջողվում