Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգտագործում են հողի մշակման տարբեր մանր գործիքներ՝ փխրիչներ, մարկեղներ (նկ. 3), փոցխ-բահեր (նկ. 4), գոգաթիակներ և եղաններ, ինչպես նաև տնկող շարքացաններ (նկ. 5), ակոսիչներ, կարտոֆիլը հանելու կեռեր և ճանկեր։ Մատղաշ բույսերի և ծիլերի խնամքի գործում մեծ է ջրելու և անձրևացման միջոցների դերը (նկ. 6)։ Թողարկվում են 5-12 լ տարողությամբ բարակ թերթապողպատե, ինչպես նաև պլաստմասսայե ցնցուղներ։ Վերջիններս ավելի թեթև են և չեն ժանգոտվում։ Ամենահարմարը երկար քթով և օղակաձև բռնակով ցնցուղն է (նկ. 7)։ Ջրմուղային համակարգ ունեցող տնամերձ հողամասերում հարմար են ջրացայտիչները, որոնք օգտագործվում են ջրման տարբեր հարմարանքների՝ միակցիչ մասերի և փականների, հենակալների, ծայրապանակների համակցությամբ։

Կենտրոնացված ջրամատակարարում չունեցող այգեբանջարանոցային հողամասերում կարելի է օգտագործել պոմպեր։ Տարածված են կենտրոնախույս էլեկտրական, թրթռական պոմպերը, որոնց օգնությամբ կարելի է ջուրը մղել ջրհորից, հորատանցքերից, բաց ջրամբարներից և այլն։ Թրթռական պոմպերը կարող են ջուր արտամղել մեծ խորությունից (օրինակ, մինչև 40 մ խորության հորատանցքից), ոչ մեծ չափերի շնորհիվ հնարավոր է դրանք տեղադրել 100-120 մմ տրամագծով խողովակաշարում։ Հարմար են ձեռքի մխոցային պոմպերը՝ բարձր հուսալիության և կառուցվածքի պարզության շնորհիվ։ Դրանք թողարկում են խողովակների հավաքածուով և զտող ծայրապանակով։ Ձեռքի պոմպերի արտադրողականությունը բռնակի մեկ շարժման (վերև-ներքև) դեպքում 1 լ է, ներծծման խորությունը՝ մինչև 6 մ։

Այգու և բանջարանոցի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի քիմիական պատրաստուկների սրսկման, ծառերի բների, ինչպես նաև տնտեսական շենքերի սպիտակեցման համար թողարկվում են սրսկիչներ։ Դրանք լինում են ձեռքի և մեխանիկական շարժաբերով, հաճախ էլեկտրաշարժիչով (էլեկտրիֆիկացված սրսկիչներ)։ Ձեռքի շարժաբերով սրսկիչները լինում են թիկունքին կրելու, գետնադիր և ձեռքի։ Թունաքիմիկատների լուծույթը բաքից արտամղվում է սրսկիչի կամ պոմպով (հիդրավլիկ շարժաբեր), կամ խտացրած օդով (օդաճնշիչ շարժաբեր)։ Գետնադիր սրսկիչներն ունեն ավտոմոբիլային պոմպեր։ Հիդրավլիկ շարժաբերով գետնադիր սրսկիչները կոչվում են ջրցողիչներ։ Դրանք չունեն սեփական բաք, լուծույթը պատրաստվում է որևէ