Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարողության (օրինակ, դույլի) մեջ, ուր ընկղմում են պոմպի ներծծող փողրակը։ Ջրցողիչներն ունեն ձեռքի (նկ. 8) կամ ոտքի շարժաբեր։ Էլեկտրիֆիկացված սրսկիչներն աշխատում են դիաֆրագմավոր կամ թրթռական պոմպերով։

Տնային տնտեսությունում և տնամերձ հողամասում բեռնափոխադրման համար օգտագործում են տասնյակ տեսակի երկանիվ, միանիվ (հոպնակ) ձեռնասայլակներ (նկ. 9)։

Ա. գ. են նաև շարքացանը, ջրհորատ-բուսասնիչը, պտղահավաքիչը, սանդուղքը։ Շարքացանը դյուրացնում է բանջարային և խոտաբույսերի ցանքը։ Ջրհորատ-բուսասնիչով պարարտանյութերն անմիջապես մտցվում են ծառերի և թփերի արմատային գոտի։ Կան տարբեր կառուցվածքի պտղահավաքիչներ, որոնցով բերքը ծառի վերին մասերից հավաքվում է անվնաս։ Այգու սանդուղքներից ամենահարմարը ծալովի, ալյումինի թեթև համաձուլվածքից պատրաստված զուգասանդուղքն է։ Սիզամարգերի խնամքի համար կիրառվում են ձեռքի կամ էլեկտրական շարժաբերով գագոնահնձիչներ։ Կտրող ռոտորային սարքը պտույտն ստանում է ընթացանիվներից, դանակների բացվածքը 350-400 մմ է։ Էլեկտրագազոնահնձիչները խոտը կտրում են 30-60 մմ-ից ոչ բարձր։ Կտրված խոտը կամ աշնանը թափված տերևները հավաքվում են հովհարաձև փոցխերով (նկ. 12)։ Տնամերձ տնտեսությունում օգտագործվում են փոքր չափերի ջերմոցներ, որոնք հիմնականում ծածկվում են պոլիէթիլենային թաղանթով։ Թաղանթածածկով և քանդովի հիմնակմախքով ջերմոցները թողարկվում են 3-10 մ², ջեռուցվող ջերմոցները՝ 10-20 մ² մակերեսով։

Մեքենայացված Ա. գ.։ Գյուղատնտեսական աշխատանքների փոքր մեքենայացման տարածված միջոցներից է երկանիվ տրակտորը (մոտոբլոկ), որը բռնակներով ղեկավարում է մեքենայի հետևից գնացող բանվորը։ Մոտոբլոկի ուժային մասը կազմված է քառատակտ բենզինային շարժիչից, երկու ընթացանիվից և շարժիչից անիվներին մեխանիկական էներգիա փոխանցող փոխհաղորդակից։

Մոտոբլոկներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների համալիր մեքենայացումը 0,5-5 հա հողակտորներում։ Ավելի փոքր չափերի հողամասերում մոտոբլոկների օգտագործումը տնտեսապես ձեռնտու չէ։ Տնամերձ հողամասերի համար թողարկվում են ավելի փոքր չափերի մասնագիտացված մեքենայացման միջոցներ՝ փխրիչ, հնձիչ, բուկլցիչ և այլն։

ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍ, այգեգործական ոչ ընդարձակ հողամասի (400-800 մ²) հատակագծման ու բարեկարգման համար պահանջվում են մանրամասն մշակումներ։ Հողամասում այգետնակ, տնտեսական շինություններ, ավտոտնակ (կամ ծածկ) կառուցելիս, այգի, բանջարանոց, ջերմոց ստեղծելիս, զարդարիկ բույսեր տնկելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրանց մոտենալու հարմարությունը և լավագույն դասավորությունը։ Ա. հ-ի նախագծման և բարեկարգման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված գլխավոր հատակագծին և այգեգործական ընկերության կանոնադրության պահանջներին համապատասխան։